Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հարցազրույցը` Հայկական երկրորդ հեռուստաալիքի "Խոսքի իրավունք" հաղորդաշարին 2013թ. դեկտեմբերի 30-ին (սղագրություն)

00:00 / 31.12.2013

-Պրն Գեւորգյան, արդեն ավանդույթ են դարձել մեզ հետ տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցները: Փորձենք գնահատել անցնող տարում կատարված աշխատանքները, առաջընթացներն ու բացթողումները, անդրադառնանք նաեւ գալիք տարվա ծրագրերին:

-Իրոք, լավ ավանդույթ է դարձել տարին միասին ամփոփելը, եւ այդ իմաստով կարող եմ ասել, որ 2013 թվականը բավականին ծանրաբեռնված, բավականին հագեցած տարի էր: Այն, ինչ մենք նախատեսել էինք, առնվազն գոնե տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում իրականացվելիք աշխատանքների առումով, կարելի է արդեն այսօր արձանագրել, որ նախատեսված բոլոր աշխատանքներն ու միջոցառումները կատարվել են:

-Սկսենք միջազգային համագործակցությունից. 2013թ-ին Հայաստանը նախագահում էր Եվրախորհրդում, եւ այդ շրջանակում միջոցառումների մի խումբ նվիրված էր նաեւ Ձեր ոլորտին` տեղական ժողովրդավարության խնդիրներին: Նախ` արդյոք սա պարտադիր, այսպես ասած` արարողակարգային օրակարգ չէ նախագահող բոլոր երկրների համար, եւ երկրորդ` ի՞նչ կոնկրետ նշանակություն եւ արդյունքներ ունեցան այդ միջոցառումները մեզ համար, կոնկրետ ՏԻ համակարգի համար:

-Այս տարվա առանձնահատկություններից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը նախագահելով Եվրոպայի խորհրդում` որպես առաջնահերթություն նաեւ առանձնացրել էր տեղական ժողովրդավարության հետ կապված հիմնախնդիրները: Սկսեմ նրանից` արդյոք դա արարողակարգային էր, թե ոչ. ոչ, նմանատիպ արարողակարգային կամ ֆորմալ պահանջ չկա: Յուրաքանչյուր պետություն ինքն է ընտրում իր նախագահության առաջնահերթությունները եւ ձեւավորում աշխատանքի օրակարգը: Այս իմաստով կարող եք տարբեր երկրների օրակարգերում տարբեր խնդիրներ տեսնել որպես առաջնահերթություն, եւ Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով մեր վերջին 15 տարիների փորձը, գտավ, որ ԵԽ նախագահության շրջանակում այլ երկրների հետ համագործակցության կոնտեքստում կարող են օգտակար լինել նաեւ տեղական ժողովրդավարության հիմնախնդիրների մասով քննարկումները: Մենք շատ հստակ օրակարգ ձեւավորեցինք այդ թեմայի շուրջ, մի քանի միջոցառումներ իրականացվեցին, որոնցից երկու հիմնականները տեղի ունեցան այստեղ` Երեւանում. մեկը` մասնակցային ժողովրդավարության խնդիրներին նվիրված համաժողովը, որը տեղի ունեցավ հունիսին, եւ երկրորդը, որն առաջին անգամ էր անցկացվում նաեւ Եվրոպայի խորհրդի շրջանակներում, մենք փորձեցիք մեկտեղ հավաքել ԵԽ մայրաքաղաքների ներկայացուցիչներին`քննարկելու մեգապոլիսների զարգացման հիմնախնդիրները: Այս երկու միջոցառումների շրջանակներում բավականին հետաքրքիր եւ բովանդակալից ինչպես քննարկումներ, այնպես էլ հանդիպումներ ունեցանք: Ուզում եմ նաեւ ասել, որ առաջին խորհրդաժողովին նախորդեց նաեւ ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստը: Աշխատանքներն ամփոփվեցին հոկտեմբերի վերջին Ստրասբուրգում, Կոնգրեսի լիագումար նիստում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացրեց նաեւ նախագահության ընթացքում կատարված աշխատանքները:

Կարող եմ ասել, որ աշխատանքները հատկապես մասնագիտական հանրության համար մեծ արժեք ունեն: Որովհետեւ այդ քննարկումների եւ ուսումնասիրությունների արդյունքներով ընդունված թեզերը, ձեւավորված մոտեցումները դառնում են որպես ուղենիշային` ազգային օրենսդրությունները բարեփոխելու եւ կատարելագործելու համար: Այս իմաստով կարելի է ասել, որ հատկապես մասնակցային ժողովրդավարության հիմնախնդիրներն այսօր դարձել են խիստ օրակարգային ԵԽ անդամ երկրների համար: Եւ այդ իմաստով բավականին արդիական էր թեման ու կատարված աշխատանքները:

- ԵԽ կոնգրեսի համազեկուցողները նոյեմբերին Հայաստանում էին եւ պատրաստելու են զեկույց` մեր երկրում տեղական ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ: Կներկայացնե՞ք այդ զեկույցի նշանակությունը, ի՞նչ հետեւանքներ է դա ունենում երկրի համար, քանի որ մեզ ավելի շատ հայտնի է, որ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողներն են նմանատիպ զեկույցներ պատրաստում:

-Այո, մեր հանրությունն ավելի շատ ծանոթ է վերջին զեկույցին, որը նշեցիք: Բայց այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա նոյեմբերին, պարտադիր ընթացակարգ է, որը իրականացվում է ԵԽ անդամ բոլոր երկրների նկատմամբ: Այսինքն, այդ զեկույցի պատրաստումով ԵԽ-ն ուսումնասիրություն է իրականացնում, թե ինչպես են անդամ երկրում պահպանվում եւ իրականացվում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթները: Նմանատիպ զեկույցներ սովորաբար պատրաստվում են հինգ տարին մեկ անգամ` յուրաքանչյուր անդամ երկրի մասով, եւ դրանք բավականին հետաքրքիր եւ օգտակար են այն իմաստով, որ ինչ-որ տեղ փորձում են հայացք դառնալ դրսից` կոնկրետ երկրում տեղական ժողովրդավարության իրավիճակի, հնարավոր խնդիրների, ապագա զարգացումների մասով: Հայաստանի մասով նմանատիպ վերջին զեկույցը հրապարակվել էր դեռեւս տասը տարի առաջ` 2003թ-ին, եւ այդ հրապարկված զեկույցի արդյունքներով էր նաեւ, որ ՀՀ օրենսդրությունը, տեղական ինքնակառավարման, տեղական ժողովրդավարության մասով բարեփոխվեց, եւ որոշ հիմնախնդիրներ նաեւ արտացոլվեցին Սահմանադրության մեջ` 2005թ-ին: Այդ իմաստով, կարծում եմ, բացառություն չի լինի նաեւ այս զեկույցը, որը մի կողմից արձանագրելու է այն առաջընթացը, որը տեղի է ունեցել ինչպես մեր օրենսդրության ոլորտում, այնպես էլ իրական կյանքում` տեղական ժողովրդավարության մասով` սկսած 2003թ-ից, եւ նախանշել է այն անելիքները, որ մեր գործընկերները նպատակահարմար կգտնեն Հայաստանի կառավարության եւ իշխանությունների համար:

