Նորություններ

Պաշտոնական

Հանդիսավոր արարողությամբ վերաբացվեց Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը

17:42 / 13.09.2018

Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի վերաբացման արարողությունը։ Հրշեջ-փրկարարական ջոկատի տարածքի վերանորոգման աշխատանքները կատարվել են ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել էր 2017թ.։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին այլ բարձրաստիճան պաշտոնյաներ և հյուրեր։

ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին երկարամյա աջակցության համար, ասաց, որ 2003թ. մեկնարկած Կանզաս-Հայաստան փոխգործակցության շրջանակներում մինչ այսօր իրականացվել և իրականացվում են մեծածավալ աշխատանքներ ու ծրագրեր՝ փոխադարձ ճանաչողական այցեր, ուսուցողական դասընթացներ, համաժողովներ, սեմինարներ և հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ։
- Հայ փրկարարները հաճախակի են մասնակցում Կանզասում անցկացվող ուսումնավարժություններին և դասընթացներին, որի առաջնային նպատակն է Հայաստանում ներդնել ամերիկյան լավագույն փորձը։ 2015թ. Կանզասի օդային և ցամաքային ուժերի ինժեներական կազմի շուրջ 40 կամավորների ուժերով վերանորոգվել են ԱԻՆ մարզադահլիճի հանդերձարանը, լոգարանը և սանհանգույցը, ինչի շնորհիվ մարզադահլիճը համապատասխանեցվել է հաշմանդամների կարիքներին: 2017թ. ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակներում Մասիսի, Արտաշատի, Սիսիանի և Մեղրիի հրշեջ կայաններին տրամադրվել է 400 000 ԱՄՆ դոլարին համարժեք գույք։ ՀՀ ԱԻ նախարարության և Կանզասի միջև համագործակցությանն ակտիվորեն աջակցում է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, որի խոսուն վկայությունն է ՀՀ ԱԻ նախարարության և ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի հետ համատեղ անցկացվող միջոցառումները, - ասաց ԱԻ նախարարի տեղակալը։

Իր խոսքում դեսպան Ռ. Միլսը վստահություն հայտնեց, որ Արտաշատի նոր հրշեջ կայանը մեծապես կնպաստի Արտաշատում հրշեջ-փրկարարական աշխատանքների բարելավմանը:
- Բարձր գնահատելով հրշեջների աշխատանքը՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր նվիրված ու անձնուրաց ծառայության համար, որով դուք փրկում եք մարդկային կյանքեր ու օրինակ հանդիսանում բոլորիս համար: Այս ծրագիրը մեկ անգամ ևս ընդգծում է Հայաստանի և Միացյալ Նահանգների, մասնավորապես՝ ՀՀ ԱԻ նախարարության և ԱՄՆ դեսպանությունում գործող ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Պաշտպանական համագործակցության գրասենյակի միջև սերտ գործընկերությունը ու բարեկամությունը, - եզրափակեց ԱՄՆ դեսպանը։

Նշենք, որ երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ մյուս փուլում շինարարական աշխատանքներ կիրականացվեն Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ՀՓՋ-ում: Մոտ ապագայում համատեղ միջոցառումներ են նախախատեսվում նաև Լոռիի և Շիրակի մարզերում։

← Վերադառնալ ցուցակին