Նորություններ

Այցեր և ելույթներ

Հարցազրույց

00:00 / 17.10.2008

Սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզում կայացած կառավարության երկրորդ արտագնա նիստում, գործադիրը հավանություն տվեց մարզերի զարգացման ծրագրերի կազմման ու իրականացման հայեցակարգին: Սույն փաստաթղթի մանրամասների մասին "Իրավունքը-դե ֆակտո"-ի հարցերին պատասխանում է ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

- Պարոն Տերտերյան, նախ խնդրեմ ներկայացնեք, թե ինչպիսի՞ կառուցվածք են ունենալու այդ ծրագրերը:

-Մարզային զարգացման ծրագրերի հայեցակարգի ընդունումը պետք է դիտարկել մարզերի համաչափ զարգացման համատեքստում, քանի որ սա կառավարության հայտարարած մի շարք գերակայությունների մեջ կարեւորներից մեկն է: Նկատենք, որ որոշակի առումով նման ծրագրերի իրականացման փորձ արդեն իսկ ունենք: Խոսքը Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում Միացյալ Թագավորության Հյուսիսային Իռլանդիայի զարգացման նախարարության օժանդակությամբ իրականացված ծրագրերի մասին է: Այդ համատեքստում որոշակի դրամաշնորհային գումարների հաշվին իրականացվեց ներդրումային որոշակի փուլ, ինչը մարզերի զարգացման առումով, գործնականում ցույց տվեց դրանց արդյունավետությունն ու նպատակահարմարությունը: Դրա հիման վրա էլ նախաձեռնեցինք նոր հայեցակարգը, ինչը հնարավորություն կտա մնացած ութ մարզերի համար եւս մշակել զարգացման ծրագրեր եւ դրանք համադրել: Առաջինը, անշուշտ, մարզերի կայուն զարգացման ապահովումն է, հատկապես այն ուղղություններով, որոնք մարզերի համար համարվում են, մի կողմից, գերակա եւ հեռանկարային, իսկ մյուս կողմից, նույն մեթոդաբանական հենքի վրա կառուցված ծրագրերը հնարավորություն կտան իրականացնելու քայլեր` ծրագրելով դրանք տեսանելի ապագայում, որպեսզի մեղմվեն մարզերի միջեւ առկա անհամաչափությունները: Այսինքն, առաջինը հնարավորություն կտան համալիր ուսումնասիրել մարզերի իրավիճակը եւ այդ իրավիճակները համեմատել, եւ երկրորդը` նախանշել այն հեռանկարային եւ ռազմավարական ուղղությունները, որոնք թույլ կտան մարզերում ավելի արագ արդյունքների հասնել ու, բնականաբար, այդ տարբերություները մեղմելուն ուղղված քայլեր ձեռնարկել: Ուզում եմ հատկապես շեշտել, որ մարզային զարագացման ծրագրերն իրենց տրամաբանությամբ կարող են կառավարության համար լուրջ գործիք հանդիսանալ ռեսուրսների բաշխումը որոշակի տրամաբանությամբ, այսինքն, տարածքային տրամաբանությամբ իրականացնելու համար: Այս հայեցակարգը մանրամասն քննարկվել է կառավարության տարբեր կառուցվածքերում, մասնավորապես, մի քանի անգամ լուրջ քննարկումներ են եղել նախարարական կոմիտեում` նախարարների մասնակցությամբ: Ավելին, վարչապետն անձամբ է հետքրքրված այս մոտեցումով եւ քանիցս քննարկումներ է կազմակերպել իր մոտ: Հանձնարարվել է, որ հայեցակարգը քննարկվի գիտական շրջանակներում: Ծրագրերը նաեւ ներկայացվել են տնտեսագիտական ինստիտուտներ, փորձել ենք հայեցակարգում ընդգրկել ժամանակակից կառավարման եւ գիտական բոլոր մոտեցումները: Ի դեպ, այս հայեցակարգը էական առանձնահատկություն ունի մինչեւ այժմ մշակված ծրագրային փաթեթներից: Նախատեսվում է մարզային զարգացման ծրագրերի մշակման հենց առաջին քայլից բնակչության տարբեր շերտերի, համայնքների, հասարակական կազմակերպությունների ներգրավվածություն: Այսինքն, սա մի հայեցակարգ է, որը մեր պատկերացմամբ թույլ է տալիս եւ հնարավոր է դարձնում, մի կողմից, վերեւից եկող պատկերացումները, իսկ մյուս կողմից էլ ներքեւից եկող նախաձեռնություններն ինչ որ հարթության վրա ներդաշնակեցնել եւ ունենալ համաձայնեցված զարգացման ծրագիր, ինչն ընդունելի եւ նպատակահարմար կհամարվի կառավարման վերին մակարդակների համար եւ, բնականաբար, ընկալելի կլինի բնակչության կամ համայնքների հասարակական այն կազմակերպությունների համար, ում ուղղված է այս ծրագիրը:

-Այժմ խոսենք այդ ծրագրերի մշակման մասին: Եթե չեմ սխալվում, ենթադրվում է եռակողմ` տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, ինչպես նաեւ տեղական ՀԿ-ների համատեղ աշխատանք, ընդ որում, ինչպես մշակման, այնպես էլ իրականացման փուլում: Հաշվի առնելով, որ ըստ էության այս կողմերից յուրաքանչյուրն իր մոտեցումներն է պնդելու ծրագրում ամրագրելու համար, թերեւս խնդրեմ ներկայացնեք, թե ու՞մ կողմից է իրականացվելու այդ ծրագրերի մասնագիտական վերլուծությունը եւ վերջնարդյունքում ո՞ր մարմինն է հաստատելու այն, որպեսզի խուսափենք կամայականություններից:

-Վերջնական ծրագրերը կհաստատվեն կառավարության կողմից: Ինչ վերաբերում է ծրագրերի կազմման մասնագիտական մասնակցությանը, ապա այն նախատեսված է հենց առաջին իսկ քայլից: Ստեղծվում են ոլորտային աշխատանքային խմբեր, որտեղ ներգրավվում են մարզպետարանների համապատասխան ստորաբաժանումների մասնագետները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ՀԿ-ներ եւ այլն: Այնտեղ ներգրավված են համայնքներ եւ, անպայման, նաեւ ոլորտային նախարարությունների մասնագետներ: Ի սկզբանե աշխատանքները, պայմանականորեն ասած, գտնվում են վերեւի ու ներքեւի համատեղ ներդաշնակ համագործակցության շրջանակներում: Պատրաստի ծրագրերը քննարկվում են մարզային զարգացման խորհրդի նիստում, հաստատվում մարզխորհրդի նիստում, այնուհետեւ մարզպետի կողմից ներկայացվում են մեր` տարածքային կառավարման նախարարություն: Նախարարությունն էլ իր կողմից, վերլուծությունից բացի, սահմանված ընթացակարգի համաձայն, ծրագրերը մանրամասն ներկայացնում է նախարարություններին, պետական կառավարման մարմիններին եւ միայն դրանից հետո համաձայնեցված տարբերակը ներկայացվում է կառավարության քննարկմանն ու հաստատմանը: Նշեմ, որ զարգացման ծրագրերի համար հիմնարար եւ բազային փաստաթղթեր են հանդիսանալու ազգային ծրագրերը, նախարարությունների ոլորտային գերակայությունները, այսինքն դոմինանտ են լինելու կառավարության եւ ազգային մակարդակով ընդունված ծրագրերը: Բայց մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ ունենք տեղական ռեսուրսների, նախաձեռնությունների կենտրոնացման կարիք ու, բացի այդ, գտնում եմ, որ կառավարությունը շատ ճիշտ շեշտադրում է արել նաեւ մասնավոր հատվածի ակտիվությունը բարձրացնելու հարցում: Շատ հաճախ տեսնում ենք, որ մասնավոր հատվածի` տեղական ռեսուրսների շրջանակում, որոշակի նախաձեռնությունները ստիպված են լինում կարգավորել պետական մեքենայի հետ, համաձայնեցնել տարբեր բաներ, ընդ որում, շատ դեպքերում դրանք համաձայնեցված չեն լինում մեր իսկ կողմից իրականացված քաղաքականության հետ: Այսպիսով, մարզային զարգացման ծրագիրը կհայտարարի այն գերակա ուղղությունները, որոնք կան մարզում, դրանով իսկ հստակեցնելով նաեւ կառավարության դիրքորոշումը դրանց նկատմամբ ու կնախատեսի կոնկրետ միջոցառումներ, որոնք կամ իրականացվելու են, կամ ցանկալի կլինի իրականացնել, որպեսզի ապահովվի մարզի կայուն զարգացումը: Այս պարագայում ցանկացած ներդրող, ծանոթանալով մարզի զարգացման ծրագրին, հաստատ կգտնի իր տեղն ու վստահ կլինի, որ այդ շրջանակներում ինքը կվայելի կառավարության եւ պատկան մարմինների օժանդակությունը, եւ որ իր ճիգերն ու ջանքերը համահունչ կլինեն այդ ծրագրերին` ունենալով ավելի արագ իրականացման հնարավորություն:

