Նորություններ

Պաշտոնական

ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչն ընդգրկվել է INSARAG-ի գնահատման խմբում

16:32 / 14.06.2018

Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեն կարևորելով փրկարարների հնարավորությունների և հմտությունների զարգացումը` հայտ է ներկայացրել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի քարտուղարությանը (INSARAG) Տաջիկստանի քաղաքային որոնողափրկարարական թիմին INSARAG-ի միջազգային որակավորում տալու համար:

Այդ նպատակով ս/թ հունիսի 10-15-ը INSARAG-ի կողմից Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում իրականացվում է տեղի քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի կարողությունների գնահատում: ՄԱԿ-ի կողմից ձևավորվել է գնահատման միջազգային հանձնաժողով՝ ՄԱԿ-ի աղետների հետևանքների գնահատման և համակարգման թիմի (UNDAC) փորձագետներից: Հաշվի առնելով 2015թ. ՀՀ ԱԻՆ հայկական միջին քաղաքային որոնողափրկարարական թիմի հաջողված որակավորումը, ինչպես նաև INSARAG-ի ու UNDAC-ի խմբերում հայ փորձագետների ակտիվ ներգրավվածությունը` առաջին անգամ INSARAG-ին անդամակցելու որակավորման գործընթացի գնահատման խմբում ընդգրկվել է UNDAC թիմի փորձագետ` ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը:

Փրկարարական ջոկատների ՄԱԿ-ի միջազգային որակավորման գործընթացը բաղկացած է մի քանի փուլերից, որոնցից առաջինը՝ որակավորմանն առաջադրված երկրի և դրա փրկարարական բաղադրիչի հնարավորությունների ու ունակությունների գնահատումն է: Այդ նպատակով մանրակրկիտ ուսումնասիրվում են որակավորման առաջադրված փրկարարական թիմի անձնակազմի գիտելիքներն ու հնարավորությունները, այնուհետև գնահատվում Տաջիկստանի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի և վերոնշյալ երկրի կարողությունները:

Դրական արդյունք ստանալու դեպքում կսկսվի որակավորման նախապատրաստական փուլը, որում ՀՀ ԱԻՆ փորձագետները հանդես կգան որպես խորհրդատու (մենթոր) և կաջակցեն Տաջիկստանի քաղաքային որոնողափրկարարական թիմին INSARAG-ին անդամակցելու որակավորման գործընթացում:

← Վերադառնալ ցուցակին