Նորություններ

Պաշտոնական

Հայաստանը՝ փրկարար օգնություն ցուցաբերող երկիր

13:12 / 07.12.2018

Դեկտեմբերի 6-ին ԱԻՆ վարչական համալիրում ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատվիրակությանը, որը գլխավորում էր Բունդեսթագի պատգամավոր, Բունդեսթագի ներքին գործերի հանձնաժողովի անդամ Անդրե Հանը: Պատվիրակությունը ժամանել է Հայաստան, որպեսզի մասնակցի 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի տարելիցին նվիրված միջոցառումներին:

Արա Նազարյանը շնորհակալություն հայտնեց գերմանացի գործընկերներին այցի համար և նշեց, որ Հայաստանը երախտապարտ է Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը երկրաշարժի օրերին, ինչպես նաև դրանից հետո ցուցաբերված տեխնիկական և մարդասիրական աջակցության համար: ԱԻ փոխնախարարը խոսեց նաև գերմանական Կարմիր Խաչի կողմից ԱԻ նախարարության աշխատակիցների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացների կարևորության մասին:

Բունդեսթագի պատգամավոր Անդրե Հանը նախ շնորհակալություն հայտնեց ԱԻ նախարարության համար այս բազմազբաղ օրերին ժամանակ գտնելու և իրենց հյուրընկալելու համար: Պատգամավորը ուրախությամբ փաստեց, որ ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել են փրկարարական միավորներ, որոնք իրենց ունեն բարձր պրոֆեսիոնալիզմ և տեխնիկական հագեցվածություն:

Փոխնախարար Նազարյանը գործակցության կրթական կոմպոնենտի մասին, և որպես համագործակցության պոտենցիալ ուղղություն, նշեց ԱԻ նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության նմանատիպ ուսումնական հաստատությունների միջև համագործակցության և վերապատրաստման ծրագրերի իրականացման հնարավորությունը:

ԳԴՀ աջակցության գործակալության փոխնախագահ Գերդ Ֆրիդզամը նշեց, որ իրենց գործակալությունը ամբողջությամբ բաղկացած է կամավորական սկզբունքով աշխատող փրկարարներից, և պատրաստակամություն հայտնեց իրենց փորձով և գիտելիքներով կիսվել հայ գործընկերների հետ:

Այնուհետև զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու երկրների փրկարարական միավորների գործունեության և տեխնիկական հագեցվածության մասին: ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նշեց, որ տարիներ առաջ փրկարարներ օգնություն ընդունող երկրից, Հայաստանը հիմա վերածվել է փրկարար օգնություն արտահանող երկրի, իսկ 2015 թվականից նաև ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ INSARAG-ի անդամ է: Հավելեց նաև, որ Հայաստանում նույնպես սկսել է զարգանալ կամավոր սկզբունքով աշխատող փրկարարների մշակույթը:

Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտակ Դավթյանը խոսեց օրենսադրկան դաշտի մասին, որով Հայաստանում կարգավորվում են փրկարար գործունեությանը վերաբերվող հարցեր: Նշեց նաև, որ ԱԻՆ Փրկարար ծառայության բոլոր ծառայողները վերապատրաստված են որպես հրշեջ-փրկարարներ:

Գերմանական պատվիրակության անդամները եղան նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, որտեղ տպավորված էին կենտրոնի հնարավորություններով և տեխնիկական հագեցվածությամբ:

ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը գերմանական պատվիրակության բոլոր անդամներին նվիրեց երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանի հեղինակած գիրքը, որը նվիրված է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին:

← Վերադառնալ ցուցակին