Նորություններ

ԶԼՄ-ները մեր մասին

Սպիտակի երկրաշարժից հետո շատ բան փոխվեց

00:00 / 12.06.2014

Օրերս ՀՀ ԱԻ նախարարություն հյուր էր եկել Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորի խորհրդական Թամարա Ալոյանը: Սպիտակի երկրաշարժի տարիներին Թ. Ալոյանը զբաղեցրել է Հայաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի Ապարանի շրջկոմի առաջին քարտուղարի պատասխանատու պաշտոնը, եղել կենտկոմի պլենումի անդամ և զգալի ներդրում ունեցել աղետի արձագանքման, տուժածներին օգնություն ցուցաբերելու կազմակերպչական հարցերում: Տիկին Ալոյանը սիրով ցանկություն հայտնեց կիսվել մեզ հետ իր հիշողություններով ու քաղած դասերով:

 

1988 թ. դեկտեմբերի 7-ին` վաղ առավոտյան ՀԿԿ կենտկոմի մեր շրջանի պատասխանատու կազմակերպիչ Նինա Բլախինայի և գործկոմի նախագահ Մարատ Պողոսյանի հետ զբաղված էինք Բաքվից և դրա շրջակայքից բռնի տեղահանված ու Ապարանի շրջան եկած փախստականների տեղավորման հարցերով, որոնց նախորդ օրերին տեղավորել էինք քաղաքային հիվանդանոցում:

Հետաքրքիր է, որ նախորդ օրը` դեկտեմբերի 6-ին, Ապարանում տաք անձրև էր գալիս, իսկ մեր այգու խնձորենին բողբոջել էր ու ծաղկել… Շշմելու բան էր…

Ցնցումից առաջ ահավոր աղմուկ լսվեց: Ինձ թվաց, թե տանկերի շարասյուն է հզոր դղրդյունով անցնում Արագած լեռան լանջով: Հաջորդ ակնթարթին իմ սենյակի առաստաղն աչքերիս առաջ մի քանի անգամ դարձավ շեղանկյուն, իսկ հետո նորից ուղղանկյուն և, կարելի է ասել, փլվեց ծեփոններով: Երբ ես ոտքի կանգնեցի ու հորդորում էի ներկաներին խուճապի չմատնվել, հաջորդ հարվածը, որ, կարծես, ներքևից դեպի վեր էր, ինձ շպրտեց կողքի դիմադիր սեղանի վրա, որտեղ դրված էին հեռախոսներն ու հեռակապի սարքավորումները: Այդ պահին ես հասկացա, որ տեղի ունեցածը երկրաշարժ էր: Հանձնարարեցի անմիջապես լքել շենքը:

Երբ դուրս եկանք, առաջին հարկից ջրի խշշոց էր լսվում: Դա նշանակում էր, որ ջեռուցման մարտկոցները պոկվել էին, ու ջուրը լցվում էր շենքի ներսը: Ես նորից ուզում էի շենք վերադառնայի, որ զանգեի, բայց այդ պահին իմ կողքին հայտնվեց կապի բաժանմունքի պետ Ստեփանյան Բենիկը, և հայտնեց, որ ամբողջ АТС-ը շրջվել է, ու կապ չկա: Այդ վայրկյանին հայտնվեց մեր տան շունը (Զևս անունով հովվաշուն): Պարզվում է, որ նա կտրել էր կապն ու մորս փեշից բռնած տնից դուրս քաշել նրան, իսկ հետո վազել էր ինձ մոտ: Երբ ուզում էի շենք մտնել, շունն իմ ճանապարհը կտրեց և ուղղվեց դեպի դպրոց, որտեղ երեխաներս էին: Ես շան հետևից վազեցի դպրոց, որը ռայկոմին մոտ էր գտնվում: Բոլոր երեխաներն ուսուցիչների հետ արդեն դրսում էին` ահաբեկված ճչում ու լաց լինում: Փորձեցի երեխաներին հանգստացնել և տուն ուղարկել` ասելով, որ երկրաշարժն արդեն անցավ: Մեծ տղաս` Տիրանը, որն այդ ժամանակ 8-րդ դասարանում էր սովորում, գտել էր փոքր եղբորը, որ 8 տարեկան էր, գրկել ու լաց էին լինում: Տղաս մինչև հիմա հիշում է, որ դասարանի պատը փլվել էր, ու գետը երևում էր…

