Նորություններ

Պաշտոնական

ԱԻ նախարարն ընդունել է Ճապոնիայի դեսպանին. գնահատվում է արդյունավետ համագործակցությունը

17:05 / 03.12.2019



Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը դեկտեմբերի 3-ին ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային և դեսպանության երկրորդ քարտուղար Մեգումի Մաեկավային:

Դեսպանին ուղղված ողջույնի խոսքում ԱԻ նախարարը շեշտեց, որ Ճապոնիայի հետ համագործակցությունը յուրահատուկ մակարդակում է: Ճապոնիայի կառավարությունը լուրջ ներդրումներ է ունեցել Հայաստանի Հանրապետության՝ տարբեր բնույթի ճգնաժամերի դեպքում քաղաքացիական դիմակայունության կարողությունների բարձրացման ապահովման հարցում: Հատկապես սերտ է համատեղ աշխատանքը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (Japan International Cooperation Agency (JICA)) հետ, որն իրականացվում է 2007թ.-ից:

Ճապոնիայի հետ համագործակցության շնորհիվ տեխնիկապես վերազինվել են հրշեջ-փրկարարական մասերը, իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում սեյսմիկ ռիսկի գնահատում և կառավարման պլանավորում, սողանքային աղետի կառավարում, ինչպես նաև՝ Ճապոնիայի հետ համագործակցության տարիների ընթացքում ՀՀ ԱԻՆ բազմաթիվ աշխատակիցներ գործուղվել են Ճապոնիա` վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով։

Նախարար Ցոլակյանը և դեսպան Ջուն Յամադան արժևորեցին բարձր մակարդակով շփումների և փոխայցելությունների կարևորությունը:

Հանդիպման ավարտին Ֆելիքս Ցոլակյանը դեսպան Ջուն Յամադային պարգևատրեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:

Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատման և բարեմաղթանքների համար՝ Ճապոնիայի դեսպանը վստահեցրեց, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ հայ-ճապոնական համագործակցությունը որակապես նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին