Նորություններ

Պաշտոնական

Հայ փրկարարները կմասնակցեն «Չրնա Գորա 2016» միջազգային վարժանքին

18:29 / 29.10.2016

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարարության փրկարարական ստորաբաժանումների 22 հոգանոց կազմը մեկնեց Չեռնոգորիայի Հանրապետություն՝ մասնակցելու այնտեղ կայանալիք «Չրնա Գորա 2016» միջազգային դաշտային վարժանքին:

Վարժանքը կազմակերպել են Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտոնը (EARPCC/ԵԱԱԱՀԿ) և Չեռնոգորիայի ներքին գործերի նախարարությունը՝ Քաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորման վարժանքի քաղաքականության շրջանակներում: Այս կենտրոնը ստեղծվել է 1998 թ. Եվրաատլանտյան համագործկացության խորհուրդի կողմից և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) կարևոր բաղադրիչներից մեկն է: Վարժանքը կանցկացվի ՆԱՏՕ-ի՝ Համագործակցություն հանուն խաղաղության (PfP) ծրագրի շրջանակներում և նպատակ ունի բարելավել ու զարգացնել ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների փոխգործակցության մակարդակը: Դրան մասնակցում են շուրջ 30 պետության փրկարարական ստորաբաժանումներ:

«Չերնա Գորա 2016» վարժանքը կանցկացվի 3 փուլով, 2016 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 4-ը Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում: Առաջին փուլը կլինի շտաբային վարժանք, երկրորդը՝ դաշտային ուսումնավարժություն, իսկ երրորդը՝ թիմերի կարողությունների և հմտությունների ցուցադրում: Վարժանքի հիմնական նպատակն է զարգացնել ՆԱՏՕ-ի դաշնակից պետությունների փոխգործակցության մակարդակը և բարձրացնել տարատեսակ արհավիրքներին դիմակայելու ազգային կարողությունները: Դաշտային ուսումնավարժության սցենարի հիմքում ջրհեղեղի ու քիմիական միջադեպերի արձագանքումն է, իսկ աղետի հետևանքով, ըստ սցենարի, կան մեծ թվով տուժածներ, և շարքից դուրս են եկել կարևոր նշանակության մի շարք ենթակառուցվածքներ:

ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով «Չրնա Գորա - 2016» միջազգային դաշտային վարժանքին մեկնող հայկական թիմերի ընդհանուր ղեկավար է նշանակվել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության (ԲՊԱՀՎԿՎ) աղետների հետևանքների վերացման պլանավորման, կանխատեսումների և ծրագրավորման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Տ. Գիդաչյանը: Վարժանքին մասնակցող փրկարարական կազմը բաղկացած է քաղաքային որոնողափրկարարական, ջրասուզական ու քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային արձագանքման մոնիթորինգի թիմերից: Հայ փրկարարներից 5-ը ներգրավված կլինեն վարժանքը ղեկավարող կազմում, իսկ 2-ը՝ տուժած երկրում միջազգային ուժերի համակարգման շտաբում:

 

 

← Վերադառնալ ցուցակին