Ես վերադարձա կենտրոն: Մի քանի րոպե անց մի բեռնատար մեքենա կանգնեց հրապարակում` ամբողջությամբ փոշու մեջ կորած: Վարորդը (անունը չեմ հիշում) մեջից դուրս թռավ, այլայլված դեմքով մոտեցավ ու գոռաց. «Սպիտակը չկա… Աչքիս առաջ մեկ ակնթարթում ամեն ինչ հողին հավասարվեց»: Նա կանգնած էր եղել Սպիտակի հանրախանութի առջև, իսկ ընկերը մտել էր խանութ` մեխ գնելու: Նրան հետո գտան փլատակներից` մի բուռ մեխ ձեռքում սեղմած…

Խնդրեցի, որ մի հնար գտնեն կապվելու ՀԿԿ կենտկոմ ու միաժամանակ դիմեցի հրապարակում հավաքված ժողովրդին, որ հասնեն Սպիտակ` օգնության: Հանձնարարեցի ավտոկայանի պետին, որ բահեր, քլունգներ, ինչ հնարավոր էր, վերցնեին ու հասնեին Սպիտակ` մեքենաներով, ավտոբուսներով…

Մինչ ժողովուրդն ինքնաբուխ նետվեց սպիտակցիներին օգնության` կապի բաժանմունքի պետն ինձ ուղեկցեց զինվորական ստորգետնյա կացարան (որը պատերազմի ժամանակ կարող էր որպես շտաբ ծառայել), որտեղ դրված էին բոլոր շրջանների հետ կապ հաստատելու առանձին հեռախոսներ: Անմիջապես ձեռքս վերցրի Լենինականի հեռախոսը, բայց այն լուռ էր… Ստորգետնյա կաբելը վնասվել էր ու կապը` կտրվել… Նույնն էր նաև Սպիտակի, Արթիկի ու Կիրովականի դեպքում: Վերցրի Երևանին կապող հեռախոսն ու հավաքեցի ՀԿԿ կենտկոմի կառավարական կապի հեռախոսահամարը: Ինձ պատասխանեց այն ժամանակ Մոսկվայից մեզ մոտ նշանակված ՀԿԿ երկրորդ քարտուղար Կոչետկովը: Ես նրան ասացի, որ ահավոր երկրաշարժ է տեղի ունեցել և Սպիտակը չկա: Հավանաբար իմ ահաբեկված ձայնը դուր չեկավ ռուս ղեկավարին, և նա պատասխանեց. «Не паникуйте, Тамара! Вы что – своими глазами видели, что Спитака нет?» ու անջատեց հեռախոսը…