Մենք սպասում ենք, որ զեկույցը կքննարկվի հաջորդ տարվա գարնանը, եւ միգուցե այն օգտակար կլինի նաեւ ( եթե նոր սկզբունքային եւ կոնցեպտուալ գաղափարներ արտացոլվեն) արդեն նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների գործընթացի համար: Շատ երկրների մոտ աշխատանքի այս ձեւաչափի նկատմամբ նաեւ վերապահում է սկսել ձեւավորվել. նոյեմբերին Կոնգրեսում կայացած քննարկումների արդյունքում մենք արձանագրեցինք մի հանգամանք, որ սա ոչ թե ստուգում է, ոչ թե ինսպեկցիա է, այլ ընդամենը գործընկերային երկխոսություն` կազմակերպության եւ անդամ պետության միջեւ, օգնելու նաեւ այդ անդամ պետությանը` բացահայտելու խնդիրները կամ հարցերը` ապագայում միասին լուծելու կամ միասին աշխատելու համար: Այս իմաստով կուզենայի նշել, որ մենք ԵԽ-ի հետ համատեղ աշխատանքների բավականին հետաքրքիր օրակարգ ունենք ձեւավորված ` 2013-15թթ. համար, եւ կարծում եմ, փոխադարձ օգտակար եւ հետաքրքիր աշխատանքներ են լինելու:

-Քանի որ խոսեցինք Կոնգրեսի հետ համագործակցության մասին, անդրադառնանք նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին, որով, փաստորեն, ավարտվեց ՏԻՄ ընտրությունների մեծ փուլը: Տարբեր գնահատականներ հնչեցին, ԵԽ կոնգրեսի դիտորդական առաքելության կողմից դրանք ընդհանուր առմամբ համարվեցին միջազգային չափանիշներին համապատասխանող: Բայց արդյո՞ք կարող ենք արձանագրել, որ ամեն ինչ շատ լավ է, եւ անելիքներ այս ոլորտում այլեւս չկան` հատկապես որ մասնակից ընդդիմադիր ուժերի կողմից գործընթացի վերաբերյալ քննադատություն էր հնչում:

-Իրոք, այս տարվա մայիսին Երեւանի ավագանու ընտրություններով ավարտվեց ՏԻՄ ընտրությունների մեծ փուլը: Տեղյակ եք, որ անցյալ տարի սեպտեմբերին մոտ 650 համայնքներում տեղի ունեցան ավագանու եւ համայնքի ղեկավարի ընտրություններ եւ, ըստ էության, ավարտվեց այդ փուլը: Երկու ընտրությունների ժամանակ էլ` եւ անցած տարի սեպտեմբերին, եւ այս տարի մայիսին ԵԽ Կոնգրեսից դիտորդական առաքելություն էր մասնակցում: Մեր գործընկերները բավականին մանրակրկիտ ուսումնասիրել են ինչպես բուն քվեարկությանը նախորդած գործընթացները, այնպես էլ քվեարկության օրը հետեւել են գործընթացին տեղամասերում: Բավականին հետաքրքիր քննարկումներ ենք ունեցել նրանց հետ` նրանց դիտարկումների, նկատառումների առումով: Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ, տեղի ունեցած գործընթացները բավականին դրական են գնահատվել, բայց միեւնույն ժամանակ հնչել են որոշ առաջարկություններ, նկատառումներ, որոնք, կարծում եմ, կարեւոր են ոչ միայն իշխանությունների, այլեւ լայն հանրության համար: Մասնավորապես, հիմնական խնդիրը, որ բարձրացնում էին ԵԽ դիտորդական առաքելության ներկայացուցիչները, քաղաքական մրցակցության ոչ բավարար մակարդակն էր այդ տեղական ընտրությունների ժամանակ: Այսինքն, իրենք եւս արձանագրում են քաղաքական կուսակցությունների պասիվությունը հատկապես այն ընտրություններին, որոնք Երեւանից դուրս էին: Եւ այդ իմաստով, կարծում եմ, մենք իրոք դեռ շատ աշխատանք ունենք անելու` ընտրությունների նկատմամբ հասարակության եւ հետաքրքրությունը, եւ ուշադրությունը, եւ վստահությունը բարձրացնելու առումով:

Երեւանի ընտրություններն այդ առումով փոքր-ինչ տարբերվում էին մնացած ՏԻՄ-երի ընտրություններից, քանի որ հիմնական բոլոր քաղաքական ուժերը մասնակցել են այդ ընտրություններին, եւ այսօր երեք խմբակցություն կա, որոնցից մեկը` բացահայտ որպես ընդդիմադիր է դրսեւորվում: Կարծում եմ, նման հարաբերակցությունը օգտակար է միայն այն իմաստով, որ յուրաքանչյուր ընդդիմության ներկայությունը հնարավորություն է տալիս խնդիրներին ավելի համապարփակ նայել, ավելի խորն ուսումնասիրել:

