Նորություններ

Պաշտոնական

Ուսումնավարժություն օդային հարձակման սցենարով

19:21 / 27.09.2016

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթ բաժնի, նույն վարչական շրջանի «Պատանի երկրապահ» ակումբի, մենապայքարային ու խաղային մարզաձևերի մանկապատանեկան համալիր մարզադպրոցի կողմից անցկացվեց «Կազմավորումների գործողությունները հակառակորդի հանկարձակի հարձակման ժամանակ» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ուսումնավարժության նպատակներն էին՝
• ստուգել հակառակորդի օդային հարձակման ժամանակ արձագանքող ուժերի պատրաստվածությունը և կատարելագործել դրանց գործնական հմտությունները.
• կատարելագործել քաղաքացիական պաշտպանության կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ, ինչպես նաև գործնական հմտությունները՝ փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:

Ուսումնավարժությանը ներգրավված էին ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Շենգավիթ բաժնի թիվ 2 ՀՓՋ 1 մարտական հաշվարկ, ՔՊ բժշկական ծառայության 1 բրիգադ, համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի հասարակական կարգի պահպանման, առաջին օգնության, հակահրդեհային, փրկարարական օղակները, «Պատանի երկրապահ» ակումբի հակահրդեհային, փրկարարական, հասարակական կարգի պահպանման, կապի խմբերը և 11 նմանակողներ:

Ըստ սցենարի՝ հակառակորդը կրկին խախտել է հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից սկսել է գնդակոծել ՀՀ սահմանամերձ գյուղերը: Տեղեկություն է ստացվել, որ Հայաստանի օդային սահմանը հատել են հակառակորդի ռմբակոծիչ ինքնաթիռներ և հնարավոր է օդային հարձակում Երևան քաղաքի վրա: Թշնամու օդուժի կողմից «ռմբակոծվել» էր մարզադպրոցի ակրոբատիկայի վարչական շենքը, վնասվել են հիմնական մասնաշենքը, հարակից շինությունները, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ: Կան պայմանական վիրավորներ:

Ուսումնավարժությունը մեկնարկեց «Օդային տագնապ» ազդանշանով, ինչից հետո մարզադպրոցի աշխատակիցները և մարզիկները նկուղային հարկի 2-րդ պահեստային ելքով շենքից տարհանվեցին հարակից հրապարակ: Մինչ փրկարարական ուժերի ժամանումը` մարզադպրոցի և ԵԿՄ կազմավորումների ուժերով իրականացվեցին ընդհանուր հետախուզության, հրդեհաշիջման, փրկարարական և առաջին օգնության ցուցաբերման միջոցառումներ:

Հետախուզության արդյունքում պարզվել էր, որ «ռմբակոծության» հետևանքով փլուզված շենքում արգելափակվել է 8 մարդ և կա 3 «տուժած»: Հրշեջ-փրկարարները և պատանի երկրապահի փրկարարական խումբը միասին բացեցին շենքի փլուզված մուտքը և պատգարակներով տարհանեցին տուժածներին:

Մարզադպրոցի ՔՊ բժշկական կազմավորումը տուժածներին ցուցաբերեց առաջին օգնություն, որից հետո տուժածներին տեղափոխեցին մասնագիտացված բժշկական հաստատություններ:

Ուսումնավարժության ղեկավար, ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության Շենգավիթ բաժնի պետ, փ/ծ կապիտան Ա. Գևորգյանը նշեց.
-Այսպիսի վարժանքներն արտակարգ իրավիճակներում հասարակության պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակ ունեն: Այս վարժանքն առանձնանում էր պատանի երկրապահների մասնակցությամբ, ովքեր այսօր ներգրավված էին հրդեհաշիջման աշխատանքներում և կատարեցին բոլոր առաջադրանքները:

Ուսումնավարժությանը հետևող ԵԿՄ «Շենգավիթ» բաժանմունքի պետ Գ. Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԻ նախարարությանը միջոցառման կազմակերպման համար և դրական գնահատելով պատանի երկրապահների պատրաստվածությունը` հորդորեց նրանց խորացնել արտակարգ իրավիճակներում պատրաստվածության վերաբերյալ իրենց գիտելիքներն ու հմտությունները:

← Վերադառնալ ցուցակին