Նորություններ

Պաշտոնական

INSARAG-ի 36-ժամյա վարժանք Հայաստանում. հայկական փրկարարական թիմը վերաորակավորմանն ընդառաջ

14:24 / 16.04.2019



Ապրիլի 15-ին մեկնարկեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության 50 հոգուց բաղկացած հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի վարժանքը: «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վարժանքն անցկացվում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 2020 թ. վերաորակավորման գործընթացի շրջանակներում: Ուսումնավարժանքը տևելու է 36 ժամ և ավարտվելու է ապրիլի 16-ի երեկոյան:

Ըստ սցենարի` Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, կան ավերածություններ, հազարավոր զոհեր ու վիրավորներ: Տուժած երկիրն օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը:

Գործողությունները սկսվել են Արտակարգ իրավիճակների նախարարության շենքում։ Հարևան երկրին օգնություն ցուցաբերելու առաջին քայլը եղել է ԱԻ նախարարությունում գումարված խոհրդակցությունը՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի գլխավորությամբ։ Կայացվել է քաղաքական որոշում՝ համաձայն որի Հայաստանը փրկարարական խումբ է ուղարկում Իրան՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Նախարարը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին, իսկ INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական ՔՈՓ թիմի քաղաքական պատասխանատու, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանին հանձնարարվել է կազմակերպել հայկական ՔՈՓ թիմի արձագանքումն Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացմանը։

Վարժանքի հետագա գործողությունները շարունակվել են Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում (ՀՆՓԱԻԿ), իսկ գործնական աշխատանքները` «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում և Արզնու ձորում։

Ֆելիքս Ցոլակյանը ժամանել է նաև բուն գործողությունների անցկացման վայր՝ տեղում ծանոթանալու Լուսակերտում ՔՈՓ թիմի ծավալած բազայի հնարավորություններին, ինչպես նաև՝ Արզնիի ձորում անցկացվող հետախուզական ու որոնողափրկարարական աշխատանքներին։

Վարժանքին հետևում էին նաև գերմանացի և շվեյցարիացի փորձագետները: Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության մարդասիրական օգնության արձագանքման գլխավոր պատասխանատու, վարժանքի մենթոր Դեյվիդ Սոխորը բարձր գնահատեց հայկական թիմի պատրաստվածությունը՝ նշելով, որ մինչև որակավորում մեկ տարուց ավելի ժամանակ կա, և որևէ մտավախություն չկա թիմի վերաորակավորման հարցում։

Հ. Եմիշյանի խոսքով՝ այս վարժանքը 2020 թ. սեպտեմբերին նախատեսված մեր ՔՈՓ թիմի վերաորակավորման հիմնական քայլերից է։ Ըստ նրա՝ վարժանքի թե նախապատրաստական, և թե այս փուլի աշխատանքներն անցկացվում են INSARAG-ի ստուգաթերթերի համաձայն։ Առկա թերությունները, ըստ տնօրենի տեղակալի, պետք է շտկվեն, և սա է ամենակարևոր նախապայմանը Հայաստանի ներքին կարողությունների զարգացման տեսանկյունից: Հ. Եմիշյանի խոսքով՝ այս վարժանքում կիրառվելու են INSARAG-ի սահմանած նոր առաջնահերթությունները՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեղեկությունների արագ փոխանակման համակարգեր և այլն:

Նշենք, որ INSARAG-ը համաշխարհային ցանց է, որը ՄԱԿ-ի հովանու ներքո միավորում է ավելի քան 80 երկիր և կազմակերպություն: Այն հիմնվել է 1991 թ.՝ դարավերջյան երկու խոշորագույն` 1985 թ. Մեքսիկայի և 1988 թ. Սպիտակի երկրաշարժերից հետո` նպատակ ունենալով բարձրացնել որոնողափրկարարական աշխատանքների արդյունավետությունը: 2015 թ. Հայաստանը դարձել էր ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ այն բանից հետո, երբ հայկական Քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմը սեպտեմբերի 1-4-ը բարեհաջող կերպով հաղթահարել էր որակավորման եռօրյա վարժանքը և դասակարգվել որպես միջին մակարդակի ՔՈՓ թիմ:

← Վերադառնալ ցուցակին