ԵԽ մեր գործընկերները այլ նկատառումներ էլ են արձանագրել, որոնք արտացոլված են իրենց վերջնական զեկույցում, որն ընդունվեց այս տարվա հոկտեմբերի վերջին` ԵԽ Կոնգրեսի լիագումար նիստում: Դրանք ավելի շատ տեխնիկական բնույթի են, բայց նաեւ բուռն քննարկման առարկա են եղել այստեղ, երբ մենք Ընտրական օրենսգիրքն էինք բարեփոխում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է տեսանկարահանումներին, մարդկանց ներկայությանը տեղամասերում: Այսինքն, անգամ մեր գործընկերները գտնում են, որ այսօրվա լուծումները, ըստ էության, համարժեք չեն տեղամասերում ավելի կազմակերպված , ավելի վստահելի, այսպես ասենք, գործընթացներ կազմակերպելու առումով: Կարծում եմ, որ առաջիկայում, երբ հնարավորություն կունենանք անդրադառնալու մեր Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, անպայման հաշվի կառնենք նաեւ այս հանգամանքը:

- Մեր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էիք, որ վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքում փոխվել է համայնքապետերի մոտ 20 տոկոսը: Որքանո՞վ է, ըստ Ձեզ, նոր համայնքապետերին հաջողվում իրականացնել իրենց առջեւ դրված խնդիրները:

-Հետաքրքիր հարցադրում է: Իրոք, անցած տարվա ընտրությունների արդյունքներով, այն համայնքները, որտեղ անցկացվեցին հատկապես համայնքի ղեկավարի ընտրություններ, ղեկավարների մոտ 20 տոկոսը, իրոք, փոխվել են:Արդեն մեկ տարի եւ քիչ ավելի ժամանակահատված է անցել, եւ կարելի է ասել, որ էական խնդիրներ այդ համայնքներում չեն արձանագրվել: Համայնքի ղեկավարները կարողացել են, այնուամենայնիվ, անմիջապես ներգրավվել աշխատանքների մեջ, ծանոթանալ համայնքներում տիրող իրավիճակին եւ բավականին ակտիվ աշխատում են: Ես եւ նախարարության իմ գործընկերները պարբերական շփումների մեջ ենք. այցելություններ, հանդիպումներ, խորհրդակցություններ են անցկացվում, որոնք թույլ են տալիս ասելու, որ, այո, այսօր արդեն համայնքների նորընտիր ղեկավարները կարողացել են մտնել աշխատանքային հունի մեջ: Միեւնույն ժամանակ` կան արդեն համայնքներ, որտեղ որոշակի, այսպես ասենք, ազատ ժողովրդավարության դրսեւորումներ են տեղի ունենում, նորընտիր համայնքի ղեկավարը եւ նորընտիր ավագանին փորձում են համատեղ աշխատելու ընդհանուր եզրեր գտնել, որը շատ դեպքերում դժվարությամբ է հաջողվում: Բայց դա նույնպես այն գրավականն է, որը թույլ է տալիս, այնուամենայնիվ, համայնքի համար ընդունել ամենալավագույն որոշումը կամ ամենակարեւոր խնդիրը դարձնել օրակարգային:

Պետք է նշեմ, օրինակ` այդ խոշոր համայնքներից Գյումրիում է համայնքի ղեկավարը փոխվել, եւ հատկապես, Գյումրին այս տարի բավականին մեծ ուշադրության կենտրոնում էր: Գիտեք երեւի, որ ամեն ինչից զատ`նաեւ Գյումրին այս տարի «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» էր հռչակվել, եւ կարող եմ ասել, որ քաղաքային իշխանություններին, ինչպես նաեւ մարզային իշխանություններին համատեղ ջանքերով հաջողվեց բոլոր նախատեսված, նախանշված միջոցառումները բարձր մակարդակով իրականացնել: Ըստ էության, այն, ինչ մենք ուզում էինք որպես արդյունք ունենալ` ունեցանք: Իհարկե, կարելի է ասել, որ դա բավարար չէ, անգամ Գյումրիի համար, անգամ այլ համայնքների համար, բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ նոր համայնքի ղեկավար ունեինք Գյումրիում, ինչպես նաեւ նոր մարզպետ`Շիրակի մարզում, բոլորիս համատեղ ջանքերով կարծես թե հաջողվեց նախանշված միջոցառումները իրականացնել:

Ես հուսով եմ, որ այդ աշխատանքային տրամադրությունը` համայնքի խնդիրներով, ամենօրյա հոգսերով անմիջականորեն,ամենօրյա ռեժիմով զբաղվելը կշարունակի գերիշխել մեր համայնքների նորընտիր ղեկավարների մոտ նաեւ առաջիկա 3 տարիների ընթացքում:

- Վերադառնալով միջազգային համագործակցության թեմային` կցանկանայի խոսեինք նաեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունից, որին, հատկապես վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում, եւ անգամ որոշ երկրների, օրինակ` Ռուսաստանի, Ֆրանսիայի հետ այն ավելի համակարգված բնույթ է ստանում: Այս տարի ի՞նչ ձեռքբերումներ են գրանցվել այդ ասպարեզում, ի՞նչ նոր կապեր են հաստատվել, ի՞նչ նշանակություն են ունենալու դրանք մարզերի բնակիչների համար:

-Մեր համայնքների եւ մարզերի համագործակցությունը իրենց արտերկրի գործըկերների հետ միշտ առաջնահերթություն է եղել մեզ համար: Այդ իմաստով 2013 թ-ը նույնպես առանձնահատուկ էր, որովհետեւ այս տարի հոկտեմբերին անցկացվեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 2-րդ խորհրդաժողովը, որի մասին առիթ ունեցել ենք խոսելու: Այս տարի Հայաստանում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած հայ-ռուսական միջտարածաշրջանային 3-րդ համաժողովը, որը նաեւ առանձնահատուկ էր նրանով, որ խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էին ՀՀ Նախագահը եւ ՌԴ Նախագահը: Ես կարծում եմ, որ արդեն իսկ ձեւավորված այս ավանդույթները մենք անպայման շարունակելու ենք, որովհետեւ դրանք բավականին օգտակար են եւ հետաքրքիր:

Այս տարվա երկու խորհրդաժողովներին էլ առիթ ունեցել եմ անմիջականորեն մասնակցելու եւ մեկ առանձնահատկություն կարող եմ նշել, որը հետաքրքիր է ու որը, ըստ էության, նաեւ փոխլրացնող է մեկը մյուսին: Օրինակ, հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունն ավելի շատ կենտրոնանում է տեղական խնդիրների, տեղական ենթակառուցվածքների (տեղական ասելով` նկատի ունեմ կոնկրետ համայնքի մակարդակով ) ինչ-որ հարցերի եւ ինչ-որ առաջնահերթությունների լուծման վրա: Այս իմաստով Ֆրանսիայի մեր գործընկերները բավականին օգտակար են լինում կոնկրետ համայնքներում ենթակառուցվածքների, կոնկրետ ծրագրերի իրականացման առումով: Եւ դա արդեն բարի ավանդույթ է դարձել, եւ համոզված եմ, որ իր շարունակությունն է ունենալու:

