Նորություններ

Պաշտոնական

Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Շվեյցարիայի դեսպանատան անվտանգության գծով խորհրդական Ֆաբիեն Ռայդերին

18:07 / 26.02.2020



ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն այսօր՝ փետրվարի 26-ին, ընդունել է Շվեյցարիայի դեսպանատան անվտանգության գծով խորհրդական Ֆաբիեն Ռայդերին: Հանդիպմանը մասնակցել են Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի ազգային ծրագրերի համակարգող Սերգեյ Հովհաննիսյանը, Փրկարար ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը և ոլորտի այլ պատասխանատուներ:

Հանդիպման նպատակն է եղել համատեղ քննարկել Փրկարար ծառայության դերը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում Շվեյցարիայի դեսպանատան և ԱԻՆ Փրկարար ծառայության միջև համագործակցության հնարավորությունները:

Ողջունելով հյուրին՝ ՓԾ տնօրենը կարևորել է հայ-շվեյցարական համագործակցության շրջանակներում իրականացրած աշխատանքները, ինչպես նաև նշել, որ առկա է համագործակցության հարուստ փորձ, ինչը բավական օգտակար էր և սա հիմք ընդունելով պետք է շարժվել առաջ:

Վրեժ Գաբրիելյանը ներկայացնելով արդեն ուժի մեջ մտած «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները՝ իր խոսքում նշել է, որ այն բավականին խոստումնալից և ոգեշնչող է, որը ենթադրում է օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների բավականին լուրջ ծրագրեր, կիրառումն ապահովող միջոցառումների շրջանակը, և որը կբերի համակարգի առավել արդյունավետ, արդարացի և օգտակար կառավարմանը:

ՓԾ տնօրենն անդրադարձավ նաև «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթներին, ընդգծելով, նախատեսվող փոփոխություններով կարգավորվող արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, վաղ վերականգնման և արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացների պատշաճ ապահովումը, արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմքերը հայտարարելու մասին որոշման ընդունման հնարավորության կարևորությունը, ինչը կբերի արտակարգ իրավիճակների դեպքում առավել կազմակերպված համակարգ ունենալու հնարավորության:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆաբիեն Ռայդերը հետաքրքրվել է, թե որքանով է անվտանգ և արդյոք գնահատվում է ռիսկերը արտակարգ իրավիճակների, աղետների դեպքում, ինչպես է իրականացվում Շվեյցարիայի դեսպանատան հետ համագործակցությունը նման դեպքերում:

ՓԾ տնօրենը հավաստիացրել է, որ բոլոր ազգային պլաններում հստակ ամրագրված և մշակված են համապատասխան գործողություների ցանկը, ըստ որի էլ կազմակերպվում են դեսպանատների հետ տարվող աշխատանքները:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով հետաքրքիր զրույցի և բոլոր հարցերին առարկայական պատասխաններ ստանալու համար՝ Ֆաբիեն Ռայդերը հույս է հայտնել ամրապնդել և զարգացնել հետագա գործակցությունը:

Հանդիպման ավարտին, Վրեժ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնելով Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատանը, պատրաստակամություն հայտնեց զարգացնել հետագա համագործակցությունը:

← Վերադառնալ ցուցակին