Աշխատողների արհեստակցական կազմակերպություն

Անցուդարձ

Ուղևորություն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի. գտանք քաղաքի գեղեցկության գաղտնիքը…

17:20 / 11.10.2019

Հոկտեմբերի 5-ի լուսաբացը ԱԻՆ աշխատակիցների համար սկսվեց հերթական էքսկուրսիայով: Ուղևորվեցինք դեպի հարևան Վրաստան՝ Թբիլիսի: Երկօրյա ուղևորությունը ի սկզբանե խոստումնալից էր:

Անկախությունից հետո, շատերի հիացական վերաբերմունքը Թբիլիսիի հանդեպ, ինքնին արդեն տրամադրում է, որ առաջին անգամ Թբիլիսի գնալիս մեծ ակնկալիքներ ունենաս: Թվում է, թե Երևանից շուրջ 300 կմ հեռավորության վրա պետք է նույնանման քաղաք տեսնես: Բայց պարզվում է՝ ոչ: Ու, մեր զբոսավարի՝ Վաչեի հետ միասին շրջում ենք…

Օր առաջին:
Զբոսանք հին Թիֆլիսի տեսարժան վայրերով, Թբիլիսի-Մցխեթա քաղաք՝ Ջվարի վանական համալիր, Սվետիցխովելի տաճար, զբոսանք Ռուսթավելի պողոտայով, Մելիք-Ազարյանցի, Մանթաշովի, Արամյանցի տուն-շինություններ, Սոլոլակի թաղամաս, Ազատության հրապարակ՝ 19–րդ դարում Ազատության հրապարակը կոչվել է Երևանյան հրապարակ, զբոսանք Աղմաշենբելի պողոտայով, նավարկություն Քուռ գետի երկայնքով…զմայլվել երեկոյան Թբիլիսիով.

Վրացական մտավորականությունը, որը գիտի իր երկրի պատմությունը, անշուշտ կհամաձայնի մեզ հետ…

Թբիլիսիի պատմությունը` ինչպես Վրաստանի մայրաքաղաք, սկսվում է 5-րդ դարից: Իր 1500-ամյա պատմության ընթացքում Թբիլիսին եղել է որպես կարևոր մշակութային, քաղաքական և տնտեսական կենտրոն Կովկասում: Այն գտնվել է կարևոր առևտրային խաչմերուկում և մոտ քսան անգամ զավթվել է արտաքին թշնամուց: 1991 թվականից անկախ Վրաստանի մայրաքաղաքն է: Քաղաքն ունի 1.18 մլն բնակչություն: Ըստ մարդահամարի տվյալների` այստեղ ապրում է շուրջ 82 հազար հայ: Իսկ մինչև 1922 թվականը հայերը գերակշռող են եղել Թբիլիսիի բնակիչների թվում: 1821 թվականի հաշվարկի համաձայն Թիֆլիսում կային. վրացիների ու ռուսների 417, հայերի՝ 2951 տուն։ Անհավանական, բայց միևնույն ժամանակ ստույգ է, - գրում է Վլադիկինը, - որ 1803 թվականին Թիֆլիսում կար 2700 տուն, որոնցից 2500-ից ավելին բնակեցված էր հայերով: Այդ դեպքում, կարելի է ասել, մայրաքաղաքը փաստացի պատկանում էր հայերին(Վլադիկինի կովկասյան ուղեցույց, էջ 300): Իսկ Դ.Բաքրաձեն հաստատում է, որ եվրոպական ոճի տների մեծ քանակությամբ պարտական են հայերին: «Տների, առևտրային և այլ կազմակերպությունների մեծ տոկոսը գտնվում էր հայերի ձեռքում …» - հիշում է Դմ. Շալիկաշվիլին:

Ժամանակին Թբիլիսիում ապրել և այդ քաղաքի կառուցման ու զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել բազմաթիվ մեծանուն հայեր, որոնցից են Միքայել Արամյանցը, Ալեքսանդր Մանթաշյանցը: Նրանց կառուցած շքեղ շենքերից մինչ օրս պահպանվում են այս քաղաքում… Ինչևէ, տեսանք, հուզվեցինք, մտորեցինք…արդյո՞ք դասեր առանք...ու անցանք կողքով՝ օտարի պես:

Օր երկրորդ: Հավլաբար, Խոջիվանքի գերեզմանատուն՝ հայկական պանթեոն,Նոր Էջմիածին եկեղեցին, Մետեխի եկեղեցին, Սամեբա տաճար, Նարիկալա՝ Թբիլիսի ամրոց, Աբանոթուբանի ծծումբային բաղնիքներ, Արծրունիների իջևանատուն, Խաղաղության կամուրջ: Ապա ճոպանուղիով դեպի Նարիկալա ամրոց և անմոռանալի տեսարան, երբ այդ բարձունքից երևում է ամբողջ քաղաքը, կանաչապատ տարածքների առատությամբ, քրիստոնեական եկեղեցիների գմբեթները վեր խոյացած խաչերով ու ժամանակակից նոր կառույցներով…ահա այս քաղաքի յուրահատուկ կոլորիտը, որ գերում է բոլորին:

Հուզիչ էր Հավլաբարը. երբեմնի «26 Կոմիսարներ», Թբիլիսիի հնագույն թաղամասերից մեկը, այստող, 19-րդ դարում բնակչության մեծամասնությունը հայեր էին: Նախկինում եղել է Վրաստանի տարածքում գտնվող հայ մտավորականության կենտրոնը։

Հուզիչ էր հայկական պանթեոնը, հայկական եկեղեցին, Սայաթ-Նովան,,,ով հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ-Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի մարզի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։

Բայց այս քաղաքի ամենամեծ առավելությունը հին քաղաքի առկայությունն է` Մետեխի պատմական թաղամասը, նախորդ դարից մնացած մի քանի սալահատակ փողոցները՝ իրենց բնորոշ շենքերով: Եվ հենց Հին Թբիլիսին է, որ ոչ միայն հայերին, այլ զբոսաշրջիկներին առավել շատ գրավող վայրն այս քաղաքում: Թբիլիսիի մասին խոսելիս զբոսավարը նշում էր, որ ցանկացած վայրում որևէ գեղեցիկ, ժամանակակից կառույց կամ պահպանված հնության մասին խոսելիս վրացիները չեն մոռանում նշել` Սահակաշվիլին է կառուցել կամ վերականգնել, կարևորելով գործը միայն…

Ամենատպավորիչը ժամանակակից բարձրահարկ շենքերից զերծ կենտրոնն էր: Բարձրահարկեր կան ինչքան ասես, սակայն դրանք քաղաքի, այսպես ասած, փոքր կենտրոնից դուրս են: Կենտրոնում մեծ մասամբ պահպանվել են հին շենքերը, և հենց սա է, որ մեզ գրավեց…գտանք Թբիլիսի քաղաքի գեղեցկության գաղտնիքը… հնության ոգին կրող կենտրոն. նորերն էլ կառուցվել են հների նմանությամբ. նոր շենքերը չեն խաթարում հնության ոգին, որ քաղաքին հաղորդում է XIX-XX դարերի շենքերով աչքի ընկնող կենտրոնը…

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր