Նորություններ

Պաշտոնական

Հայաստանում հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրկնապատկվել է

18:45 / 22.07.2019



Արդեն 2-րդ ամիսն է, որ Հայաստան ներթափանցած ջերմային ալիքները ստեղծում են հրդեհավտանգ իրավիճակ հանրապետության բուսածածկ տարածքներում: «Այս տարվա ընթացքում հրդեհների թիվը բավականին աճել է հատկապես խոտածածկ տարածքներում: 2017 թվականի առաջին կիսամյակում ունեցել ենք 1887 գրանցված հրդեհներ, 2018թ-ին` 1702, ապա 2019 թ-ի առաջին կիսամյակում ունեցել ենք 3554 հրդեհ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ 2019 թվականի հունիս ամսին ունեցել ենք 1701 հրդեհ, որը 3.6 անգամ բարձր է նախորդ տարիների ցուցանիշից: «Երևանում ոռոգման համակարգի ակտիվ օգտագործման և գերխոնավեցման շնորհիվ հրդեհների թիվը պետք է նվազեր, բայց մենք ունեցանք այլ պատկեր»:

Ըստ նրա՝ բուսածածկ տարածքներում հրդեհների թիվը այս տարի անհամեմատ աճել է. «2017 թվականի առաջին կիսամյակին ունեցել ենք 585 դեպք, 2018 թ-ին` 540, իսկ 2019-ին` 2104, այսինքն` 1364-ով ավելացել է բուսածածկ տարածքներում հրդեհների թիվը, որը բավականին լուրջ ցուցանիշ է»:

Անդրադառնալով բուսածածկ տարածքներում այրված մակերեսին` ՓԾ տնօրենի տեղակալը նշեց, որ 2017 թվականին ունեցել ենք 1064 հեկտար, 2018 թվականին՝ 737, իսկ 2019 թվականի առաջին կիսամյակում` 4245 հեկտար:

Վրեժ Գաբրիելյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ մեր քաղաքացիներն ունեն շրջակա միջավայրի նկատմամբ որոշակի անտարբերություն, չեն պահպանում հրդեհային անվտանգության կանոնները, իսկ հաճախ հրդեհների որոշ մասը մարդկային գործոնի հետևանք է: Եթե ժամանակին Երևան համայնքի համապատասխան պատասխանատուները իրականացնեն ոռոգման աշխատանքներ, հրդեհների թիվը կնվազի:

Անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում բռնկված հրդեհի դեպքին` նշեց, որ բավականին մեծ խոտածածկ տարածք ենք կորցնում և քաղաքի համար դա լուրջ նշանակություն ունի: «Նախկինում, երբ այդ տարածքը Երևանի քաղաքապետարանի վերահսկողության տակ էր գտնվում, ակտիվ կերպով ոռոգվում էր, իսկ այսօր այն չի ոռոգվում: Պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որ յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, որ երբ օգտվում է զովասուն տարածքներից, պետք է չստեղծի հրդեհավտանգ իրավիճակ»:

Վրեժ Գաբրիլեյանը հորդորեց քաղաքացիներին` ավելի ուշադիր լինել շրջակա միջավայրի, կանաչ տարածքների նկատմամբ և չստեղծել հերդեհավտանգ իրավիճակներ:

← Վերադառնալ ցուցակին