Նորություններ

Պաշտոնական

Մեկնարկում է ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագիրը

12:12 / 14.03.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը համատեղ ծրագիր են իրականացնում. մեկնարկում է «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» եռամյա ծրագիրը:

Նախօրեին ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը հյուրընկալեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Մունեո Տակասակային և Ծրագրի փորձագետների պատվիրակությանը:

Ճապոնացի փորձագետների խումբը Հայաստան է ժամանել աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի շրջանակներում:

Փոխնախարար Բալյանը ողջունեց փորձագետների խմբին, միաժամանակ կարևորելով աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության գործունեությունը Հայաստանում և փոխգործակցությունը ԱԻՆ-ի հետ, հույս հայտնելով, որ արդյունավետ համագործակցությունը այսուհետ ևս կշարունակվի:

Փորձագիտական խմբի ղեկավար Կոիչի Շիվակուն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և ԱԻ նախարարության վարչական շենքում ճապոնացի փորձագետների համար աշխատանքային սենյակ և անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար:

Այնուհետև Կոիչի Շիվակուն՝ ընդլայնված կազմով աշխատանքային հանդիպման ընթացքում ներկայացրեց աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն, ինչպես նաև պատասխանեց մասնակիցների հարցերին:

Հանդիպման ընթացքում աշխատանքային խմբի անդամները միմյանց հետ հստակեցրին միջոցառումների անցկացման ժամանակացույցը, ինչպես նաև քննարկեցին ընթացիկ մի շարք հարցեր:

Ծրագրի իրականացման հիմնական նպատակը հանրային իրազեկվածության բարձրացումն է, աղետների վերաբերյալ հասարակության ժամանակին տեղեկատվության տրամադրումն է, ինչպես նաև համագործակցային միջավայրի ստեղծման միջոցով ԱԻՆ-ի և լրատվամիջոցների՝ ճգնաժամային հաղորդակցության կարողությունների ամրապնդումը: Ծրագիրը նախատեսված է իրականացնել երկու փուլով՝ 2019 թվականից մինչև 2022 թվականներն ընկած ժամանակահատվածում:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է հիմնել հանրային իրազեկման կենտրոն, որի նպատակն է բարձրացնել երկրի դիմակայունությունն աղետներից և ապահովել կայուն զարգացում: Կազմակերպվելու են թեմատիկ դասընթացներ լրատվամիջոցների ներկայացուցիչների, սոցիալական մեդիա դաշտի ակտիվ օգտատերերի ու բնակչության տարբեր թիրախային խմբերի համար: 

← Վերադառնալ ցուցակին