Ես նորից զանգեցի և օգնականին խնդրեցի, որ միացնեն ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանին, որովհետև ես հենց նրա հետ էի ուզում խոսել: Օգնականն ասաց, որ հիմա կենտկոմի բյուրոյի նիստ է ընթանում, սակայն ես ասացի, որ դա ոչ մի նշանակություն չունի, սենյակում` 1-ին քարտուղարի մոտ հեռախոս կա: Ասացի, որ ահավոր երկրաշարժ է եղել, ցնցումները դեռ շարունակվում են ու պնդեցի, որ միացնեն: Երբ վերջապես ինձ միացրեցին Սուրեն Գուրգենիչին, առաջին հարցը, որ տվեցի բարևից հետո, այս էր. «Դուք երկրաշարժը չե՞ք զգացել»: Ասաց` զգացել են: Երկրորդ հարցս էր. «Եվ ի՞նչ եք արել»: Ասաց, թե ստուգել են արդյոք ատոմակայանին ոչինչ չի՞ եղել ու շարունակել են բյուրոյի նիստը: Ես այդ պահին ուղղակի գոռացի հեռախոսի մեջ. «Խնդրում եմ, Սուրեն Գուրգենիչ, անմիջապես դադարեցրեք բյուրոյի նիստը: Սպիտակը չկա, ու ես խոսում եմ ստորգետնյա զինվորական շտաբից, որտեղ չեն աշխատում Կիրովականի, Սպիտակի, Լենինականի ու Արթիկի հեռախոսները: Դա նշանակում է, որ կենտրոնը Լենինականն է»: Ես այդպես էի մտածում, քանի որ գիտեի, որ նախկինում այնտեղ էլի է երկրաշարժ եղել: Իմ զանգից անմիջապես հետո բյուրոյի նիստը դադարեցրել էին: Այդ օրը բյուրոյում հաստատվում էր նաև Սպիտակի առաջին քարտուղար Նորիկ Մուրադյանը: Զանգելուց հետո ես մի փոքր հանգստացա, որ արդեն տեղյակ են կատարվածի մասին:

Դրանից հետո նորից վերադարձա հրապարակ: Այդ ընթացքում արդեն ապարանցիները հասել էին Սպիտակ ու մարդկանց ավտոբուսներով բերում էին մեզ մոտ: Առաջին ավտոբուսը, որ կանգնեց հրապարակում ու բացեց դռները… Ես ներսում` նստարանների արանքում, հատակին երեխայի դի տեսա (զգուշորեն սրբում է արցունքները)… Ծնկներս ծալվեցին… Ահավոր սթրես էր ինձ համար… Չէի դիմանում այդ տեսարանին… Մինչև հիմա ես գրեթե չեմ խոսել այս թեմայով, երկար ժամանակ խուսափում էի… Չէի կարողանում, հուզվում էի, սկսում լացել (կրկին սրբում է արցունքները)… Ավտոբուսից իջած մարդիկ ասես խելագարված լինեին: Մի կին, տնային անթև խալաթով ու հողաթափերով, խելագար ճիչեր էր արձակում ու լաց լինում… Երեխաներին էր կանչում…

Մի կերպ ինձ հավաքեցի ու մտածում էի, թե ինչ կարող ենք անել: Բարեբախտաբար` ամեն ինչ մոտակայքում էր` հիվանդանոցը, շտապօգնությունը: Բոլորին մոբիլիզացրեցի, բայց հիվանդանոցի շենքն էլ էր վնասվել ու մտածում էին, որ կարող է հանկարծ փլվել, այնտեղ մարդ տեղավորելը վտանգավոր է: Այն ժամանակ (հիմա էլ կա) Ապարանում կար արտակարգ իրավիճակների դեպքում բժշկական և այլ տիպի օգնության բազա, որը պետք էր օգտագործել միայն պատերազմի դեպքում: Սակայն ես ասեցի, որ բացեն դռներն ու այնտեղից սկսեցին բերել պատգարակներ, վրաններ, դեղորայք և այլն: Ապարանի հրապարակը վերածվեց 1-ին օգնության կենտրոնի: Իմ կենտկոմ զանգելուց քիչ անց երկնքում ինքնաթիռներ երևացին, որոնք երևի օդային հետախուզություն էին անում, հետո Երևանից օգնություն սկսեց գալ: Չնայած մեր ամբողջ բժշկական անձնակազմն արդեն ոտքի էր ելած ու մարդկանց արագ օգնություն էին ցուցաբերում: Ասացի, որ մահացածներին չբերեն մեզ մոտ, չի կարելի նման բան անել… Իսկ սկզբում բերած երեխաներին մենք թաղեցինք մեզ մոտ` Ապարանում: Նրանց ծնողներն այդպես էլ չգտնվեցին…

