Նորություններ

Պաշտոնական

Արդիականացվում է սելավավտանգ տարածքների ուսումնասիրությունը. կիրառվելու են անօդաչու թռչող սարքեր

17:14 / 30.03.2017

Մարտի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ Սյունիքի մարզի Կապան և Քաջարան քաղաքային համայնքներում իրականացնում է սելավավտանգ հատվածների ուսումնասիրություն անօդաչու թռչող սարքերի (դրոնների) կիրառմամբ: Ուսումնասիրությունն իրականացվում է «Բնապահպանական արտակարգ իրավիճակների կառավարումը տեղական մակարդակում» ծրագրի շրջանակում և նպատակ ունի բացահայտել ու մոդելավորել ռիսկերը տեղանքի սելավավտանգ հատվածներում:

Անօդաչու թռչող սարքերի կիրառումն ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ համատեղ ապահովելու են ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի մասնագետները: Ուսումնասիրության արդյունքում իրականացվելու է սելավավտանգ տարածքների և սելավատարերի ողջ երկայնքի մոդելավորում, որը կբացահայտի սելավատարերի խցանման աստիճանը տիղմով և աղբով, ինչը թույլ կտա համապատասխան միջոցառումներ իրականացնել սելավային հոսքի բնականոն հեռացումը խոչընդոտող գործոնները վերացնելու ուղղությամբ:

Անօդաչու թռչող սարքերի կիրառությունն աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում նպատակ ունի արդիականացնել և բարձրացնել նաև բնակչության պատրաստվածության մակարդակը: Դրոնների միջոցով ստացված տվյալների համադրումը սեյսմիկ ռիսկի տվյալների հետ թույլ կտա մոդելավորել նաև արտակարգ իրավիճակներում բնակչության տարհանման և փրկարարական ուժերի բաշխվածության կառավարման հարցերը:

Ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներն անօդաչու թռչող սարքերի կիրառման դասընթացներ են անցել և ստացել համապատասխան որակավորում ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի մասնագետների կողմից:

← Վերադառնալ ցուցակին