Նորություններ

Պաշտոնական

ԱԻՆ-ում շարունակվում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված տարածաշրջանային վարժանքը

14:15 / 06.12.2018

ՀՀ Արատակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում շարունակվում է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ INSARAG-ի տարածաշրջանային սիմուլյացիոն վարժանքը:

Վարժանքին մասնակցում են 17 քաղաքային որոնողափրկարարական թիմեր, 12 բժշկական թիմեր, ՄԱԿ-ի Աղետների աջակցման և համակարգման թիմը (UNDAC)՝ ընդհանուր թվով 160 մարդ, ինչպես նաև ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի և Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնցից մի քանիսը 1988թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ իրականացրել են փրկարարական առաքելություն:

Համաձայն սցենարի ՝ խաղարկվում է ՀՀ կառավարության 2011թ. որոշումով հաստատված ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ բնակչության պաշտպանության կազմակերպման պլանի սցենարը. տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքում: Աղետի պայմանական գոտում ձևավորվել են տեղական ԱԻ կառավարման լիազոր մարմինը՝ LEMA, աղետի գոտում գործողությունների համակարգման կենտրոնը՝ OSOCC, ՄԱԿ-ի աղետների գնահատման և համակարգման թիմը՝ UNDAC, սահմանային ընդունման և մեկնման կենտրոնը՝ RDC, ինչպես նաև՝ օգնության ձեռք մեկնած պետությունների փրկարարական թիմերի տեղակայման վայրերն ու նրանց գործողությունների կետերը: Վարժանքի աշխատանքներին տեղում հետևում է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի փոխտնօրեն Ռ. Մյուլլերը: Վարժանքի ընթացքում տեղի են ունենում միջազգային և տեղական տարբեր կազմակերպությունների հադիպում-քննարկումներ, համակագրվում են ազգային և միջազգային փրկարարական թիմերի աշխատանքները աղետի գոտում, ինչպես նաև՝ հանդիպումների արդյունքների վերաբերյալ պարբերաբար հարցազրույցներ են տրվում զանգվածային լրատվության միջոցներին: Սիմուլյացիոն վարժանքի ընթացքում ստուգվում են թիմերի ղեկավարման կարողությունները, միջազգային փրկարարական առաքելություն իրականացնող և տեղական թիմերի համագործակցության մակարդակը, որոնողափրկարարական աշխատանքների գծով փրկարարների գիտելիքներն ու հմտությունները և թիմերի բժշկական ու նյութատեխնիկական ապահովումը։

Նշենք, որ INSARAG-ը համաշխարհային ցանց է, որը ՄԱԿ-ի հովանու ներքո միավորում է ավելի քան 80 երկիր և կազմակերպություն: Այն հիմնվել է 1991թ.՝ դարավերջյան երկու խոշորագույն` 1985թ. Մեքսիկայի և 1988թ. Սպիտակի երկրաշարժերից հետո` նպատակ ունենալով բարձրացնել որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը: 

← Վերադառնալ ցուցակին