Հաջորդ օրերի ընթացքում Ապարան բերվեց շուրջ 6000 սպիտակցի, որոնցից մոտ 800-ը երեխաներ էին: Հետո նրանց անուն-ազգանունները գրանցեցինք, դրսում վրան էինք խփել, մեջը քարտուղարուհին նստած գրում էր անունները, հաշվառում ու ինչպես Բաքվի փախստականներին էին մարդիկ տարել իրենց տները, այս անգամ էլ սպիտակցիներին էին տեղավորում սեփական տներում: Բնակելի շենքերում չէին թույլ տալիս, որովհետև վախենում էինք, որ դրանք էլ կարող են փլվել: Ընտանիքներ կային, որ մի տարուց ավելի իրենց հարկի տակ պահեցին սպիտակցիներին, նույնիսկ բարեկամացան-խնամիացան:

Մեզանից քիչ ավելի ուշ աղետի գոտի օգնության հասան հարևան վրացիները, իսկ արտերկրից առաջինը ֆրանսիացիներն ու ֆրանսահայերն էին` հիմնականում բժիշկներ, դեղորայքով, շներով, որոնք երկու օր այնտեղ աշխատելուց հետո արդեն իրենք օգնության կարիք ունեին: Կեսգիշերին վերադարձան Ապարան: Մենք դրսում էինք` վրանների մեջ, սակայն արդեն որոշ հարցեր կարգավոր էինք, ես կարողանում էի մտնել իմ կաբինետ, կապը վերականգնել էինք: Ֆրանսիացիները մոտեցան մեզ` թե մի խնդրանք ունենք. «Քանի օր է` արդեն այստեղ ենք ու չենք կարողանում կապվել մեր ընտանիքների հետ, որ ասենք նորմալ տեղ ենք հասել»: Մեր կապի հանգույցում մի շատ լավ կապավոր ունեինք` Շուրան, ինքն ասաց, որ առաջին քարտուղարներն արտակարգ իրավիճակի դեպքում արբանյակային կապի հնարավորություն ունեն, որը ստեղծել էին Բյուրականի աստղադիտարանի մասնագետները: Այդ մասին ես տեղյակ չէի: Երեք րոպե հետո մենք միացանք Փարիզ, և այդ մարդիկ կարողացան խոսել իրենց բարեկամների հետ: Նրանք նույնիսկ զարմացել էին, որ Երևանից չէին կարողացել կապվել Ֆրանսիա, իսկ Ապարանից հաջողվեց:

Ես այդ ժամանակ հասկացա, որ մենք բացարձակ պատրաստ չէինք նման աղետի, նույնիսկ երկրի ղեկավարությունը չէր պատկերացնում, թե դա ինչ հետևանքներ կարող էր ունենալ: Ես մասնագիտությամբ ֆիզիկոս եմ և որոշ չափով ծանոթ էի այդ երևույթին: Օրինակ` մեր շան հետ կապված մայրս հետագայում պատմում էր, որ աղետից մի քանի օր առաջ շունն անընդհատ թաթերը քսում էր գետնին` վերցնում-դնում, որ մայրս նույնիսկ մտածել էր, թե թաթերի տակ վերք է եղել, որն անհանգստացնում է կենդանուն: Երեք օր շարունակ շունն այդ վիճակում է եղել: Փաստորեն` զգացել է, որ երկրաշարժ է լինելու: Լուրեր էին տարածվում, թե այդ երկրաշարժը սարքել են, բայց տեսեք, թե բնությունն ինչպես էր մեզ զգուշացնում: Բացի այդ` իմ հայրական տանն ապրող փրկված սպիտակցիները պատմում էին, որ ուղիղ մի օր առաջ նույն ժամին թույլ ցնցում են զգացել: Իսկ այդ ժամանակ մենք ուշադրություն չենք դարձրել, մենք պատրաստ չէինք ու չգիտեինք, թե ինչ պետք է անել:


Շատ դեպքերում ստիպված էի հիմնվել բնազդի վրա: Հրապարակում վրաններ խփելուց հետո ես հանձնարարեցի, որ ֆերմաներից թարմ կաթ կթեն, բերեն գրկի երեխաների համար: Տեղում տաքացնում-եռացնում էին, դեղատներից մանկական շշեր էինք բերում, ստերիլիզացնում, կաթ լցնում, մտնում ավտոբուսներն ու բաժանում երեխաներին: Կաթից բացի նաև դեղորայք, սնունդ էինք բաժանում, որ ուտեն, նոր ճամփա ընկնեն Երևան: Առաջին օրվա հոսքը շատ մեծ էր, բայց հետո մարդիկ չէին հեռանում, մնում էին փլատակների մոտ, որ իրենց հարազատներին գտնեն: Մենք ստիպված փռում հաց էինք թխում, տաք ճաշեր եփում ու կաթսաներով ուղարկում Սպիտակ:

Դեկտեմբերի 14-ին առատ ձյուն եկավ: Մի մետր ձյուն դրեց: Ժողովուրդն արդեն տաքության, տաք հագուստի, վառարանների կարիք ուներ: Իմ մոտ շտաբի նման մի բան էր ձևավորվել, ինչ պետք է լինում, զանգում էի կենտկոմ, առողջապահության նախարարին (այն ժամանակ Նարիմանովն էր), ասում էի ինչ է պետք` շտապօգնության մեքենաներ և այլն: Ցիստեռններով խմելու ջուր էինք ուղարկում: Կողքի շրջանների քարտուղարներին էլ էի ներգրավել, որ իրենք էլ օգնեն, մարդկանց իրենց շրջաններում էլ տանեն, տեղավորեն:

Զոհվածների դիերը փլատակներից հանում էին, շարում փողոցում, չգիտեին ինչ անել… Էլ չթողեցինք, որ բերեն մեր մոտ: Դե ես գնում-գալիս էի Սպիտակ, այնտեղ խոսեցի, մտածեցինք, որ մահացածների դիերը պետք է մի տեղ հավաքել, որ մարդիկ կարողանան գալ, տեսնել-գտնել իրենց հարազատներին: Որոշեցին, որ ամենահարմար տեղը Սպիտակի ստադիոնն է` մեծ, ազատ տարածք: Ովքեր արդեն ճանաչել էին իրենց հարազատներին, տանում էին թաղելու, կտորի մեջ փաթաթած… Ասի` էսպես չի կարելի, քրիստոնյա հայ մարդը չի կարող այդպես թաղվել: Հանձնարարեցի, որ մեր մոտ արհեստանոցներում արագ-արագ դագաղներ պատրաստեն ու տանեն Սպիտակ, որ մարդիկ կարողանան նորմալ ձևով հողին հանձնեն իրենց հարազատներին: Հետո վառարաններ պատրաստել տվեցի, որ մարդիկ տաքանան…

Հետաքրքիր է, որ մարդիկ արագ ու շատ պատրաստակամ արձագանքում էին ու օգնում: Մարդիկ միասնական էին, ինչպես 1918 թվին ապարանցիները միասին թուրքի դեմն առան, այնպես էլ այդ ժամանակ: Մինչև 3-4-րդ օրը դեռ փլատակներից մարդ էին հանում: Հիշում եմ` այնտեղի գործկոմի նախագահը` Ասատրյան Պավլիկը, հույսը կորցրել էր, որ կնոջը կգտնեն սեփական տան փլատակներից ու արդեն տրակտոր էր բերել փլատակները մաքրելու համար, մեկ էլ իմ եղբայրը, որ դահուկորդ սպորտսմեն էր ու իր ընկերների հետ նույնպես մասնակցում էր փրկարարական աշխատանքներին, ձայն է լսում… Զգուշորեն քանդելով ու դույլերով քիչ-քիչ հողը հանելով` փրկում են կնոջը: Երեք աղջիկ ունեին, հետո էլ մի տղա ունեցան… Ու միշտ ասում էր Ասատրյանը. «Իմ կնոջը դուք եք ինձ նվիրել, թե չէ ես արդեն հույսս կորցրել էի ու քիչ էր մնացել տրակտորով սպանեի կնոջս»…

