Նորություններ

Պաշտոնական

Նախանշված ուղղություններով շատ անելիքներ ունենք. կոլեգիայի նիստ ԱԻ նախարարությունում

19:49 / 06.02.2019

Փետրվարի 6-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվեցին ԱԻ նախարարության 2018 թվականի գործունեության արդյունքները։

Նիստին ներկա էին ՀՀ ԱԻ նախարարության ղեկավար կազմը, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները։

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հիմնական զեկույցի համար խոսքը տվեց ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանին: Իր զեկույցում Փրկարար ծառայության տնօրենն հանգամանորեն ներկայացրեց 2018 թվականի ընթացքում նախարարության կողմից կատարված աշխատանքներն ըստ ուղղությունների՝ արտակարգ իրավիճակներին արձագանքում և վիճակագրություն, իրավական դաշտի բարեփոխումներ, քաղաքացիական պաշտպանություն, կանխարգելիչ միջոցառումներ, ուսուցում, միջազգային համագործակցություն, հանրային իրազեկում և այլն։ ՓԾ տնօրենը նաև առաջարկություններ ներկայացրեց և նախանշեց 2019 թվականի Ծառայության գործունեության հիմնական ուղղությունները:

ՀՀ ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանն իր զեկույցում ներկայացրեց նախարարության 2018 թվականի ընթացքում կատարած աշխատանքները, ձեռքբերումները, 2019 թվականի գերակա ուղղությունները:

Առանձին զեկույցներով իրենց ոլորտներում նախորդ տարվա կատարված աշխատանքները ներկայացրին նաև նախարարության կառուցվածքային, առանձնացված և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Նիստի արդյունքներն ամփոփեց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը նշեց, որ թեև ներկայացված հաշվետվությունները հավաստում են, որ մեծ աշխատանք է կատարվել նախորդ տարվա ընթացքում, այնուհանդերձ անելիքներ դեռ շատ կան: Որպես գերակա խնդիր՝ նախարարն առանձնացրեց անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, նախաձեռնողականությունը և նյութատեխնիկական ապահովվածության հարցը:

- Մեր հիմնական ուշադրությունը և գործողությունները պետք է ուղղված լինեն ռիսկի նվազեցմանը, կանխարգելմանը, օպերատիվ արձագանքմանը և հնարավոր հետևանքների մեղմացմանն ու վերացմանը: Եվ այս ուղղություններով մենք շատ անելիք ունենք, - նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարը նշեց նաև, որ գերատեսչության գործառույթների տեսանկյունից շատ կարևոր է գործնական քայլերի իրականացումը, քանի որ ԱԻ նախարարության առաքելություն է գիտական նվաճումների կիրառումը գործնական քայլերի միջոցով: Անդրադառանալով կարկտակայանների գործունեությանը և նշելով, որ ակտիվ կարկուտների սեզոնը մոտենում է՝ Ֆ. Ցոլակյանը հանձնարարեց մինչև փետրվարի վերջ ուսումնասիրել հանրապետության կարկտակայանների տեխնիկական վիճակը և հաշվետվություն ներկայացնել թերությունների մասին՝ խնդիրները շտկելու համար:

Կոլեգիայի նիստի ավարտին ԱԻ նախարարը պարգևատրեց կառուցվածքային, առանձնացված և տարածքային ստորաբաժանումների մի շարք աշխատակիցների: Փրկարար ծառայության տնօրեն Ա. Նահապետյանին շնորհվեց «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի մեդալ:

«Լավագույն հրշեջ փրկարար», «Լավագույն լեռնափրկարար» «Լավագույն հերթափոխի պետ», «Լավագույն խմբի պետ», «Լավագույն փրկարար» և այլ անվանակարգերով վկայականներ շնորհվեցին մի շարք փրկարարների:

ՀՀ ԱԻ նախարարի հրամանով «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով և շնորհակալագրերով պարգևատրվեցին նախարարության մի շարք աշխատակիցներ:

2018 թվականի գործունեության արդյունքներով լավագույն կառուցվածքային, առանձնացված և տարածքային ստորաբաժանումներ ճանաչվեցին համապատասխանաբար ՀՀ ԱԻՆ անձնակազմի կառավարման, ՓԾ փրկարար ուժերի և ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունները:

← Վերադառնալ ցուցակին