Նորություններ

Պաշտոնական

Երկրաշարժի վերաբերյալ իրազեկման միջոցառում դպրոցականների մասնակցությամբ

18:35 / 29.01.2021



Գառնու երկրաֆիզիկական դիտարանի 60 մետր խորության վրա գտնվող հատուկ թունելախորշում, որտեղ ամբողջ տարվա ընթացքում պահպանվում է կայուն 18 աստիճանը, գտնվում է տարածաշրջանում եզակի երկբաղադրիչ կվարցային դեֆորմոգրաֆը, որը ֆիքսում է երկրակեղևի շարժը` որպես հնարավոր երկրաշարժի ազդակ: Սեյսմիկ ակտիվությանը հետևող դիտարանն այցելուների վերջին կանգառն է՝ երկրաշարժերի ծագմանը, կանխատեսման հնարավորություններին, դրանցից պաշտպանվելու կանոններին տեսականորեն ծանոթանալուց հետո:

Ըստ հետազոտությունների, երկրաշարժի վտանգը հանրապետությունում կազմում է բնական աղետների ընդհանուր վտանգի մոտ 90 %-ը: Թերևս սա է պատճառը, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո որդեգրվել է իրազեկման նոր քաղաքականություն։ Բնակչության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ տարիներ շարունակ ԱԻ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմակերպած պարապմունքներին մասնակցում են հասարակության ամենատարբեր խմբեր՝ դպրոցականներից մինչև պետական ծառայողներ:

Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի աշակերտներին ևս սահմանված ծրագրով ներկայացվել է երկրաշարժերի պատմությունը, սեյսմոլոգների կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունը և երկրաշարժերի ժամանակ պաշտպանվելու գլխավոր կանոնները:

← Վերադառնալ ցուցակին