Նորություններ

Պաշտոնական

Շարունակվում են երկրաշարժի 30-րդ տարելիցի միջոցառումները

14:40 / 07.12.2018

1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում օրերս ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում կայացավ Լոռու մարզային փրկարարական վարչության ու ենթակա ստորաբաժանումների տեխնիկայի, գույք-սարքավորումների ցուցադրությունը, ինչպես նաև ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում Վանաձորի պետական համալսարանի աշխատակազմի և ուսանողների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով:

Միջոցառումներին մասնակցում էին Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սարուխանյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, դպրոցականներ, Վանաձորի քաղաքացիներ:

Գույքի ցուցադրության ժամանակ ներկաները մանրամասն ծանոթացան այն տեխնիկական միջոցներին, որոնք անհրաժեշտ են երկրաշարժի դեպքում արագ արձագանքման համար: Համապատասխան մասնագետները ներկայացրեցին նաև սարքավորումների և գույքի օգտագործման առանձնահատկությունները:

Կազմակերպված ուսումնավարժանքը նպատակ ուներ ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս և կատարելագործել Վանաձորի պետական համալսարանի ու արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:

← Վերադառնալ ցուցակին