Նորություններ

Պաշտոնական

Ցուցադրական վարժանք Երևանի ֆիզիկայի ինստիտուտում

17:15 / 12.06.2018

Հունիսի 12-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) անցկացրեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հակառակորդի հարձակման դեպքում աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը» թեմայով:

Միջոցառման հիմնական նպատակներն էին՝

• ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս,

• կատարելագործել «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամի կազմավորումների և արձագանքող ուժերի համագործակցությունը:

Մշակված սցենարի համաձայն՝ հակառակորդը կրկին խախտել էր հրադադարը և տարբեր տրամաչափի զենքերից սկսել գնդակոծել ՀՀ սահմանամերձ գյուղերը: Նշված համայնքները ենթարկվել էին նաև օդուժի հարձակման: ՀՀ սահմանը հատել էր հակառակորդի պայմանական 4 կործանիչ ինքնաթիռ: Թշնամու օդուժի կողմից «ռմբակոծվել» էր նաև ինստիտուտի մասնաշենքը:

Վարժանքի մեկնարկը տվեց «Օդային տագնապ» ազդանշանը: Ինստիտուտի քաղպաշտպանության շտաբի պետը, ապաստարանների սպասարկման խմբի միջոցով, կազմակերպեց աշխատակիցների պատասպարումը վարչական շենքի ապաստարանում:

«Ռմբակոծության» հետևանքով տեղի էր ունեցել փլուզում, որի պատճառով արգելափակվել էին ապաստարանի ելքերը: Դեպքի վայր է ժամանում ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման խումբը: Ծավալվում է փրկարարական աշխատանքների ղեկավարման օպերատիվ շտաբ: Փրկարարները և պարամեդիկները տուժածներին ցուցաբերում են առաջին բուժօգնություն և հանձնում շտապօգնության բրիգադին: Դեպքի վայրում աշխատում են նաև Երևան քաղաքի հերթապահ ծառայությունների օպերատիվ խմբերն ու ստորաբաժանումները՝ ՀՀ ոստիկանություն, շտապբուժօգնություն, «Երևան գազ», «ՀԷՑ» և «Վեոլիա Ջուր»՝ յուրաքանչյուրն իրականացնելով իր լիազորությունների շրջանակում սահմանված աշխատանքները:

Ուսումնավարժության արդյունքներն ամփոփելու ժամանակ նշվեցին նկատված թերություններն ու բացթողումները, ինչպես նաև դրանց վերացման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները:

← Վերադառնալ ցուցակին