Նորություններ

Պաշտոնական

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատարն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին

16:29 / 10.05.2018

Մայիսի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիին: Հանդիպումը պլանավորված էր վաղօրոք Հայաստանում, որպես դեսպան, Էյջի Տագուչիի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Իր ողջույնի խոսքում ԱԻ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց դեսպանին ՀՀ ԱԻՆ և Ճապոնիայի կառավարության միջև աղետների ռիսկի նվազեցման ոլորտում սերտ, արգասաբեր, երկարատև համագործակցության ապահովման և սրտացավ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքը չի ընդհատվի՝ ապահովելով զարգացում և ընթացիկ ծրագրերի շարունակականություն:

Հայ-ճապոնական համագործակցության ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք միտված են եղել աղետների ռիսկի նվազեցմանը, կանխարգելմանը և կառավարմանը: 2014թ.-ից առ այսօր իրականացվել են
Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման եռամյա ծրագիրը (Landslide Disaster Management Project), 2016թ. և 2017թ. ֆինանսական տարիների համար հայտարարված ՃՄՀԳ (JICA) շրջանավարտների կողմից իրականացվող «Փոքր գրանտային նախագծերի» ("Mini Grant Project") շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան ու Կողբ գյուղերի երկու դպրոց և ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր և Ռինդ համայնքի դպրոցներ կահավորվել են հակահրդեհային վահանակներով, առաջին օգնության արկղերով, տարահանման համար նախատեսված պայմանական նշաններով, պատգարակներով, բարձրախոսերով:

Դեսպանի պաշտոնավարման ընթացքում ստորագրվել և մեկնարկել են «Հրշեջ գույքի բարելավման ծրագիրը» (2017թ.-ի սեպտեմբերի 6), որի իրականացման արդյունքում հանրապետության երեք մարզեր՝ Սյունիք, Լոռի և Շիրակ, կվերազինվեն 36 հրշեջ մեքենայով, 3 շարժասանդուղքով և 1 արհեստանոցով, «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» ծրագիրը (2017թ.-ի նոյեմբերի 17), որով նախատեսվում է հիմնել հանրային իրազեկման կենտրոն: ՀՀ ԱԻՆ-ին նաև կտրամադրվեն 10 արագ արձագանքման մեքենաներ:

Շնորհակալություն հայտնելով արդյունավետ և հետևողական աշխատանքի համար՝ դեսպան Տագուչին Դավիթ Տոնոյանին վստահեցրեց, որ համագործակցությունը շարունակվելու է նույն արդյունավետությամբ և խորությամբ:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Դ. Տոնոյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտ համագործակցության համար ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիին պարգևատրեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:

← Վերադառնալ ցուցակին