Ռուսաստանի Դաշնության հետ այդ համագործակցությունն ավելի շատ կենտրոնանում է տնտեսական ակտիվության խրախուսման հիմնախնդիրների վրա, նկատի ունեմ հետեւյալը՝ նախ Ռուսաստանի համապատասխան տարածաշրջաններ մեր մարզերում արտադրված ապրանքի արտահանման հնարավորությունները եւ երկրորդ` Ռուսաստանի համապատասխան տարածաշրջաններից մեր մարզերում ներդրումներ իրականացնելու ներգրավման հնարավորությունները: Այսինքն, այս երկու գործընթացներն, ըստ էության, տարբերվում են իրարից, բայց փոխլրացնելով` ծառայում են մեր մարզերում եւ մեր համայնքներում առկա հիմնախնդիրների լուծմանը:

Բացի ամեն ինչից` ամենակարեւորը, կարծում եմ, նաեւ շփումներն են, երբ մեր համայնքների, մարզերի ղեկավարները շփվում են արտերկրի իրենց գործընկերների հետ: Դա նաեւ, ամեն ինչից զատ, բավականին հետաքրքիր է գիտելիքների, փորձի տեսանելիությունն ապահովելու առումով: Ես համոզված եմ, գոնե ինձ տեսանելի է, որ այն համայնքների ղեկավարները, որոնք սերտ համագործակցություն ունեն, օրինակ, ֆրանսիացի իրենց գործընկերների հետ, միշտ բավականին հետաքրքիր նախաձեռնություններով կամ գաղափարներով են հանդես գալիս, որը, կարծում եմ, անուղղակիորեն նաեւ կապված է կամ հանդիսանում է այդ համագործակցության արդյունքը:

Մենք տրամադրված ենք` ե’ւ կառավարությունում, ե’ւ նախարարությունում խրախուսելու այդ համագործակցությունը, ընդլայնելու երկրների ցանկը, որտեղ կարող ենք այդ համագործակցությունը տարածել:

-Պրն Գեւորգյան, տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին շատ է խոսվում: Դրանք այն համակարգերը, այն կառույցներն են, որոնք ավելի մոտ են բնակչությանը, եւ երբեմն հենց նրանց միջոցով էլ բնակչությունը պատկերացում է կազմում պետության մասին: Ի՞նչ քայլեր կարող եք նշել, որոնք տարվա ընթացքում արվել են այդ ուղղությամբ, եւ ինչ հեռանկարային ծրագրեր կան այդ ոլորտում: Արդյոք վարչատարածքային բարեփոխումները, որոնց մասին խոսվում է, կարող են լուծել այդ խնդիրները:

-Գիտեք, կյանքը ցույց է տալիս, որ անընդհատ կատարելագործման անհրաժեշտություն կա: Եւ հատկապես, տեղական ինքնակառավարման մարմիններում, որովհետեւ ի տարբերություն շատ այլ մեր գործընկեր երկրների, Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգն ընդամենը 17 տարեկան է:Այս իմաստով, ես կարծում եմ, մենք դեռեւս առնվազն մի 10 տարի էլ ունենք շտկելու, կատարելագործելու:

2013 թվականը, կարող եմ ասել, որ նույնպես արձանագրեց մի քանի նորություններ կամ ձեռքբերումներ այս աշխատանքների իմաստով:

Նախ, այս տարի մենք Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից երեւի առաջիններից ենք, ով ազգային օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարեց մասնակցային ժողովրդավարության սկզբունքներն ապահովելու համար: Իրականության մեջ սա հնարավորություն է մեր բնակչությանն առավել ակտիվ մասնակից դարձնել իրենց իսկ համայնքների խնդիրների լուծմանը:

Չգիտեմ, արդյոք շատերն են ծանոթացել այդ փոփոխված օրենսդրությանը, թե ոչ, բայց նշեմ հետեւյալը: Այսօր արդեն գործող օրենսդրությամբ մենք համայնքի բնակիչներին, ընտրողներին հնարավորություն ենք տալիս, որպեսզի գրանցված բնակիչների 4 տոկոսի ցանկությամբ, համապատասխան մեխանիզմի ապահովման միջոցով, համայնքի ավագանու քննարկման առարկա դարձնել ցանկացած հարց, որն այդ 4 տոկոսը գտնում է կարեւոր կամ առաջնահերթ համայնքի համար:Մենք օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավորություն ենք տվել դեռ քվեարկության իրավունք չունեցող, բայց 16 տարին լրացած երիտասարդներին մասնակից դառնալ իրենց իսկ համայնքի կյանքին՝ բարձրաձայնելով իրենց հուզող խնդիրները, դարձնելով այդ խնդիրները համայնքի համապատասխան մարմինների քննարկման առարկա:

Ինչ վերաբերում է վարչատարածքային բարեփոխումներին, ամեն դեպքում ես բազմաթիվ առիթներ ունեցել եմ անդրադառնալու այդ խնդրին: Մեկ անգամ եւս կուզենայի նշել, որ դա ինքնանպատակ չէ: Մենք այս վարչատարածքային բարեփոխումները կամ այլ կերպ ձեւակերպված` համայնքների խոշորացումը, դիտում ենք այսօրվա տեղական ինքնակառավարման համակարգի օպտիմալ մոդել ունենալու հիմնական գործիքներից մեկը: Մենք զգում ենք արդեն, որ այն ռեսուրսները, որ այսօր կուտակում ենք կամ ներգրավում ենք տեղական ինքնակառավարման համակարգը զարգացնելու համար, ըստ էության, մեծ էֆեկտներ չեն տալիս, որովհետեւ դրանք բաշխվում են 915 համայնքների միջեւ եւ ծառայում են շատ փոքր, իսկ շատ դեպքերում` նաեւ մեկ նպատակի՝ համապատասխան համայնքի աշխատակազմի պահպանման ծախսերը հոգալուն, զուտ միայն աշխատավարձ տալու խնդիր է լուծում: Բայց հիմնական խնդիրը նաեւ դա չէ: Հիմնական խնդիրը նաեւ այն է, որ վարչատարածքային բարեփոխումները պետք է հնարավորություն ստեղծեն իշխանության հետագա ապակենտրոնացման համար, որը կարեւորում են մեր բոլոր գործընկերները նաեւ Եվրոպայի խորհրդից կամ այլ միջազգային կազնակերպություններից, ում հետ մենք այսօր ինտենսիվ աշխատում ենք:

