Նորություններ

Պաշտոնական

ՀՀ ԱԻ նախարարությունը և Հայկական Կարմիր Խաչը կշարունակեն համագործակցությունը

12:05 / 04.04.2017

Ապրիլի 4-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղպաշտպանության ծառայության և տարածաշրջանային համագործակցության զարգացման, ինչպես նաև կամավորական շարժման խթանման հարցերը:

Հայկական Կարմիր Խաչի ընկերության պատվիրակներն ԱԻ նախարարին ներկայացրեցին իրենց կողմից իրականացվող ծրագրերը, պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը վերոնշյալ ուղղություններով և Հայաստանում ներդնել միջազգային օգտակար փորձը:

Իր խոսքում ՀՀ ԱԻ նախարարը նշեց, որ Հայկական Կարմիր Խաչը նախարարության երկարամյա ու վստահելի գործընկերներից է, որի աջակցությունն 1-ին օգնության բարձր մակարդակի մասնագետներ պատրաստելու հարցում շատ գնահատելի կլինի` հատկապես սահմանամերձ գոտիներում:

Որպես կամավորական շարժումը խթանելու միջոց նշվեցին նաև ՀՀ համայնքային բյուջեներում աղետների ռիսկի նվազեցման ընդգրկումը և համատեղ ծրագրերի իրականացումը:

Հանդիպման վերջում ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և Հայկական Կարմիր Խաչի ընկերության նախագահ Մ. Մնացականյանը ստորագրեցին «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության և փոխօգնության մասին ՀՀ ԱԻ նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև» Փոխըմբռնման Հուշագրի գործողության ժամկետի երկարաձգման մասին արձանագրություն: 

← Վերադառնալ ցուցակին