Նորություններ

Պաշտոնական

ԱԻ նախարարությունում գումարվեց օպերատիվ շտաբի հերթական նիստը

19:27 / 13.03.2020



Մարտի 13-ին ԱԻ նախարարությունում գումարվեց ՀՀ վարչապետի 2019 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի հերթական նիստը, որը նախագահեց աշխատանքային խմբի ղեկավար ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նախարարը ներկայացրեց հանրապետությունում ստեղծված մտահոգիչ հրդեհավտանգ իրավիճակը, նշեց պատճառները և առաջարկեց հստակ լուծում: «Բոլոր գերատեսչությունները պետք է միասնաբար, ամենօրյա ռեժիմով, համագործակցված աշխատեն կանխարգելման նպատակով: Վիճակի լրջությունը ստիպում է նաև կիրառել պատիժներ: Որպեսզի սակավ անտառներ ունեցող մեր երկրում չունենանք անդառնալի կորուստներ, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման բոլոր մարմինները պետք է առավելագույն աչալրջություն ցուցաբերեն, իսկ իրավապահ համակարգը՝ խստագույնս կիրառի օրենքով սահմանված պատժամիջոցները»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ լրջագույն խնդիրներ է առաջացնում ջրային ռեսուրսի սակավությունը: Քաղաքներում քիչ են հիդրանտները, կան չաշխատող հիդրանտներ, քիչ չեն նաև այն հիդրանտները, որոնք տարբեր տեխնիկական պատճառներով չեն համընկնում հրդեհաշիջման մեքենաների տեխնիկական հնարավորություններին:

Խնդրահարույց է նաև բարձր հարկայնություն ունեցող շենքերում հրդեհաշիջում իրականացնելը, որովհետև ժամանակին չեն կառուցվել կամ չեն աշխատում հակահրդեհային համակարգերը: Շատ դեպքերում այդ համակարգերը միացված չեն ջրատարներին: Այս և բազմաթիվ այլ խնդիրներ լուծելու համար աշխատանքային խումբը առաջարկեց կիրառել տուգանքներ կամ մեծացնել տուգանքների չափը, նոր կառուցվող բարձրահարկ շենքերի տեխնիկական պայմաններում պարտադիր նորմ դարձնել հակահրդեհային համակարգերի առկայությունը: Բոլորը եկան միահամուռ կարծիքի, որ հարկավոր է հաշվառել խնդիրները, դրանք ուղղորդել պատասխանատու կառույցներ և անհրաժեշտության դեպքում՝ օգտագործել պետության պարտադրող ուժը:

Նիստի օրակարգում ներառված էր Երևանի Սարի թաղում, Տավուշի մարզի Վազաշեն և Ներքին Ծաղկավան համայնքներում սողանքային երևույթների պատճառով բնակիչների դիմումների քննությունը: Որոշվեց վերոնշյալ տարածքներում չորրորդ կարգի վթարայնություն ունեցող տների համար առաջարկել կառավարությանը հրատապության կարգով լուծել բարձրացված խնդիրները: Վնասվածության մնացած դեպքերում, լրացուցիչ ուսումնասիրություններից հետո, համապատասխան առաջարկ կներկայացվի կառավարություն: Նիստի ավարտին նախարար Ցոլակյանը ներկայացրեց իր կողմից ստորագրված անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում արձագանքման պլանի օրինակելի ձևը:

← Վերադառնալ ցուցակին