Նորություններ

Պաշտոնական

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային պատվիրակությանը

15:12 / 12.06.2018

Հունիսի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև կնքված Համաձայնության հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումն ու երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնման և խորացման հարցերը:

Ողջունելով հյուրերին ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը կարևորեց երկու կառույցների միջև համագործակցության ընդլայնումը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում:

Համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում կահավորվել են բնակիչների համար նախատեսված ապահով սենյակներ, Տավուշի մարզի սահմանամերձ 10 համայնքներում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն առաջին օգնության և միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացներ է իրականացրել այնտեղ գործող ՀՀ ԱԻՆ քաղպաշտպանության հենակետերի անձնակազմի հետ. այս տարի ծրագրում ընդգրկված են նաև Չորաթան և Դովեղ համայնքները:

Շնորհակալություն հայտնելով պատվիրակության ղեկավար Կ. Դույեին սերտ և արդյունավետ համագործակցության համար՝ ԱԻ նախարարը վերահաստատեց երկու կառույցների միջև նախկինում կնքված բոլոր պայմանավորվածությունները. «Նախարարության օրակարգում առաջնային տեղում է սահմանամերձ այլ համայնքներում նույնպես քաղպաշտպանության հենակետերի հիմնումը, մեզ համար կենսականորեն կարևոր նշանակություն ունի մարդասիրական արձագանքման և քաղաքացիական պաշտպանության համակարգերի անխափան աշխատանքի կազմակերպումն ու ապահովումը»,- ընդգծեց ԱԻ նախարարը:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատեցին համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ նաև համատեղ աշխատանքում կամավորական ջոկատների ներգրավման հնարավորությունը:

← Վերադառնալ ցուցակին