Նորություններ

Այցեր և ելույթներ

ՏԿԱԻ նախարարը մասնակցել է Սյունիքի ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը

00:00 / 01.04.2015

Ապրիլի 1-ին Սյունիքի մարզում երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ մասնակցել է Սյունիքի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը: Նախարարին ողջունելու էին եկել Պատանի երկրապահների ակումբի ներկայացուցիչները և Կապանի բնակիչները: Նախարար Երիցյանը զրուցեց բացմանը ներկա Կապանի բնակիչների հետ, հետաքրքրվեց նրանց հուզող խնդիրներով և հարցերով:

ՏԿԱԻ նախարարը ծանոթացավ Սյունիքի ՃԿԿ-ի աշխատակազմի հետ՝ նշելով, որ այն գոնե 70%-ով պետք է բաղկացած լինի բարձրագույն կրթություն ունեցող և առնվազն 3 լեզվի տիրապետող կանանցից, իսկ տղամարդկանց ներուժը հարկավոր է օգտագործել փրկարարական աշխատանքների իրականացման ոլորտում:

ՏԿԱԻՆ ՃԿԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը նախարարին ներկայացրեց մարզային ՃԿԿ-ի տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները: Ցանկացած ինքնաթիռի մուտքը մարզ միանգամից գրանցվում է ՃԿԿ-ի մոնիթորներին, կենտրոնի օդերևութաբանական համակարգը թույլ է տալիս կանխատեսել մարզի եղանակային պայմանները 10-օրյա ժամանակահատվածի համար: ՃԿԿ-ում հստակ գրանցվում է սեյսմիկ ակտիվությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև հարևան պետությունների տարածքներում:

Կենտրոնում գործում է GPS համակարգ, որի միջոցով մոնիթորների վրա հստակ երևում է, թե որտեղ է գտնվում շտապօգնության կամ փրկարարական մեքենան, ինչը թույլ է տալիս անձնակազմին ճիշտ կողմնորոշել, թե որ ուղղությամբ իրենք պետք է շարժվեն:

ՃԿԿ-ի աշխատանքային օպերատիվությունը ստուգելու նպատակով նախարար Երիցյանը տեղում անձամբ կապ հաստատեց Լոռու մարզի և Երևանի փրկարարական վարչությունների հետ, վերջիններս զեկուցեցին նախարարին օպերատիվ իրավիճակը: ՏԿԱԻ նախարարի հանձնարարականով՝ ամեն օր առավոտյան 8:30-ի դրությամբ ՃԿԿ-ից մարզային օպերատիվ տվյալները զեկուցվելու են Սյունիքի մարզպետին և Կապանի քաղաքապետին:

Ընդհանուր դրական գնահատելով Սյունիքի ՃԿԿ-ի կառուցման աշխատանքները՝ նախարար Երիցյանը հանձնարարեց շենքի առաջին հարկում հարմարություններ ստեղծել հաշմանդամների աշխատանքի համար:

Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի տեխնիկական հագեցումն իրականացվել է ՄԱԶԾ աջակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին