Նորություններ

Պաշտոնական

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի պատվիրակությանը

15:29 / 04.12.2019



ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է աշխատանքային քառօրյա այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի ռեկտոր, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Պանչենկովի գլխավորած պատվիրակությանը:

Այցի հիմնական նպատակն է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի» միջև փոխգործակցության համաձայնագրի ստորագրումը: Այն ներառում է համատեղ կրթական և գիտական ծրագրերի իրականացում, համախմբել կողմերի գիտական և մանկավարժական ներուժը, իսկ քաղաքացիական պաշտպանության ոլորտում բարձրակարգ մասնագետներ պատրաստելու համար արդյունավետ համակարգ ստեղծելու հնարավորություններ:

Ողջունելով հյուրերին՝ Ֆելիքս Ցոլակյանն իր խոսքում ընդգծեց երկկողմ համագործակցությունը զարգացնելու ներուժի առկայությունն ու անհրաժեշտությունը՝ կարևորելով ձևավորված հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի հետագա ակտիվացումը: Ըստ նախարարի՝ բուհերի միջև փորձի փոխանակումը կդառնա ամուր հիմք գործնական համագործակցության համար:

Զրուցակիցները քննարկեցին համատեղ աշխատանքների ընթացքը և փոխգործակցության ընդլայնման ուղղությունները:

Վիկտոր Պանչենկովն էլ իր հերթին կարևորեց համաձայնագրի կնքումը՝ երկու կողմերին մաղթելով արդյունավետ համագործակցություն:

Աշխատանքային քառօրյա այցի ընթացքում պատվիրակությունը կունենա հանդիպումներ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանի հետ, կլինի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, 911 ծառայությունում, հանդիպում կունենա Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի անձնակազմի հետ, կլինի նաև Հայ-ռուսական հումանիտար կենտրոնում:

← Վերադառնալ ցուցակին