Նորություններ

Պաշտոնական

Ե՞րբ և ո՞ր հեռախոսահամարին պետք է զանգահարել. ԱԻՆ-ում մասնագետները բացատրում են երեխաներին

19:27 / 27.02.2020



ԱԻ նախարարություն էին այցելել «A+skills» ուսումնական կենտրոնի փոքրիկ սաները: Ճանաչողական այցի նպատակը մեկն էր՝ բարձրացնել երեխաների իրազեկվածության մակարդակը, ծանոթացնել փոքրիկներին առաջին բուժօգնության կանոններին և փրկարարի աշխատանքին:

Սկզբում փոքրիկներն այցելեցին ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անհետաձգելի բժշկական օգնության բաժին: Երեխաներին սիրով ընդունեց ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Աննա Բարսեղյանը: Աննա Բարսեղյանը երեխաներին ծանոթացրեց փորձարարական մանեկեններին և առաջին բուժօգնության մի քանի կանոն բացատրեց: Արտակարգ դեպքերի, պատահարների և այլ իրավիճակների վերաբերյալ ավագ հրահանգիչը հարցեր ուղղեց երեխաներին: Փոքրիկները բավականին ակտիվ էին հարց ու պատասխանի ժամանակ: Մայոր Բարսեղյանը բացատրեց երեխաներին, թե որ դեպքում է անհրաժեշտ զանգահարել 911 հեռախոսահամարին և ինչ է հարկավոր իմանալ 911 զանգահարելիս:

6-ամյա Քրիստը հպարտորեն բարձրաձայնեց իրենց տան հասցեն և նշեց, որ արդեն գիտի երբ, որտեղ և որ հեռախոսահամարին պետք է զանգահարել արտակարգ դեպք-պատահարի ժամանակ:

Փոքրիկների հաջորդ շրջայցն ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժինն էր, որտեղ նրանց դիմավորեցին բաժնի աշխատակիցները: «A+skills» ուսումնական կենտրոնի սաները եղան հոգեբանական աջակցության բաժնի բոլոր սենյակներում, որից հետո ԱԻՆ փ/ծ մայոր Արևիկ Երիցյանը պատմեց հոգեբանի մասնագիտության մասին և թե ինչպես են նրանք դեպքի վայրում տուժածին ցուցաբերում հոգեբանական աջակցություն:

← Վերադառնալ ցուցակին