Նորություններ

Պաշտոնական

ՄԱԿ-ի քարոզարշավին միացան Սյունիքի քաղաքները

15:08 / 13.12.2013

Դեկտեմբերի 12-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ Սյունիքի մարզի 6 քաղաքների սեյսմիկ ռիսկի գնահատման ծրագրի ներկայացումը:

Ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Սյունիքի մարզպետարանի, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի, Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական ինստիտուտի, ԵԱՀԿ Սյունիքի տարածաշրջանային գրասենյակի և Շուկաներ Մեղրու համար ծրագրի համատեղ ջանքերով ջանքերով, տևելու է 2014 թ. հունվարից մինչև դեկտեմբեր ամիսները: Ծրագրի արդյունքում գնահատվելու են երկրաշարժի տարբեր սցենարների դեպքում Սյունիքի մարզի քաղաքների սեյսմակայունությունը, հնարավոր խնդիրները և աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները:

Միջոցառմանը մասնակցում էին Սյունիքի մարզի քաղաքապետերը, մարզային փրկարարական ծառայության պետ, փ/ծ գնդապետ Արթուր Հարությունյանը, Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ստեփան Բաղդասարյանը:

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի անունից ողջույնի խոսքով հանդես գալով` ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը մասնավորապես նշեց.
- Այս ծրագիրը հնարավորություն կտա գնահատել երկրաշարժի նկատմամբ Սյունիքի մարզի քաղաքների աղետակայունության մակարդակը, ինչը հիմք կհանդիսանա առկա խնդիրները գնահատելու, աղետների ռիսկերի կանխմանն ուղղված համալիր քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար:

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցեց մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը: Վերջինս կարևորեց նման աննախադեպ միջոցառման իրականացումը Սյունիքի մարզում:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Աղետների ռիսկերի նվազեցման հարցերով խորհրդական Ա. Չիլինգարյանը ներկայացրեց Սյունիքի մարզի քաղաքների սեյսմիկ ռիսկի գնահատման ծրագիրը:

Միջոցառման ավարտին Սյունիքի մարզի քաղաքապետերը ստորագրեցին Դարձնենք քաղաքներն աղետակայուն. իմ քաղաքը պատրաստվում է գլոբալ քարոզարշավին միանալու հավաստագրեր:
            

← Վերադառնալ ցուցակին