Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն Փրկարար ծառայությունում

17:57 / 09.03.2020



Մարտի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների, հանձնարարականների կատարման ընթացքի, առաջացած հարցերի, ինչպես նաև՝ ՀՀ մարզերում ճանապարհների անցանելիության վերաբերյալ, նշվեց, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ծառայության տնօրենը մինչ հիմնական հարցերին անդրադառնալը շնորհակալություն հայտնեց Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարարական աշխատանքներ իրականացրած աշխատակիցներին՝ Արագած լեռան վրա Լեհաստանի Հանրապետության երկու լեռնագնացներին օգնելու և Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարարներին՝ դեպի «Թռչկանի» կոչվող ջրվեժ տանող ճանապարհին կորած ՌԴ երկու քաղաքացիներին գտնելու և օգնություն ցուցաբերելու համար:

Ծառայության տնօրենին զեկուցվեց ՀՀ տարածքում բարձրահարկ շենքերում հրդեհաշիջման իրականացման առանձնահատկությունների մեթոդական ուղեցույցի դրույթների հիման վրա անցկացրած ստուգարքների արդյունքների մասին ամփոփ տեղեկատվություն:

Բժշկական ապահովման վարչության պետ Կ. Աթոյանը ներկայացրեց Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով անցկացրած մոնիթորինգի արդյունքները:

Անդրադառնալով անտառային և խոտածածկ տարածքների հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման գործընթացին՝ Վ. Գաբրիելյանը նշեց անտառտնտեսությունների և այլ շահագրգիռ մարմինների հետ փոխհամագործակցության վերաբերյալ ամբողջական պլանների կազմման կարևորությունն ու նշանակությունը: Ինչպես նաև հանձնարարեց, որ պլաններում ընդգրկվեն Երևանի քաղաքապետարանի նաև այն տարածքները, որոնք իրենց վերահսկողությունից դուրս են և սեփականատերը պարտավոր է խնամել, հսկել, իրականացնել անտառային և խոտածածկ տարածքների հրդեհային անվտանգության կանխարգելիչ միջոցառումներ:

Փրկարար ծառայության տնօրենը կարևորելով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի միջև համատեղ կրթական ծրագրերի իրականացումը, հանձնարարեց շարունակել թեկնածուների առաջադրումը՝ երկամյա վերապատարաստման դասընթացներին մասնակցելու համար, ինչը կբերի քաղաքացիական պաշտպանության ոլորտում բարձրակարգ մասնագետներ պատրաստելու համար արդյունավետ համակարգ ստեղծելու հնարավորություններ:

Խորհրդակցության ավարտին ծառայության տնօրենը ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի կողմից «Փոխհամագործակցություն-2019» կրծքանշան փոխանցեց ՃԿԱԿ օպերատիվ հերթափոխի խմբի բաժնի պետ Արսեն Սարոյանին՝ ՀԱՊԿ շրջանակում անցկացված համատեղ ուսումնավարժություններին ակտիվ մասնակցության, հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների պատրաստման և միջազգային միջգերատեսչական համագործակցության համար:

Խորհրդակցության ընթացքում Վ. Գաբրիելյանն անդրադարձավ նաև Փրկարար ծառայության գործունեության հետ առնչվող մի շարք այլ հարցերի:

← Վերադառնալ ցուցակին