Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց Քուվեյթի Պետության դեսպանին

00:00 / 14.01.2014

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին:
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Դեսպանը Քուվեյթի նոր կառավարության անունից երկկողմ հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու պատրաստակամություն հայտնեց` նշելով, որ նոր կառավարությունը մեծ նշանակություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդմանը:

Նա տեղեկացրեց, որ կառավարության փոփոխության հետ կապված` քուվեյթական կողմն առաջարկում է որոշակի ժամկետով հետաձգել միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացումը: Միաժամանակ ընդգծվեց այս տարվա ընթացքում նիստի անցկացման անհրաժեշտությունը, ինչը կարեւոր համարվեց երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ նախանշված ծրագրերի իրականացման տեսակետից:

Փոխվարչապետն իր հերթին վստահություն հայտնեց, որ Քուվեյթի նոր կառավարության հետ կշարունակվի եւ կընդլայնվի վերջին տարիներին երկու երկրների միջեւ ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունը, եւ նախանշված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը կյանքի կկոչվեն:

Հասարակայնության հետ կապերի բաժին

 

← Վերադառնալ ցուցակին