Շատ այդպիսի դեպքեր եղան… Հետո մարդիկ կային, որոնց երեխաներին ուղարկել էին Երևան, չէին կարողանում գտնել նրանց, ով մնացել էր Ապարանում, ավելի հեշտ էր գտնվում: Հետագայում մենք ստեղծեցինք նաև երեխաների որոնման խումբ, որպեսզի իմանանք, թե ում ուր են տանում: Սկսեցինք ցուցակներ կազմել, լուսանկարներ անել, իրենք էին նկարներ բերում, հետո դրանցով գտնում էինք երեխաներին… Մինչև հիմա էլ այդ ցուցակները կան…



Սպիտակի երկրաշարժից հետո մեր ժողովրդի մեջ շատ բան փոխվեց` հոգեբանությունը, մտածելակերպը: Շատ բաներ խաթարվեցին ու աղճատվեցին: Երբ արտասահմանից սկսեցին օգնություն բերել ու բաժանել, այդ ժամանակ մարդիկ սկսեցին խլել իրարից, թալանել օգնության բեռները… Մարդկանց մեջ ընչաքաղցություն առաջացավ: Մարդիկ, որ ամեն ինչից զրկվել էին, սկսեցին ամեն միջոցի դիմել… Իհարկե, չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, բայց երկրաշարժից առաջ իրավիճակն այլ էր: Մեր ազգը մաքրամաքուր, բարձր գաղափարներով տոգորված… Հենց դրանով մենք հաղթեցինք Ղարաբաղում: Իսկ այն, ինչ երկրաշարժից հետո փոխվեց ժողովրդի հոգեբանության մեջ, դեռ շատ երկար չի վերականգնվի: Ու պիտի ասեմ, որ դրա համար որևէ ջանք չի արվում… Մենք դա կորցրել ենք: Մարդկային կորստից բացի շատ ուրիշ բաներ ենք կորցրել… Մարդիկ ավելի դաժան են դարձել միմյանց նկատմամբ, բայց դրանք այն մարդիկ են, որ երկրաշարժի ժամանակ օգնում էին իրար: Փրկարարական աշխատանքների ժամանակ Ապարանից 10 մարդ մնաց փլատակներում` մյուսներին օգնելիս… Մարդ կար, որ աղետի գոտուց վերադառնալուց հետո ինֆարկտ ստացավ` ծանր ապրումներից… Օրինակ` իմ տագրը, որ ժամանակին կորցրել էր իր երեխային, մանկապարտեզի փլատակներում էր աշխատել ու վերադառնալուց հետո ասաց, որ էլ չի դիմանում… Որ երեխաների լացն անընդհատ իր ականջներում է ու միանգամից ծնկի եկավ կանգնած տեղը… Ինֆարկտ էր ստացել, մի կերպ փրկեցինք…

Այսինքն, ավերմունքը շարունակվում էր նաև երկրաշարժից հետո` բարոյական, հոգեբանական… Որի դեմ մենք առ այսօր ոչինչ չենք արել:

***
Աղետից մի քանի ամիս անց Թ. Ալոյանի նախաձեռնությամբ «Արագած» ալպինիստական ակումբի բազայի վրա ստեղծվում է մշտական գործող փրկարար ծառայության դասընթաց-դպրոց, որին կարող էին մասնակցել ոչ միայն լեռնագնացները, այլև` տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ:

Լուսանկարում Թ. Ալոյանը լեհ փրկարարների հետ քննարկում է ապագա փրկարարական դասընթացները («Վերածնված Հայաստան» ամսագրի 1989 թ. ապրիլյան համարից)
 

← Վերադառնալ ցուցակին