Նորություններ

Պաշտոնական

Քննարկվել են հայ-բրիտանական համագործակցության հեռանկարները

17:40 / 02.02.2018

Փետրվարի 2-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, Ն. Գ. տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:

Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտներում առկա մարտահրավերները և դրանց ուղղությամբ համագործակցության հնարավոր ուղիները:

Կողմերը քննարկեցին Մեծ Բրիտանիայի հնարավոր աջակցությունը համայնքային և մարզային մակարդակով աղետների ռիսկի գնահատման և նվազեցման, ինչպես նաև բնակչության պաշտպանության ոլորտում տարվող աշխատանքներին: Դիտարկվեցին համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները Եվրամիության շրջանակներում՝ կապված արդյունաբերական, քիմիական վտանգների խնդիրների հետ, ինչպես նաև երկկողմ և ՆԱՏՕ-ի շրջանակներում հետագա համագործակցությունը:

Նշենք, որ 2017 թ. հուլիսին ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի և Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի փորձագետների կողմից առաջին օգնության, կենսապահովման հիմունքների և վտանգավոր նյութերի հետ աշխատանքի թեմաներով դասընթացներ էին կազմակերպվել փրկարար ծառայողների համար: Դրանց համատեքստում իրականացվել էր հայ-բրիտանական-ամերիկյան համատեղ վարժանք՝ «Քլոր տեղափոխող բեռնատար և մարդատար գնացքների բախման հետևանքով ստեղծված իրավիճակում քիմիական, ճառագայթային մոնիթորինգի, հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների իրականացում և առաջին բուժօգնության ցուցաբերում» թեմայով:

ԱԻ նախարար Դ. Տոնոյանը շնորհակալություն հայտնեց ուսումնավարժությանը բրիտանացի փորձագետների մասնակցության համար և հույս հայտնեց, որ այդ ուղղությամբ փոխգործակցությունը շարունակական կլինի:

Կարևորելով օտար լեզվի իմացությունը՝ նախարար Տոնոյանը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ ԱԻՆ աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման գործում Մեծ Բրիտանիայի դեսպանատան և Բրիտանական խորհրդի աջակցության համար, որի շնորհիվ բարելավվել են ՀՀ ԱԻՆ ՓԾ բազմաթիվ աշխատակիցների անգլերեն լեզվի հմտությունները: ԱԻ նախարարը հույս հայտնեց, որ լեզվի ուսուցման դասընթացները շարունակական կլինեն:

Հանդիպման ընթացքում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի օրը հիշատակվելու է աղետներին դիմակայելու պատրաստվածության համատեքստում և ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են ընթանում այդ թեմայով տարաբնույթ լայնածավալ միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ: Հաշվի առնելով Միացյալ Թագավորության գիտնականների ներդրումը Սպիտակի երկրաշարժից հետո իրականացված ուսումնասիրություններին՝ Դ. Տոնոյանը կարևորեց այդ գիտնականների մասնակցությունը տարեվերջին կայանալիք «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովին:

← Վերադառնալ ցուցակին