Նորություններ

Պաշտոնական

ՀՀ ԱԻ նախարարը խորհրդակցություն անցկացրեց Լոռիում. «Մարդիկ պետք է զգան, որ ապահով են»

17:21 / 07.06.2018

Հունիսի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Վանաձոր քաղաքում գտնվող Լոռու մարզի մարզպետարանում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հունիսի 6-ին Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք գրանցված երկրաշարժի և դրանից հետո արձանագրված հետցնցումների արդյունքում ստեղծված իրավիճակն ու արձագանքման հիմնախնդիրները:

Նախարարն անդրադարձավ այն առաջադրանքներին, որոնք ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ահազանգը ստանալուն պես հանձնարարել էր իրականացնել:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու, Շիրակի, Տավուշի և Կոտայքի մարզային փրկարարական վարչություններին հանձնարարվել է համապատասխան համայնքների ղեկավարների հետ հսկողություն սահմանել սողանքային երևույթների նկատմամբ, հատկապես հետևել ՀՀ Շիրակի մարզի Առափի, ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ, ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքներում տեղադրված էքստենզոմետրերի ցուցիչներին և ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի տարածքում երկաթգծին սպառնացող տեղամասում տեղադրված չափիչ սարքերի տվյալներին:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ ակտիվացնել սեյսմիկ դիտացանցը և ուժեղացնել հսկողությունը հանրապետությունում սեյսմիկ իրավիճակի նկատմամբ պարբերաբար, անհրաժեշտության դեպքում՝ անմիջապես ներկայացնել տեղեկատվություն սեյսմիկ իրադրության վերաբերյալ:

ՀՀ ԱԻ նախարարը ևս մեկ անգամ հանձնարարեց Լոռու մարզային փրկարարական վարչությանը հանրության շրջանում խուճապային տրամադրություններից խուսափելու նպատակով միջոցառումներ ձեռնարկել տեղում բնակչության իրազեկման և բացատրական աշխատանքների իրականացման ուղղությամբ: Բնակչության իրազեկման համար անհրաժեշտության դեպքում ներգրավել ՀՀ ոստիկանության տարածքային և ՄՓՎ հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներին, կիրառելով տեխնիկական բոլոր հնարավոր միջոցները, խուճապի կանխումը ապահովելու համար, անհրաժեշտության դեպքում իրականացնելով շրջայցիկ ելքեր՝ բարձրախոսերի կիրառմամբ: Բնակավայրերում, համայնքների ղեկավարների հետ համատեղ բնակչությանն իրազեկել երկրաշարժի հետևանքով սողանքային և քարաթափման վտանգավոր տեղամասերում այդ պրոցեսների ակտիվացման դեպքում վարվելակերպի կանոնների վերաբերյալ:

«Հանրության հետ աշխատանքներում պետք է ներգրավենք նաև ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայության մեր աշխատակիցներին, մարդիկ պետք է լինեն տեղեկացված, զգան, որ իրենք մենակ չեն, զգան, որ ապահով են»,-եզրափակեց ԱԻ նախարար Ռոստոմյանը:

Նշենք, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ուժերի կողմից արձագանքման գործողություններ չեն իրականացվել, քանի որ տեղի ունեցած երկրաշարժերը թույլ են եղել և գործող պլաններով չեն նախատեսում որևէ փրկարարական արձագանքում, այլ նախատեսում են միայն պարբերաբար թարմացվող տեղեկատվության տրամադրում՝ բնակչությանը ժամանակին իրազեկման և խուճապի ու ստահոդ լուրերի կանխման նպատակով:

Լոռու մարզում ԱԻ նախարարն այցելեց նաև մարզային փրկարարական վարչություն և Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ծանոթանալու տեղի հագեցվածությանն ու արձագանքման հնարավորություններին:

← Վերադառնալ ցուցակին