Նորություններ

Պաշտոնական

Ընդլայնվում է հայ-ֆրանսիական համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության ոլորտում

15:52 / 12.02.2018

Փետրվարի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին և Ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի (CEA) Շրջակա միջավայրի վերլուծության և վերահսկման դեպարտամենտի (DASE) ղեկավար Բենեդիկտ Գիլպարտի ղեկավարած պատվիրակությանը:

Այցի ընթացքում քննարվեցին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության և Շրջակա միջավայրի վերլուծության և վերահսկման դեպարտամենտի (DASE) միջև երկկողմ համագործակցության արդյունքները, հետագա զարգացման և ընդլայնման հնարավորությունները, 2018 թ.-ին նախատեսվող միջոցառումները:

Հայ-ֆրանսիական համագործակցությունը սեյսմոլոգիական ոլորտում մեկնարկել է 2007 թ.-ից, իսկ 2011 թ.-ին Ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը շարունակվելու է մինչև 2021 թ.-ը: Համատեղ աշխատանքների արդյունքում ընդլայնվել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմիկ ցանցը, միայն անցյալ տարվա ընթացքում նվիրաբերվել է 6 սեյսմոմետր և 6 աքսերելոմետր, սարքերի միջոցով իրականցվում է երկրաշարժերի գրանցում և ֆիքսվում են գրունտային շարժերը: Ձեռք բերված տեղեկատվությունը համալրում է Երկրաշարժերի ազգային շտեմարանը, որի հիման վրա իրականցվում է սեյսմիկ ռեժիմի վերլուծություն:

Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական համագործակցությունը՝ ԱԻ նախարարն առաջարկեց ընդլայնել այն սեյսմոլոգիայում վաղ ազդարարման և ռիսկի նվազեցման ուղղությամբ՝ շեշտելով սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի գնահատման ոլորտում համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացման կարևորությունը հատկապես՝ աղետների ռիսկի նվազեցման գործընթացում:

Գոհունակություն հայտնելով համագործակցության արդյունքում սեյսմիկ բնագավառում Հայաստանի արձանագրած առաջընթացից՝ ֆրանսիական կողմը պատրաստակամություն հայտնեց ընդլայնելու համագործակցության դաշտը:

Կողմերը նաև պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակելու մասնագետների վերապատրաստման և փորձի փոխանակման գործընթացը:

ԱԻ նախարարը ֆրանսիական կողմին հրավիրեց մասնակցելու սույն թվականի դեկտեմբերի 5-ից 7-ը «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվելիք միջոցառումներին, որոնք նվիրված են լինելու Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:

← Վերադառնալ ցուցակին