Նորություններ

Պաշտոնական

Կստեղծվի հետադարձ կապ մետրոպոլիտենի հետ

17:30 / 10.01.2014

ԱԻ նախարարությունն ընդլայնում է իրազեկման դաշտը


Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն` նվիրված Երևանի մետրոպոլիտենի հետ համագործակցության հարցերին: Խորհրդակցությունը վարում էր ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ներկա էին նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմի և Երևանի մետրոպոլիտենի պատասխանատու ներկայացուցիչներ:

Ա. Երիցյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, համառոտ ներկայացրեց ԱԻ նախարարության անցած ճանապարհը և նշեց, որ մետրոպոլիտենի հետ երկարամյա փոխգործակցությունը պետք է սերտանա, առավել գործնական տեսք ստանա և այս երկու կառույցները փոխադարձաբար օգտակար լինեն միմյանց:

Երևանի մետոպոլիտենի գլխավոր տնօրեն Փայլակ Յայլոյանը մասնավորապես ասաց.
- Կարծում եմ, որ մենք շատ անելիքներ ունենք միասին: Մետրոյից օրվա ընթացքում հազարավոր մարդիկ են օգտվում, ու մենք պարտավոր ենք հոգալ նրանց անվտանգության մասին: Մենք տեսնում ենք, որ ԱԻ նախարարությունը կայացել է, և պատրաստ ենք խորացնել համագործակցությունն այս հրաշալի կառույցի հետ:

Քննարկումների ժամանակ ներկայացվեցին մետրոպոլիտենի անվտանգության համակարգերն ու քաղպաշտպանության վերաբերյալ հարցերը: Առավել հաճախ կկազմակերպվեն համատեղ ուսումնավարժություններ ու անձնակազմերի վերապատրաստման դասընթացներ:
Մետրոյի կայարաններում տեղադրված է 161 տեսախցիկներով տեսահսկման համակարգ, որը միացված է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնին:


Առանձին ուշադրության արժանացավ հանրային իրազեկման խնդիրը` մասնավորապես ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի և մետրոպոլիտենի միջև կհաստատվի հետադարձ կապ մետրոյի կայարաններում և շարժակազմերում բարձրախոսների և էլեկտրոնային վահանակների օգնությամբ ազդարարման, անվտանգության վարքականոնների վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու, տեղեկատվական-ուսուցողական տեսանյութեր ցուցադրելու հնարավորությունը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ մի հանդիպում և շրջայց կազմակերպել մետոպոլիտենում և, տեղում ուսումնասիրելով առկա անվտանգության համակարգերն ու խնդիրները, այնուհետև մշակել համատեղ աշխատանքային պլան:

← Վերադառնալ ցուցակին