Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն փրկարար ծառայությունում

18:30 / 24.02.2020

Փետրվարի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների, առաջացած հարցերի, ինչպես նաև՝ ՀՀ մարզերում ճանապարհների անցանելիության վերաբերյալ:

ՓԾ տնօրենը տեղեկացրեց, որ ս.թ. փետրվարի 22-ին ուժի մեջ է մտել ««Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքը, որը ենթադրում է բավականին լուրջ անելիքներ փրկարար ծառայության կողմից և հանձնարարեց ՓԾ ստորաբաժանումների ղեկավարներին հնգօրյա ժամկետում նախապատրաստել վերոնշյալ օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների ցանկը:

Միաժամանակ, հանձնարարեց ՓԾ կադրերի վարչությանը հնգօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել ՓԾ կանոնադրության, պաշտոնի անձնագրերի մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև ՓԾ աշխատակիցների անվանացանկի մշակման վերաբերյալ:

Վ. Գաբրիելյանն անդրադառնալով ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի հրամանով տարածքային ստորաբաժանումներում ծառայության կրման ընթացքի, ծառայողական փաստաթղթերի ստուգման և մեթոդական օգնության ցուցաբերման նպատակով գործուղված աշխատանքային խմբի կատարած աշխատանքներին՝ Փրկարարական ուժերի վարչությանը հանձնարեց ավարտելուց հետո ամփոփել հայտնաբերված թերությունները և ներկայացնել փետրվարի 28-ին կայանալիք ՓԾ տնօրենի ուսումնական խմբի պարապմունքին:

Ծառայության տնօրենը հանձնարարեց ՓԾ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին սպասարկման տարածքներում առաջացած հրդեհներին օպերատիվ արձագանքելու նպատակով երկու մարտական հաշվարկ ուղարկելու ժամանակ՝ անձնակազմի առկայության դեպքում, 2-րդ ընթացքը չդիտարկել որպես ջրատար։

Բնակչության պաշտպանության վարչությանը հանձնարարվեց իրականացնել «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների պլաններում բնակչության պաշտպանության վերաբերյալ բաղադրիչների հստակեցում:

Քաղաքացիական պաշտպանության վարչությանը հանձնարարվեց լրամշակել ՔՊ պատրաստականության բերման պլանները, ներկայացնել առաջարկություն պատրաստականության բերման մոտեցումներն առկա պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ և զեկուցել:

Ծառայության տնօրենը խոսեց անձնակազմի կատարողական և աշխատանքային կարգապահության, կառավարության հանձնարարականների կատարման մասին: Խնդիր դրվեց, որ բոլոր ստորաբաժանումների ղեկավարներն իրենց ստորաբաժանումների աշխատանքները պլանավորեն այնպես, որ ստորաբաժանումներում աշխատող բոլոր աշխատակիցներն ունենան հավասարաչափ ծանրաբեռնվածություն:

Հանձնարարվեց բարձրացնել պահանջկոտության մակարդակը ենթակաների կողմից հանձնարարականների կատարման վերջնական արդյունքների նկատմամբ, և այդ հարցը կապել փրկարար ծառայողների աշխատանքի գնահատման չափորոշիչների հետ: Բացատրվեց, թե ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես և ինչ բալային համակարգով պետք է գնահատեն իրենց աշխատակիցների կատարած աշխատանքները:

Ծառայության կազմակերպման վարչության պետ փ/ծ գնդապետ Տ. Ավագյանը զեկուցեց կատարված և չկատարված հսկողականների, փաստաթղթերում հայտնաբերված սխալների, վրիպակների մասին: Ծառայության տնօրենը հանձնարարեց ծառայության կազմակերպման վարչությանը հսկողություն իրականացնել մարզերում և Երևան քաղաքում տեղադրված ազդարարման վերջնակետային սարքերի հաշվառման նկատմամբ:

Բոլոր մարզային փրկարարական վարչություններին հանձնարարվեց ազդարարման համակարգի օպտիմալացման և առավել արդյունավետ ձևերի ներդրման ուղղությամբ ուսումնասիրություն իրականացնել և ներկայացնել առաջարկություններ՝ նորարարական մոտեցումները համակարգում ներդնելու համար:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ տեսախցիկով սաղավարտների ծրագրավորումը ավարտվել է, ծառայության տնօրենը հանձնարարեց ծառայության կազմակերպման վարչությանը մինչև փետրվարի 28-ը մշակել հրշեջ նոր սաղավարտների շահագործման ուղեցույց, իսկ ՓԾ տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվեց իրականացնել ուսուցում ըստ մշակված ուղեցույցի և ուսուցման ավարտից հետո ընդունել ստուգարքներ:

Ծառայության տնօրենը, կրկին անդրադառնալով անձնակազմի ուսուցման հարցին, ՓԾ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց բուսածածկ տարածքների հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավել միայն ուսուցում անցած և բուսածածկ տարածքների հրդեհաշիջման մեթոդական ձեռնարկից ստուգարք հանձնած ծառայողներին: Հատկապես շեշտեց հետևել Տավուշի մարզի ՔՊ հենակետի հրշեջ-փրկարարների ուսուցմանը:

Ծառայության տնօրենը հանձնարարեց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետին թարմացնել ազդարարման սխեման:

← Վերադառնալ ցուցակին