Նորություններ

Պաշտոնական

Տեղի ունեցավ Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստը

18:35 / 21.11.2019



Նոյեմբերի 21-ին ԱԻՆ նիստերի դահլիճում տեղի ունեցավ Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարի տեղակալ, վարչության համանախագահ Նիկոլայ Գրեչուշկինը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, վարչության համանախագահ Արկադի Բալյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության հունիսի 5-ի և հուլիսի 17-ի նիստերում ընդունված որոշումների կատարման աշխատանքների ընթացքը, և երկրորդ կիսամյակում կենտրոնի գործունեությունը գնահատվեց բավարար:

Որոշում ընդունվեց ՀՀ ԱԻՆ ծառայողների ուսումնական ծրագրերի պահանջարկից ելնելով արձագանքման կենտրոնի ղեկավարությանը թույլատրել առանց ՌԴ ԱԻՆ համապատասխան կառույցների հետ համաձայնեցնելու, չխախտելով հատկացված դրամական միջոցների նպատակային օգտագործման սկզբունքը, հաստատված ֆինանսավորման չափով ուսումնական ծրագրերում կատարել անհրաժեշտ փոփոխություններ:

Մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրինությանը հանձնարարվեց ԱԻՆ փրկարար ծառայության հետ համատեղ մշակել կենտրոնին անհրաժեշտ 2020-2022թ. հատուկ տեխնիկայի և սարքավորումների ցանկը, որի մեջ ներառված կլինի ժամանակավոր տեղավորման կետերի մատակարարումը՝ այն որպես ուսուցման տարր և արտակարգ իրավիճակների արձագանքման նպատակով օգտագործելու համար:

Վարչությունը բավարար գնահատեց ՀՀ ԱԻՆ և Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կենտրոնի տարածքում իրականացվող շինմոնտաժային, ենթակառուցվածքների զարգացման և վարչության կողմից հաստատված հիմնական միջոցառումների պլանով նախատեսված աշխատանքների ընթացքը:

Հաստատվեց նաև Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմի ֆինանսական պլանը:

Նիստի ավարտին փոխնախարարներ, վարչության համանախագահներ Արկադի Բալյանը և Նիկոլայ Գրեչուշկինը ստորագրեցին Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի վարչության նիստի արձանագրությունը:

← Վերադառնալ ցուցակին