-Պարոն Տերտերյան, չշրջանցենք նաեւ մարզերի զարգացման ծրագրերի ֆինանսավորման հարցը: Ակնհայտ է, որ դա քիչ գումարներ չի պահանջելու: Իսկ ի՞նչ միջոցների հաշվին է ապահովվելու այն:

-Իհարկե, ծրագրերի ամբողջական իրականացման համար անհրաժեշտ կլինեն մեծ միջոցներ: Բայց պետք է այս հարցերին նայել այլ տեսանկյունից: Այս ծրագրերի իրականացման հիմնական նպատակը ոչ թե միջոցների ներգրավումն է, այլ եղած ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, այսինքն, առկա հնարավորություններն այնպես տեղաբաշխել, որպեսզի արդյունքում ունենանք մարզերի համաչափ զարգացում կամ, այլ կերպ ասած, մարզերի զարգացման մեջ անհամաչափությունների մեղմում: Սա, թերեւս, կարեւորագյուն խնդիրներից մեկն է: Հաջորդն այն է, որ այնուամենայնիվ կառավարության կողմից արդեն իսկ հաստատված ծրագրերի առկայութունը հնարավություն կտա ավելի մեծ մասնավոր միջոցներ ներգրավել այն ոլորտների զարգացման ուղղությամբ, որոնք նախտեսված են մարզային զարգացման ծրագրերում: Չենք բացառում նաեւ միջազգային որոշակի ֆինանսական օժանդակությունը, քանզի արդեն իսկ ունենք ծարգրերի վերաբերյալ դրական արձագանքներ Եվրահանձնաժողովից եւ, առաջ ընկնելով ասեմ, որ նաեւ որոշակի քայլեր ենք ձեռնարկել` հուսալով, որ այնուամենայնիվ կհաջողվի որոշակի խոշոր ռեսուրսներ ներգրավել մարզերի համաչափ զարգացումն ապահովելու համար: Փաստենք, որ մարզային զարգացման հայեցակարգերի եւ ծրագրերի նկատմամբ համենայնդեպս առաջին դրական արձագանքներն արդեն կա այս կառույցի կողմից եւ հուսով եմ, որ բովանդակային առումով մեր նախարարությանը կհաջողվի խնդիրը հասու դարձնել նրանց եւ միջոցներ ներգրավել: Սա, իհարկե, մեկ ուղղղությունն է, կան մի քանիսը, որոնց ուղղությամբ աշխատում ենք եւ երբ հաջողություններ ունենանք, անպայման հասարակությանը կտեղեկացնենք:

-Մեկ հարց եւս ճշտենք, պարոն Տերտերյան: Իսկ ի՞նչ հաճախականությամբ է նախատեսվում վերանայել Մարզային զարգացման ծրագրերի թիրխներն ու ցուցանիշները:

-Ընդհանուր առմամբ, մարզային զարգացման ծրագրերը կազմվում են եռամյա կտրվածքով, բայց այս ծրագրերն ունեն երկու կարեւոր բաղադրիչ եւս: Առաջինը դա մոնիտորինգի համակարգն է: Այս ծրագրերը կգտնվեն անընդհատ մոնիտորինգի տակ, ինչը հնարավորություն կտա հետեւել ոչ միայն ծրագրերի իրականացման ընթացքին, այլեւ իրավիճակին: Այսինքն, եթե պարզվի, որ որեւէ խոշոր ներդրման կառուցվածքային առումով իրավիճակ է փոխվել եւ մեր ծրագիրը հեռանում է ակտուալությունից, ապա այդ պահից սկսած` ցուցանիշների կտրուկ կամ անսպասելի փոփոխությունից ելնելով, անհապաղ կվերանայենք ծրագիրը եւ կհարմարեցնենք այդ իրավիճակին: Ունենք նաեւ երկրորդ բաղադրիչը, այն է ամբողջ մարզի համար միասնական տեղեկատվական բազայի ստեղծումը, ինչն իրականում կհանդիսանա հզոր գործիք` մոնիտորիգի իրականացման եւ իրավիճակի անընդհատ վերահսկման առումով:

Արթուր Գեւորգյան
"Իրավունքը de facto"

← Վերադառնալ ցուցակին