Կարող եմ ասել, որ այսօր մեր օրակարգում, կառավարության օրակարգում այդ բարեփոխումների իրականացման առումով կա երկու մոտեցում ՝առաջինը՝ դա փնջային խոշորացումն է, երկրորդը՝ ընտրված նախկին սովետական շրջանների մոդելավորման տարբերակը: Հիմա այդ երկու տարբերակներն էլ քննարկվում են, կան համապատասխան ուսումնասիրություներ եւ հետազոտություններ` ե’ւ բացասական, ե’ւ դրական կողմերի առումով: Հուսով եմ, որ հունվար-փետրվար ամիսներին մենք նաեւ հնարավորություն կունենանք երկրորդ տարբերակը՝ այսպես կոչված նախկին շրջանների մոդելավորման տարբերակը, նույնպես ներկայացնել հանրությանը, քանի որ առաջին տարբերակը դեռեւս 2010-11 թթ. կառավարության հապատասխան որոշումներով հաստատված փաստաթղթերում արդեն արտացոլված է եւ բազմիցս քննարկվել է: Վերջին անգամ այն քննարկվել է այս տարի Ջերմուկում կայացած Գյուղական համայնքների համաժողովի ժամանակ:

Ես, այո, կարեւորում եմ եւ կարծում եմ, որ գալիք տարիներին Կառավարության օրակարգի հիմնական խնդիրներից մեկը տեղական համակարգի զարգացման առումով լինելու են այս վարչատարածքային բարեփոխումները:

- Պրն Գեւորգյան, մեզ հետ նախկին հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էիք, որ 2007թ. համեմատ 2013թ. գրեթե կրկնակի ավելացել են ինչպես համայնքների սեփական եկամուտները, այնպես էլ պետության կողմից համայնքներին հատկացվող դոտացիաների ծավալները: Այս ամենը, ավելացվող այս գումարները, ինչ կոնկրետ դրական ազդեցություն են ունեցել համայնքների համար, ինչ պետք է, ըստ Ձեզ, արվի, որպեսզի բնակչությունը իր վրա զգա այդ ավելացումների հետեւանքները:

-Գիտեք, այն գումարները կամ ծախսերը, որոնք Դուք նշում եք, դրանք այն ծախսային ուղղություններն են, որոնք քաղաքացին անմիջական իր եկամուտների մեջ, իհարկե, չի զգում: Բայց դրանք այն ծախսերն են, որոնք քաղաքացին պետք է զգա իր առօրյայում, իր կենցաղից դուրս, երբ նա արդեն սկսում է առնչվել համայնքին:

Դեռեւս տարին չի ավարտվել, բայց կարելի է ամփոփել, որ մենք բավականին բարձր կատարողական ցուցանիշներով կփակենք նաեւ 2013 թ., ինչը թույլ է տալիս արձանագրելու, որ 2008 թ-ի հունվարի 1-ի դրությամբ արձանագրված սեփական եկամուտների ծավալը գրեթե կրկնապատկվելու է այս տարի:Այսիքն, եթե մենք 2008 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել ենք մոտ 16.5 մլրդ դրամ սեփական եկամուտներ, այս տարի մենք կունենանք մոտ 31- 32 մլրդ դրամ: Երբ կամփոփվեն հունվարի կեսերին, մենք այդ թվերը վերջնական կներկայացնենք:

Մյուս կողմից, իրոք, այդ նույն ժամանակահատվածի համեմատության մեջ երեւում է, որ պետության կողմից համայնքներին տրամադրված դոտացիաների թիվը նույպես կրկնապատկվել է: Այստեղ հստակ կարող եմ ասել, որ կրկնապատկվել է, որովհետեւ եթե 2007-ին տրամադրված է եղել 17 մլրդ դրամ, ապա այս տարի արդեն տրամադրվածը 36.2 մլրդ է եղել, հաջորդ տարվա համար նախատեսվածը 39 մլրդ դրամ է:

Ինչպես կարող են մեր քաղաքացիներն այս գումարների ավելացումն զգալ իրենց վրա: Առաջին հերթին` այն ծառայությունների ե’ւ ծավալով, ե’ւ որակով, որոնք պարտավոր են տրամադրել համայնքի բնակիչներին տեղական ինքնակառավարման մարմինները՝սկսած նախակրթական հաստատությունների առկայությունից:Իսկ այս տարիների ընթացքում դրանց թիվը միայն ավելացել է: Եթե ես չեմ սխալվում , մենք ունեցել ենք մոտ 454 մանկապարտեզներ 2008 թ-ին, որոնց թիվն այս տարիների ընթացքում ավելացել է 40-ով: Բացի դրանից` այս տարիների ընթացքում Կրթության եւ գիտության նախարարության եւ համայնքների համատեղ աշխատանքով ստեղծվել են այսպես կոչված նախակրթարաններ 5-6 տարեկան երեխաների համար, որոնք նախապատրաստում են մուտքը դեպի հիմնական դպրոց:

Ես կարծում եմ, որ շատ բնակիչներ այդ փոփոխությունները պետք է զգային համայնքների կյանքում համապատասխան ծառայությունների ավելացմամբ, օրինակ, աղբահանության մասով: Նույնպես հարյուրավոր նոր համայնքներ են այս տարիների ընթացքում սկսել այս ծառայությունը մատուցել: Եթե չէին մատուցում ասենք մինչեւ 2008 թ-ը, ապա վերջին 5 տարիներին, եթե չեմ սխալվում, 150-ով ավելացել է այդ համայնքների թիվը:

