Նորություններ

Պաշտոնական

ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը շրջայց է կատարել հրշեջ-փրկարարական ջոկատներում

18:44 / 22.11.2019



Նոյեմբերի 22-ին ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը ստուգայց է կատարել 6 հրշեջ-փրկարարական ջոկատներում, որտեղ իրականացվում են շինարարական աշխատանքներ:

Ստուգայցի ժամանակ գլխավոր քարտուղարին ուղեկցում էին ԱԻՆ շենքերի, շինությունների պահպանման և տնտեսական վարչության պետ Վարդան Պետրոսյանը և Շենք-շինությունների պահպանման բաժնի պետ Հովիկ Պողոսյանը:

Ստուգայցի նպատակն էր հետևել հրշեջ-փրկարարական ջոկատներում իրականացվող շինարարական լայնածավալ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև համադրել պահանջվող և փաստացի իրականացվող աշխատանքները:

Վահանգն Օհանյանը եղավ Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանները սպասարկող թիվ 5, Էրեբունու թիվ 6, Դավիթաշենի թիվ 13, Երևանի փրկարարական վարչությանը կից թիվ 3, ինչպես նաև Եղվարդ քաղաքը սպասարկող հրշեջ-փրկարարական ջոկատներում, ինչպես նաև ծանոթացավ Հայ-Ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ընթացող աշխատանքներին:

Վերանորոգվել են հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը, անցկացվել է ջեռուցման համակարգ, ամբողջությամբ փոխվել են էլեկտրական սնուցման համակարգերը:

Տանիքի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանները սպասարկող թիվ 5, Դավիթաշենի թիվ 13 և Եղվարդ քաղաքի հրշեջ- փրկարարական ջոկատներում:

ԱԻՆ գլխավոր քարտուղարը զրուցեց հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմերի հետ, լսեց ընթացող աշխատանքների վերաբերյալ նրանց առաջարկներն ու դիտողությունները:

Հրշեջ-փրկարարական ջոկատներում դեռևս առկա են կենցաղային գույքի ապահովման հետ կապված խնդիրներ, որոնք գլխավոր քարտուղարը խոստացավ հնարավորինս արագ կարգավորել:

Վահագն Օհանյանը շինարարության ընթացքի հետ կապված տվեց որոշ ցուցումներ և հանձնարարեց շտկել նկատված թերությունները:

Ստուգայցի արդյունքներով արձանագրվեց, որ այս պահին շինարարական աշխատանքները ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, իսկ աշխատանքների որակը համապատասխանում է պահանջներին:

Գլխավոր քարտուղարի ստուգայցերը այսուհետ ևս կրելու են շարունակական բնույթ:

Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 22-ին կառավարության 1118-Ն որոշմամբ ԱԻՆ փրկարար ծառայության շենքային ապահովվածության և պայմանների բարելավման, շենքերի, շինությունների կառուցման համար տրամադրվել էր 1 միլիարդ 173 միլիոն դրամ գումար:

← Վերադառնալ ցուցակին