Նորություններ

Պաշտոնական

Ազգային միասնության անկյունաքար դարձած աղետ. Դեկտեմբերի 7-ը հռչակվեց «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր»

21:47 / 07.12.2018

Դեկտեմբերի 7-ին Գյումրիում կայացավ Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» խորագիրը կրող միջոցառումների շարքը: Միջոցառումներին մասնակցեցին ՀՀ կառավարության անդամները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլ պաշտոնատար անձինք, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև արտերկրից ժամանած հյուրեր: ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի և «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանի կողմից տեղի ունեցավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Սպիտակի երկրաշարժ» խորագրով նամականիշի մարումը:

Նամականիշի մարումից հետո Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացավ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը վարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանը: Ի թիվս կառավարության նիստի օրակարգային այլ որոշումների՝ նիստի ընթացքում գործադիրն ընդունեց նաև դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին որոշում: Հարցով որպես հիմնական զեկուցող հանդես եկավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը: «Հաշվի առնելով, որ համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի՝ դեկտեմբերի 7-ը նվիրված է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, ինչպես նաև ՀՀ վարչապետի «Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների անցկացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծով նախատեսվող իրականացվելիք միջոցառումների ընդհանուր ուղղվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել դեկտեմբերի 7-ը նշել նաև որպես աղետներին դիմակայունության օր», - ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը: Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ որոշումը միջազգայնացնելու նպատակ է հետապնդում: «Այն երկրներից շատերը, որ մասնակցել են աղետի ժամանակ փրկարարական աշխատանքներին, պատրաստակամություն են հայտնել, որ այս օրը որպես հիշատակի և աղետների կանխման օր նշվի նաև իրենց երկրներում: Արդեն կան նման օրինակներ», - նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Կառավարության արտագնա նիստի ավարտից հետո Կառավարության անդամները և հյուրերը քայլերթով շարժվեցին դեպի Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցի, որտեղ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից հոգեհանգստի կարգ մատուցվեց։ Այնուհետև երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ ներկաները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին ի հարգանք անմեղ զոհերի: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, որտեղ մասնավորապես ասվում էր. «Երկրաշարժի մասշտաբը ուղղակի հարված էր մեր երկրի ներուժին, աղետն ուղղակի հարված էր մեր երկրի տնտեսությանը: Սա ընդհանրապես հսկայական և հոգեբանական հարված էր մեր երկրի համար: Սակայն, դրա հետ մեկտեղ, այս աղետը ազգային միասնության մի յուրօրինակ անկյունաքար դարձավ և միլիոնավոր հայեր իրենց ուշադրությունը սևեռեցին պատմական հայրենիքի վրա»:

Ապա Գյումրիի Բուլվարային թաղամասի Գործարանային փողոցում տեղի ունեցավ «Ուժեղ երկրաշարժերի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների նախապատրաստում և անցկացում» թեմայով ԱԻՆ փրկարար ծառայության ուժերի ցուցադրական վարժանքը, որից հետո պաշտոնատար անձինք ծանոթացան վարժանքի տարածքում ծավալված վրանային ավանին:

← Վերադառնալ ցուցակին