Ես կարծում եմ, որ այդ գումարների առկայությունը պետք է զգացվեր նաեւ համայնքներում ներհամայնքայիւն ճանապարհների լուսավորության ի հայտ գալով, համայնքային ճանապարհների բարեկարգմամբ, ինչպես նաեւ այն համայնքներում, որտեղ համապատասխան ենթակառուցվածքները համայնքներն են տնօրինում, օրինակ` ոռոգման կամ խմելու ջրի, այդ համակարգերի աշխատանքով,մասնավորապես` ներդրումների ներգրավմամբ: Այս բոլոր ցուցանիշները տեղադրված են նախարության կայքում եւ նաեւ հանրությունը կարող է ծանոթանալ:

Երկրորդ ուղղությունը, որտեղ այդ գումարների էական ավելացումը պետք է զգացվեր, դրանք այն ծրագրերն են, որտեղ համայնքները մասնակցել են որպես համաֆինանսավորող:

Ամփոփումը ցույց է տալիս, որն 2008-2013 թթ-ի ընթացքում`այս 5 տարիներին, տարբեր ծրագրերով՝ Սոցիալական ներդրումների հիմնադրամ, ԻՖԱԴ, Գյուղական տարածքների զարգացման, Հազարամյակի մարտահրավերով, որն իրականացվեց մի քանի տարի առաջ, այս բոլոր ծրագրերի շրջանակում համայնքները մասնակցել են մոտ 4.5 մլրդ դրամի չափով որպես համաֆինասավորողներ: Մոտ 40-45 մլրդ դրամի ծրագրեր են  իրականացվել տարբեր համայնքներում, որի 10 տոկոսը համայնքներն են ֆինանսավորել, որպեսզի այդ ծրագրերն իրականություն դառնան:

Եւ երրորդ ուղղությունը, որ կնշեի, դա այն է, որ այդ նույն գումարների հաշվին հաջողվեց փակել մինչեւ 2008 թվականը կուտակված գրեթե 2,3 մլրդ-ի հասնող աշխատավարձի պարտքերը`բացի փակելը, այլեւս չկուտակել նորերը: Այսինքն, բացառվեց այդ պրակտիկան, որ համայնքային հիմնարկներում մարդիկ կարող է աշխատեին եւ աշխատավարձեր չստանային եւ երկրորդ` վերադարձվեցին այն պարտքերը, որոնք մինչեւ այդ կուտակվել էին:

Այսինքն՝ այդ գումարների ավելացումն անմիջական կարող է մարդու եկամուտների վրա չազդել, բայց իր կենցաղի, իր առօրյայի վրա, կոնկրետ համայնքում, պետք է որ երեւա:

Պարզ է, որ ոչ բոլոր համայնքներում կարող են նմանատիպ արդյունքներ արձանագրվել, բայց, համենայնդեպս, գոնե կատարվող աշխատանքների դինամիկան, տեմպը եւ ծավալները հուսադրող են: Եւ նաեւ պետք է նշել մեկ հանգամանք: Իրոք, ինչքան էլ մենք փորձենք ավելացնել սեփական եկամուտները կամ պետության կողմից տրամադրվող դոտացիաները, այնումենայնիվ, ունենք այդ միջոցների, դեռեւս առավել արդյունավետ օգտագործման հիմնախնդիր, որը մենք կարող ենք նաեւ լուծել համայնքների խոշորացման միջոցով:

- 2011-ից սկսած կառավարության պահուստային ֆոնդից մարզերին , եթե չեմ սխալվում, մոտ 40 մլրդ դրամ էր հատկացվել` հրատապ խնդիրների լուծման նպատակով: Այդ թեմային նույնպես անդրադարձել ենք մեր հարցազրույցներում: Չնայած այս ամենին` համայնքներում դեռ շատ են լուծում պահանջող խնդիրները: Որո՞նք են մնում այն ուղղությունները, որոնք, Ձեր գնահատականներով, առաջնահերթ ուշադրության կարիք ունեն:

- Ճիշտ է, հստակ կարելի է ասել, որ 4 հրատապ ծրագրերի շրջանակներում պետական բյուջեի պահուստային ֆոնդից ( ուզում եմ դա շեշտել , որովհետեւ դա նշանակում է, որ բացի այն ծրագրերից, որ նախատեսված էր) պետությունը լրացուցիչ 40 մլրդ դրամ  հատկացրեց: 40 մլրդ դրամի վերջին 7.5 մլրդ դրամը ծախսվեց  այս տարի: Այս տարվա հունվարի 1-ից ծրագրեր սկսեցին իրականացվել, բայց կարող եմ ասել, որ նմանատիպ ծրագրերի աջակցության ծավալը 2013թ-ին, այսինքն, որ Կառավարությունը պահուստային ֆոնդից համայնքներին լրացուցիչ հատկացրել էր այս կամ այն խնդիրը լուծելու համար, գերազանցում էր 10.5 մլրդ-ը: Այսինքն, բացի հրատապներից, օրինակ, մենք հուլիսի 1-ից համայնքներին 1.3 մլրդ դրամ գումար լրացուցիչ հատկացրեցինք, որպեսզի համայնքները կարողանան հոգալ նվազագույն աշխատավարձի բարձրացման խնդիրը եւ էներգակիրների սակագնի փոփոխությունը: Նույն քաղաքականությունը մենք շարունակելու ենք հաջորդ տարի: Պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված է 2 մլրդ, բացի դոտացիաների ավելացումից եւս 2 մլրդ` այդ խնդիրները հոգալու համար: Եղել են այլ լրացուցիչ հատկացումներ, ասենք օրինակ, Գյումրի եւ Վանաձոր քաղաքների ասֆալտապատման համար, Գեղարքունիքի մարզին լրացուցիչ հատկացում կատարվեց, նոյեմբեր ամսին բոլոր մարզերին հատկացվեց 50-ական մլն դրամ` ընթացիկ խնդիրները կարգավորելու, չավարտված ծրագրերը ավարտին հասցնելու եւ այլն: Այսինքն, այս համայնքներին լրացուցիչ աջակցություն, լրացուցիչ օժանդակություն ցույց տալու քաղաքականությունը, ըստ էության, ավանդական է դարձել եւ, հուսով եմ, այն շարունակություն կունենա նաեւ հաջորդ տարի:

