Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Հայաստանի ազգային արխիվում

00:00 / 13.01.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց Հայաստանի ազգային արխիվում`2013թ-ին կատարված աշխատանքներին եւ 2014 թ-ի ծրագրերին ծանոթանալու նպատակով:

Մինչ խորհրդակցությունը` փոխվարչապետը ծանոթացավ արխիվի երեք մասնաշենքերի, ինչպես նաեւ պահոցների հիմնանորոգման, ջերմամեկուսացման աշխատանքներին, որոնք իրականացվել են «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի» կողմից` Համաշխարհային բանկի էներգախնայողության ծրագրի շրջանակում: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տեղեկացրեց, որ կատարված աշխատանքների շնորհիվ պահոցներում փաստաթղթերի պահպանման համար առավել անվտանգ պայմաններ են ստեղծվել:

Խորհրդակցության ընթացքում Ա. Վիրաբյանը ներկայացրեց 2013 թ. իրականացրած աշխատանքների մասին հաշվետվությունը, ինչպես նաեւ 2014 թ. անելիքները: Ա. Վիրաբյանի տվյալներով` 2014թ. հունվարի 1-ի դրությամբ արխիվում առկա է 6.667 արխիվային ֆոնդ` 4.120.837 արխիվային գործով, այդ թվում` 320.585 պ.մ. կինոֆոտոֆոնո փաստաթուղթ:

Տեղեկացվեց, որ 2013թ-ին նույնպես շարունակվել են փաստաթղթերի թվայնացման աշխատանքները: էլեկտրոնային շտեմարանի ստեղծման համար թվայնացվել է մոտ 120 հազար թերթ փաստաթուղթ, ինչպես նաեւ 1.431 պահպանման միավոր արխիվային կինոֆոտոֆոնո փաստաթուղթ (կինոնկար, լուսանկար):

Արխիվային պահպանության է ընդունվել 18.831 գործավարական, 14.821 անձնակազմին վերաբերող, 1.896 անձնական ծագում ունեցող գործ եւ 3.179 կինոֆոտո փաստաթղթեր: Պատասխանվել է քաղաքացիներից ստացված 28.620 սոցիալ-իրավական բնույթի հարցման: 2013թ. արխիվն ունեցել է 571 ուսումնասիրող` նախորդ տարվա 524-ի փոխարեն:

Կազմակերպվել է 14 թեմատիկ ցուցահանդես ինչպես արտերկրում, այնպես էլ հանրապետության մարզերում: Լույս են տեսել փաստաթղթերի եւ նյութերի 2 ժողովածու, մեկ հանրագիտարան եւ մեկ համացանկ, այդ թվում` "Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ" փաստաթղթերի ժողովածուի անգլերեն հրատարակությունը:

Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի պետական արխիվին ծրագրավորված օգնության ցուցաբերումը` պետարխիվը նոր փաստաթղթերով համալրելու ուղղությամբ: Հայաստանի ազգային արխիվի աջակցությամբ Ստեփանակերտում կազմակերպվել է Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված ցուցահանդես:

Ա. Վիրաբյաննն առանձին անդրադարձավ նաեւ արխիվային գործում բարեփոխումների իրականացման, այդ թվում` արխիվային ծառայությունների ներդրման հայեցակարգի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Նշվեց, որ ՀՀ կառավարության կողմից ընդունվել է Հայաստանի ազգային արխիվի տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման ծրագիրը, Ազգային արխիվի եւ նրա տարածքային ստորաբաժանումների միջեւ ստեղծվել է կորպորատիվ ցանց, արխիվային տեղեկություն ստանալու համար դիմումների առցանց համակարգ է ներդրվել: Ակնկալվում է, որ ՀՀ կառավարության կողմից առաջիկայում կընդունվի "ՀՀ արխիվային գործի բարեփոխումների իրականացման հայեցակարգը" եւ ''"Հայաստանի ազգային արխիվ" ՊՈԱԿ-ի նյութատեխնիկական հագեցվածության արդիականացման 2014-2016թթ. ծրագիրը'', որոնցով լուրջ բարեփոխումներ են առաջարկվում: Մասնավորապես նախատեսվում է արդիականացնել ենթակառուցվածքները, արխիվը վերազինել ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով, այդ նպատակով տարբեր աղբյուրներից 2014-2016թթ. ներդնել մոտ 420 մլն դրամ, անցում կատարել արխիվից օգտվողներին առցանց տեղեկությունների մատուցման գործընթացին, կանոնակարգել էլեկտրոնային փաստաթղթերի արխիվացումը, պահպանումը եւ օգտագործումը, այդ խնդիրների լուծման համար բարձրացնել արխիվի աշխատողի սոցիալական պաշտպանվածությունն ու հեղինակությունը:

Փոխվարչապետը կարեւորեց բարեփոխումների իրականացումը` ընդգծելով, որ արխիվային գործի ոլորտում ժամանակակից նոր տեխնոլոգիաների ու մոտեցումների կիրառումն անհրաժեշտություն է: Նա հույս հայտնեց, որ հայեցակարգն ու արդիականացման ծրագիրը շուտով կընդունվեն, եւ նախատեսվող բարեփոխումները կիրականացվեն ողջ ծավալով ու սահմանված ժամկետներում, իսկ դրանց արդյունքն առաջիկա տարիներին տեսանելի կլինի նաեւ արխիվային ծառայություններից օգտվող քաղաքացիների համար:

Հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

← Վերադառնալ ցուցակին