Նորություններ

Պաշտոնական

Միջգերատեսչական սեմինար Քաղաքացիական պաշտպանության խնդիրների վերաբերյալ

19:40 / 24.12.2019



Դեկտեմբերի 24-ին ԱԻՆ-ում տեղի ունեցավ «Քաղաքացիական պաշտպանության բնագավառների գործունեության 2019 թվականի արդյունքները և 2020 թվականի խնդիրները» խորագրով քաղաքացիական պաշտպանության շտաբերի պետերի և տարահանման հանրապետական հանձնաժողովի անդամների սեմինարը:

Սեմինարին մասնակցում էին օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, կառավարությանը և վարչապետին ենթակա, ինչպես նաև սահմանադրությամբ նախատեսված ինքնավար ու օրենքով ստեղծվող այլ մարմինների աշխատակազմերի քաղաքացիական պաշտպանության ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ:

Սեմինարի մասնակիցներին ողջունեց և բացման խոսքով հանդես եկավ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարը նշեց, որ կառավարության որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ուշադրության կենտրոնում է պահում քաղաքացիական պաշտպանության կառույցների գույքագրման և փուլային տարբերակով դրանց ֆոնդի ավելացման աշխատանքները:

Ֆելիքս Ցոլակյանի խոսքով, Հանրապետության ղեկավարությունը կարևորում է քաղաքացիական պաշտպանության գործառույթները և հատկապես այն խնդիրները, որոնք կապված են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության հետ, շեշտեց ապաստարանների կարևորությունը, դրանց գույքագրման և վիճակի շարունակական բարելավման անհրաժեշտությունը:

Սեմինարի մասնակիցները ելույթներ ունեցան Ժողովրդագրական առկա իրավիճակի, Արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանավորման և իրականացման, ՀԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության հարցերի և քաղաքացիական պաշտպանության ռազմավարական խնդիրների, ՔՊ կառավարման, կապի համակարգերի գործունեության առանձնահատկությունների, ինչպես նաև նորմատիվ իրավական համակարգի կատարելագործման վերաբերյալ:

Բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձան պետական կառավարման մարմինների ՔՊ հարցերով պատասխանատուների կողմից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում 2019 թվականին կատարված աշխատանքներին, քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման արդյունքներին, նշվեցին ձեռքբերումները և դեռևս առկա խնդիրները:

Սեմինարի ավարտին քաղաքացիական պաշտպանության խնդիրների վերաբերյալ տեղի ունեցան բովանդակալից քննարկումներ, որից հետո Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբիրելյանն իր եզրափակիչ ելույթում անդրադարձավ ՔՊ համակարգի 2019 թվականի գործունեության արդյունքներին, նախանշեց 2020 թվականի հիմնական խնդիրները, ինչպես նաև ամփոփեց քննարկումներն ու սեմինարի արդյունքները:

Միջոցառման ավարտին քաղաքացիական պաշտպանության բնագավառում բարձր պատրաստվածության մակարդակ, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերած պետական կառավարման համակարգի մարմինների թվով 15 պաշտոնատար անձինք ԱԻ նախարարի 2019 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 1423-Ա հրամանով պարգևատրվեցին պատվոգրերով:

← Վերադառնալ ցուցակին