Միայն այդ 40 մլրդով (ես չեմ ասում մնացած բոլոր տարբեր ծրագրերը, որոնք քիչ առաջ նույնպես նշեցի, Սոցիալական ներդրումների հիմնադրամ, Ասիական զարգացման հիմնադրամ, Եվրոպական բանկով իրականացվող այլ ծրագրերը, Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող ծրագրերը եւ այլն, այս բոլորը, ըստ էության, իրականացվում են մեր մարզերում, համայնքներում) 1500-ից ավելի կոնկրետ ծրագրեր են իրականացվել: Երբ ես ասում եմ 1500-ից ավելի` դա նշանակում է` կամ կոնկրետ ճանապարհ է բարեկարգվել, կամ կոնկրետ շենքի տանիք է վերանորոգվել, կամ կոնկրետ դպրոց է վերանորոգվել կամ կոնկրետ մանկապարտեզ կամ կոնկրետ համայնքային կենտրոն է կառուցվել եւ այլն: Այդ 1500-ից ավելի ծրագրերը իրականացվել են հարյուրավոր համայնքներում՝ ե’ւ գյուղական, ե’ւ քաղաքային: Բայց դրա հետ մեկտեղ պարզ է, որ այսօր ոչ բոլոր խնդիրներն է հնարավոր եղել լուծել: Այսօր, իրոք, առկա են մի շարք խնդիրներ եւ, կարծում եմ, մեր մարզերում հիմնական խնդիրը, իհարկե, մեր բնակչության կենսամակարդակի ոչ բարձր լինելն է: Այդ իմաստով դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի կարողանանք այն աղքատության շեմը, որ այսօր արձանագրված է մեր հանրապետությունում, նվազեցնել, որպեսզի դրանով շատ հարցեր լուծվեն, եւ կոնկրետ ընտանիքում բարեկեցություն լինի: Դրանից զատ շարունակում է նաեւ ակտուալ մնալ համայնքներում ենթակառուցվածքների արդիականացման խնդիրը: Ամենակարեւորն այսօր, կարծում եմ, դա ճանապարհաշինությունն է, դա ջրի խնդիրն է համայնքներում` ինչպես խմելու ջրի համակարգերի արդիականացումը, այնպես էլ ոռոգման համակարգերի խնդիրը: Շարունակում են ակտուալ մնալ նաեւ սոցիալական ենթակառուցվածքների խնդիրը համայնքներում: Շատ համայնքներում չկան նախադպրոցական հաստատություններ: Շատ համայնքներում դպրոցի, մշակութային տների շենքային համապատասխան պայմաննները դեռեւս հեռու են բարվոք լինելուց եւ այլն, եւ այլն: Այսինքն, բազմաթիվ նմանատիպ խնդիրներ կան, բայց, կարծում եմ, ամենակարեւորը ենթակառուցվածքների խնդիրներն են`ճանապարհ, գազ, ջուր, որը հնարավորություն է տալու մարդուն այդ ենթակառուցվածքների առկայության դեպքում անհրաժեշտ պայմաններից օգտվել, որպեսզի կարողանա նաեւ փող վաստակել եւ համապատասխան բարեկեցություն ապահովել իր ընտանիքի համար:

-Նշեցիք ոռոգման խնդրի մասին: Գիտենք նաեւ, որ լուրջ աշխատանքներ են իրականացվում ջրամբարաշինության ոլորտում: Ներկայումս դրանք ի՞նչ փուլում են, եւ 2014-ին ի՞նչ է ակնկալվում:

- Իրոք, կարելի է ասել, որ վերջին երկու տարիները Հայաստանի Հանրապետության համար ջրամբարաշինության առումով բավականին բեկումնային էին: Ինչու եմ նշում վերջին երկու տարիները, որովհետեւ նախ` այսօր իրականացվող աշխատանքները, բանակցային գործընթացները սկսվեցին դեռեւս 2011թ-ին : 2012թ-ի գարնանը, երեւի կհիշեք, մենք շահագործման հանձնեցինք Մարմարիկի ջրամբարը. նորանկախ հանրապետության պատմության մեջ նմանատիպ խոշոր ջրամբարի կառուցումը եւ շահագործումն առաջինն էր ըստ էության: Եվ արդեն կարող եմ հանգիստ սրտով ասել, որ մենք գործնական, անշրջելի գործընթաց ենք սկսել Կապսի եւ Վեդու ջրամբարների կապակցությամբ, որովհետեւ արդեն ստորագրվել են համապատասխան կազմակերպությունների հետ պայմանագրերը, որոնք իրականացնելու են հետազոտական, եւ Կապսի ու Վեդու ջրամբարի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը: Սա նշանակում է, որ մենք մինչեւ հաջորդ տարեվերջ կունենանք այդ փաստաթղթերի փաթեթը, որը հնարավորություն կտա մեզ սկսել բուն շինարարարական փուլը: Իհարկե, մենք զուգահեռ աշխատանքներ ենք կատարելու մեր գործընկերների հետ` արդեն շինարարության համար համապատասխան ֆինանսական ռեսուրսների ներգրավման առումով: Այդ երկու ջրամբարների հետ զուգահեռ մենք այսօր ինտենսիվ աշխատանքներ ենք տանում նաեւ Եղվարդի եւ Մաստարայի ջրամբարի կառուցման ուղղությամբ: Եղվարդի ջրամբարի առումով մենք աշխատում ենք Ճապոնիայի մեր գործընկերների հետ, իսկ Մաստարայի հետ կապված հետաքրքրություն է դրսեւորել եւ գործնական արդեն քննարկումների մեջ ենք Քուվեյթի զարգացման հիմնադրամի հետ: Կարծում եմ, որ 2014թ. ընթացքում նույնպես առիթ կունենանք մեր հանրությանը տեղեկացնելու, որ նաեւ այս երկու ջրամբարների առումով կան էական տեղաշարժեր: Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ ջրամբարաշինությունը, կարծում եմ, պետք է գալիք տարիների մեր հիմնական առաջնահերթություններից մեկը լինի` հաշվի առնելով, որ այն էական նշանակություն պետք է ունենա գյուղատնտեսության զարգացման դինամիկան երաշխավորելու առումով՝ համապատասխան ջրի ծավալների առկայության իմաստով: Կարծում եմ՝ այս ամենը ունենալու է նաեւ բնապահպանական խնդիր, որովհետեւ ինչքան շատ մենք այլ աղբյուրներում ջուր կուտակենք, այնքան քիչ անհրաժեշտություն կունենանք օգտվել Սեւանի ջրային պաշարներից:

