Աշխատողների արհեստակցական կազմակերպություն

Անցուդարձ

Էքսկուրսիան արտակարգ էր, օրվա խորհուրդը նույնպես

15:47 / 06.07.2017

Հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ, ՀՀ ԱԻՆ աշխատողների արհեստակցական կազմակերպությունը կազմակերպեց էքսկուրսիա՝ Ստեփանավան-Լոռվա Բերդ – Դենդրոպարկ ուղղությամբ: Արշավի մեկնարկին Ահկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը շնորհավորեց ներկաներին Սահմանադրության օրվա կապակցությամբ.

-Այսօրվա սերունդը բախտ ունի ազատ ու անկախ երկրում ապրելու, մայր օրենք ունենալու պատիվ ունի: Սա լավագույն առիթ է տոնելու և այսպիսի արշավներ կազմակերպելու, - նշեց տիկին Մելիքյանը:

Արշավը մեկնարկեց ՀՀ ԱԻՆ շարահրապարակից: Առաջին կանգառը միջնադարյան անառիկ ամրոց Լոռվա Բերդն էր, որի հնագույն պատմությանն ու պատմական ակունքներին ծանոթանալուց հետո արշավականները շարժվեցին հայ հեղափոխական գործիչ Ստեփան Շահումյանի տուն-թանգարան, որն այսօր դարձել է Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն: Թանգարանի հոգևոր-մշակութային նմուշները լիակատար պատկերացում տվեցին մեծ հայի և մեր նախնիների կյանքի ու կենցաղի մասին:

էքսկուրսիայի վերջին վայրն աշխարհի լավագույն բուսաբանական այգիներից մեկն էր՝ Դենդրոպարկը: Սոճուտը դեռ երբեք այդքան արտակարգ չէր եղել. թավուտներում հնչեց կիթառը (բոլորը գիտեն, որ երբ նվագում է ՀՀ ԱԻՆ թանգարանի տնօրեն Հայկ Գալստյանը, այլընտրանքը մեկն է ՝ երգելը)..,ու հնչեցին հին ու բարի երգեր: Հետո երգերը տաղեր դարձան, ու տունդարձի միտքը կամաց-կամաց «օտարացավ»: Բայց օրն այդքանով չավարտվեց. ավտոբուսը կանգ առավ ուղիղ հենց տուն տանող ճամփին, «հրաժարվեց» տեղ հասցնել: Էքսկուրսիան արտակարգ էր, իրավիճակը՝ նույնպես, բայց ԱԻՆ աշխատակիցը լավ գիտի, որ եթե նույնիսկ պահն ամենադժվարինն է, անհուսալին կամ անելանելին, պետք չէ վհատվել: Խնդիրն իհարկե արագ հաղթահարվեց, իսկ ավտոբուսը շարունակեց ուրախ ընթացքը:

Հ.Գ.Այսպիսի արշավներն առաջին հերթին Հայաստանը ճանաչելու լավագույն հնարավորություն են տալիս և ոչ միայն. արշավականները խոստովանում էին՝ էքսկուրսիայից հետո ավելի մտերմացան:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր