Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն ԱԻՆ փրկարար ծառայությունում

15:53 / 22.11.2019



Նոյեմբերի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: 

Անդրադառնալով վերջին պատահարներին` նախարարը շեշտեց, որ աշխատանքները պետք է կազմակերպել ավելի խելացի, գրագետ և նպատակային, ուշադրություն պետք է դարձնել հրդեհաշիջման ժամանակ համազգեստի կրման կանոններին: 

Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ Փրկարար ծառայություն ընդունվողներն անպայման եռամսյա փորձաշրջան պետք է անցնեն: Նախատեսվում է նաև վերականգնել ատեստավորման ինստիտուտը, որը թույլ է տալիս ծառայողներին զարգացնել իրենց գիտելիքները:

Նախարարն անդրադարձավ հրդեհաշիջման ժամանակ տեղանքի և ջրատարների քարտեզների առկայությանը: Հանձնարարկան տրվեց Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններին ճշտել և քարտեզագրել գոյություն ունեցող բոլոր ջրատարները, որպեսզի հրդեհաշիջման ընթացքում աշխատանքները կատարվեն ավելի օպերատիվ և արդյունավետ:

Հանձնարարվեց ուսումնասիրել մարդկային մեծ հոսքեր և կուտակումներ պարունակող օբյեկտների անվտանգության պահպանման հարցերը, վեր հանել առկա խնդիրները և ներկայացնել առաջարկներ այդ խնդիրները վերացնելու նպատակով:

Դեկտեմբերի 7-ին ընդառաջ, որը նշվելու է որպես երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր, բոլոր մարզերում նախատեսվում են միջոցառումներ: Հանձանարարվեց ներկայացնել միջոցառումների իրականացման պլանը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերն ԱԻ նախարարին զեկուցեցին ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքների մասին: Նախարարը հանձնարարեց աշխատանքներն իրականացնել առավելագույն որակով և ավարտել մինչև տարեվերջ:

Ֆ. Ցոլակյանն անդրադառնալով կառուցվածքային փոփոխություններին նշեց, որ օպտիմալացումն ավելի արդյունավետ է դարձնելու կառույցի աշխատանքը:

-Շնորհակալություն եմ հայտնում ողջ անձնակազմին օպերատիվ աշխատանքի համար, մեզ մոտ խնդիրը միայն տեխնիկայի պակասն է,- եզրափակեց նախարարը:

← Վերադառնալ ցուցակին