-Խոսեցիք Քուվեյթի զարգացման հիմնադրամի կողմից Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրի մասին: Դուք ոչ միայն Քուվեյթի, այլեւ արաբական մի շարք երկրների հետ միջկառավարական հանձնաժողովների համանախագահն եք: Վերջին շրջանում այդ երկրների հետ հարաբերություններում աշխուժություն է նկատվում, ակտիվացել են փոխադարձ շփումները: Համագործակցության ի՞նչ պոտենցիալ է առկա այդ երկրների հետ, ո՞ր ուղղություններն են կարեւոր եւ հեռանկարային Հայաստանի համար:Եւ մի վերջին հարց եւս` որպես ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ, ինչպե՞ս եք գնահատում այդ կառույցի դերը Հայաստան-ԱՊՀ համագործակցության տեսանկյունից:

- Իրոք, վերջին տարիներին բավականին հետաքրքիր աշխատանք է ծավալվում Ծոցի երկրների հետ: Իհարկե, հանձնաժողովներն առաջնահերթ թույլ են տալիս մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնել եւ ընդլայնել: Պետք է ասեմ, որ մեզ համար՝ Հայաստանի համար, այդ երկրները կարեւոր են այն տեսակետից, որ իրենց այսօրվա տնտեսության կառուցվածքի տեսակետից բոլոր այդ երկրները, մասնավորապես` Էմիրություններ, Կատար, Քուվեյթ (ավելի քիչ այդ իմաստով Իրաքը) բոլորը ներմուծող երկրներ են: Այսինքն, բացի նավթային եւ գազային եւ դրանց ածանցյալ ապրանքներից, արտադրություն այդ երկրներում, որպես այդպիսին, չկա: Եվ այդ իմաստով, կարծում եմ, այդ երկրների հետ աշխատանքը կարեւոր է այն առումով, որ մեզ մոտ՝ Հայաստանում, արտադրված հատկապես սնունդը, վերամշակման արդյունաբերության այդ պրոդուկտները, կարող են իրենց լայն սպառումը գտնել այդ երկրներում: Եվ այդ իմաստով կարող եմ ասել, որ մեկ տարվա ընթացքում, օրինակ, Իրաքի հետ աշխատանքները, առեւտրատնտեսական ցուցանիշները միայն դրական դինամիկա են արձանագրել, իսկ այս տարի նոյեմբերին տեղի ունեցավ Իրաքի հետ միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Դրական դինամիկա ունեն նաեւ մնացած երեք երկրների հետ մեր հարաբերությունները եւ կապերը: Օրինակ, նույն Էմիրությունների հետ միայն այս տարի երկրորդ ավիաընկերությունն սկսեց չվերթներ կատարել Հայաստանի հետ: Առաջինը այն էր, որ ընդլայնեց իր չվերթների քանակը, եւ տեղյակ եք երեւի, որ մեկ այլ խոշոր էմիրաթական ավիաընկերություն` "Իթիհադը", ցանկություն է հայտնել հաջորդ տարվա հուլիսից չվերթներ իրականացնել դեպի Երեւան: Նույն ուղղությամբ աշխատանք է տարվում Քուվեյթի եւ Կատարի համապատասխան ընկերությունների հետ: Սա բերել է նրան, որ արդեն բավականին հետաքրքիր տուրիստական հոսքերի ծավալներ են նկատվում այդ երկրներից դեպի Հայաստան: Ավանդաբար միշտ եղել է Հայաստանից դեպի այդ երկրներ, մասնավորապես` Արաբական էմիրություններ, բայց վերջին մեկ- երկու տարվա ընթացքում նկատվում են նաեւ հակառակ ուղղությամբ հոսքեր: Նրանց խրախուսում է նաեւ այն հանգամանքը, որ այդ
երկրները կամ սկսեցին հիմնել իրենց դեսպանությունները կամ վերաբացել: Օրինակ՝ Քուվեյթի դեսպանությունն արդեն երրորդ տարին է, որ աշխատում է Հայաստանի Հանրապետությունում: Այս տարի վերաբացվեց Իրաքի դեսպանությունը: Հուսով եմ, որ առաջիկա տարիների ընթացքում մասնավորապես 2014թ.-ին նմանատիպ արդյունքներ կարող ենք արձանագրել նաեւ Էմիրությունների եւ Կատարի հետ: Այսինքն, բավականին հետաքրքիր պոտենցիալ կա այդ երկրների հետ տնտեսական եւ առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու առումով:
Ինչ վերաբերում է ԱՊՀ տնտեսական խորհրդին, սա մի կառույց է, որը, ըստ էության, նախապատրաստում է ԱՊՀ վարչապետների եւ նախագահների խորհուրդների այն օրակարգային հարցերը, որոնք առնչվում են տնտեսական ոլորտին, տնտեսական փոխհարաբերություններին: Ես կարող եմ ասել, որ սա այն եզակի հարթակներից է, որտեղ ԱՊՀ անդամ բոլոր երկրները հանդիպում են եւ, իրոք, կարողանում են քննարկել իրենց հետաքրքրող հարցերը: Այդ իմաստով, կարծում եմ՝ թեկուզ միայն այն առումով, որ հանդիսանում է նմանատիպ երկխոսության հարթակ, արդեն կարեւոր է նրա գոյությունը, բայց համոզված եմ, որ այն վերաիմաստավորվելու եւ զարգանալու տեղ է ունենալու՝ հաշվի առնելով, որ ԱՊՀ տարածքում այսօր տարբեր ինտեգրացիոն գործընթացներ եւ ձեւաչափեր են ձեւավորվում, բայց, այնուամենայնիվ, այս հարթակի կարեւորությունը կայանում է նրանում, որ այդ ինտեգրացիոն ձեւաչափերում չընդգրկված երկրները եւ ինտեգրացիոն կազմակերպությունների անդամները այդտեղ կարողանում են իրար հետ փոխադարձ եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկել: Կարծում եմ՝ դեռեւս այդ կառույցը չի սպառել իր հնարավորությունները եւ առաջիկա տարիներին կարող է շարունակել օգտակար լինել:

-Շնորհակալություն հարցազրույցի համար:

-Շնորհակալ եմ, ուզում եմ բոլորի գալիք Ամանորը եւ Սուրբ ծնունդը շնորհավորել, ամենայն հաջողություն եւ առողջություն մաղթել մեր բոլոր հայրենակիցներին:

 

← Վերադառնալ ցուցակին