Նորություններ

Պաշտոնական

"Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ գլխավոր տնօրենի հետ քննարկվեցին համայնքներում ջրամատակարարմանը վերաբերող հարցեր

00:00 / 08.01.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ "Հայջրմուղկոյուղի"ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ: Քննարկվեցին վերջին շաբաթների ընթացքում ընկերության սպասարկման տարածքում գտնվող համայնքներում ջրամատակարարման եւ ջրահեռացման իրավիճակին վերաբերող հարցեր:

Պատրիկ Լորենը տեղեկություններ ներկայացրեց ներկա իրավիճակի եւ իրականացվող աշխատանքների մասին: Մասնավորապես նշվեց, որ վերջին շրջանում եղանակով պայմանավորված` որոշ դժվարություններ են առաջացել ջրամատակարարման, աղբյուրներում ջրի ծավալների նվազման հետ կապված, ավելացել են վթարների դեպքերը: Միաժամանակ "Հայջրմուղկոյուղի" ՓԲ ընկերության գլխավոր տնօրենը վստահեցրեց, որ առաջացած խնդիրները վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ կատարվում են:

Պ.Լորենը տեղեկացրեց նաեւ, որ հունվարի 1-ից նոր ստեղծված կոնսորցումը, որտեղ առաջատարը "SAUR" ֆրանսիական ընկերությունն է (որը կառավարում է "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ-ն), ստանձնել է "Շիրակջրմուղկոյուղի", "Լոռիջրմուղկոյուղի" եւ "Նոր Ակունք" ՓԲ ընկերությունների կառավարումը: Ըստ նրա` կառավարման փոխանցման գործընթացն իրականացվում է բնականոն կերպով, այդ առումով դժվարություններ չեն առաջացել:

Փոխվարչապետն իր հերթին ընդգծեց գործընթացի` սահուն եւ սպառողների համար առանց դժվարությունների իրականացման կարեւորությունը: Անդրադառնալով համայնքներում ջրամատակարարմանը` նա հորդորեց հետեւողական լինել ինչպես ընթացիկ խնդիրների լուծման հարցում, այնպես էլ, հնարավորության դեպքում, կանխել դրանց առաջացումը: Ա. Գեւորգյանը կարեւորեց ընկերության սպասարկման տարածքում գտնվող համայնքներում ջրամատակարարման ապահովման համար մշտական աշխատանքների իրականացումը` առաջարկելով սերտորեն համագործակցել նաեւ համապատասխան համայնքների ղեկավարների հետ: Փոխվարչապետը հորդորեց նաեւ բնակչությանը պարտադիր իրազեկել առաջացած խնդիրների, դրանց վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքների եւ ջրամատակարարման վերականգնման ժամկետների մասին:


Հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին