Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն փրկարար ծառայությունում

17:25 / 02.03.2020



Մարտի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների, առաջացած հարցերի, ինչպես նաև՝ ՀՀ մարզերում ճանապարհների անցանելիության վերաբերյալ, նշվեց, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը զեկուցեց, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մեկ շաբաթով դասընթացները բոլոր ուսումնական հաստատություններում դադարեցվել են, սակայն իրենք էլեկտրոնային կարգով կշարունակեն ուսուցումը:

Օրվա կարևոր թեմային անդրադառնալով՝ Վրեժ Գաբրիելյանը Ծառայության կազմակերպման վարչությանը հանձնարարեց կազմակերպել կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթերի տարածումը բոլոր փրկարարական ջոկատներում՝ իրազեկման նպատակով:

Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով Բժշկական ապահովման վարչության պետ Կ. Աթոյանին հանձնարարվեց լինել ավելի խիստ, ամեն օր առավոտյան աշխատակիցներին ստուգել և առավել ուշադրություն ցուցաբերել վերին շնչառական ուղիների hիվանդության դեպքերի նկատմամբ: Իսկ մարզային փրկարարական վարչություններից անձնակազմի hիվանդության դեպքերի մասին ստացվող տեղեկատվությունը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միջոցով փոխանցել Բժշկական ապահովման վարչությանը՝ մոնիթորինգ իրականացնելու նպատակով:

Հանձնարարվեց խորհրդատվության պատշաճ կազմակերպում իրականացնել 911 ահազանգման կենտրոնի օպերատորների համար, որպեսզի նման ահազանգի դեպքում օգնեն քաղաքացուն ճիշտ կողմնորոշվելու, հորդորեն բժշկի դիմելու համար, իսկ լուրջ խորհրդատվության կարիք ունեցողների զանգերին կպատասխանեն Բժշկական ապահովման վարչության մասնագետները:

Մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններին հանձնարարվեց սերտ համագործակցել մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի առողջապահության ստորաբաժանումների հետ, կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքներում, անհրաժեշտության դեպքում, համապատասխան օպերատիվ արձագանքումը կազմակերպելու նպատակով:

Ծառայության տնօրենը կրկին անդրադարձավ անձնակազմի ուսուցման հարցին և ընդգծեց դրա կարևորությունը: Փրկարար ուժերի վարչությանը հանձնարարվեց մինչև շաբաթվա վերջ տնօրենին զեկուցել ՀՀ տարածքում բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման իրականացման առանձնահատկությունների մեթոդական ուղեցույցի դրույթների հիման վրա ստուգարքները հանձնելու մասին:

Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությանը հանձնարարվեց ընդհանրացնել և մինչև մարտի 3-ը ներկայացնել հրշեջ-փրկարարական ջոկատների չվերանորոգված շինությունների ցանկը՝ հետագա աշխատանքները կազմակերպելու նպատակով:

Փրկարար ծառայության տնօրենը գնահատելով փետրվար ամսվա տնօրենի ուսումնական խմբի պարապմունքները, նշեց, որ առաջին անգամն է, որ ուսումնական պարապմունքներում համադրվեցին աշխատակիցների տեսական գիտելիքները գործնական հմտությունների հետ:

Խորհրդակցության ընթացքում Վ. Գաբրիելյանն անդրադարձավ նաև Փրկարար ծառայության գործունեության հետ առնչվող մի շարք այլ հարցերի:

← Վերադառնալ ցուցակին