Նորություններ

Այցեր և ելույթներ

ՏԿԱԻ նախարարը մասնակցել է Սյունիքի մարզխորհրդի նիստին

00:00 / 01.04.2015

ՏԿԱԻ նախարարն ամփոփեց իր երկօրյա այցը Սյունիքի մարզ՝ մասնակցելով մարզխորհրդի նիստին: Նիստին ներկա էին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, համայնքների ղեկավարներ:

Մարզպետը ներկայացրեց մարզում իրականացված գյուղատնտեսական, առողջապահական, արդյունաբերական, սոցիալ-տնտեսական, մշակութային ոլորտների աշխատանքները: Նշելով, որ թվարկված ոլորտներում մարզում զգալի առաջընթաց է նկատվում՝ Ս. Խաչատրյանն ավելացրեց, որ գրեթե բոլոր համայնքներում նույն հիմնախնդիրներն են՝ ոռոգման և խմելու ջրի խնդիրը, ճանապարհների բարեկարգման հարցը և աշխատատեղերի ստեղծման խնդիրը: Մարզպետը խնդրեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել մարզի կրթական համակարգին, մասնավորապես՝ դպրոցների վերանորոգման խնդրին: Մարզպետը նկատեց, որ թե´ մարզային, թե´ հանրապետական օլիմպիադաներում բարձր ցուցանիշներ են ապահովում մարզի այն աշակերտները, ովքեր սովորում են բարեկարգված դպրոցներում: Ս. Խաչատրյանը նշեց, որ մարզում գործում են նորագույն տեխնիկայով զինված բժշկական կենտրոններ: Շուտով շահագործման կհանձնվի Մեղրիի բժշկական կենտրոնը: Մարզի առողջապահական համակարգում հիմնական խնդիրը Սիսիանի բժշկական կենտրոնի բարեկարգումն է: Ս. Խաչատրյանի խոսքերով՝ մի շարք համայնքներում նախատեսվում է պահածոների գործարաններ ստեղծել, ինչը զգալիորեն կթոթափի գործազրկության խնդիրը:

Ամփոփելով Սյունիքի շուրջ 10 համայնքներ կատարած իր այցերն ու բնակիչների հետ ունեցած զրույցները՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը համայնքապետերի աշխատանքն ընդհանուր առմամբ դրական գնահատեց և նշեց, որ իր աշխատելաոճին համաձայն՝ դեռ շատ կայցելի Սյունիքի մարզ և կլինի բոլոր համայնքներում: «Անելիքներ դեռ շատ կան: Համայնքների խոշորացման ծրագիրը շատ կարևոր է հատկապես Սյունիքի մարզի համար, քանի որ այստեղ համայնքների քանակը և բնակչության քանակը համաչափ բաշխված չէ: Համայնքների խոշորացման ծրագիրը չի ենթադրում, որ այդ բնակավայրերում կվերանան մանկապարտեզները, դպրոցները և այլ ենթակառուցվածքներ, հակառակը՝ մի համայնքի բնակիչները կկարողանան օգտվել մեկ այլ համայնքում առկա ենթակառուցվածքից: Օրինակ՝ մի գյուղի բնակիչները կարող են օգտվել համայնքի մյուս գյուղերում գործող երաժշտական դպրոցից կամ սպորտային կենտրոնից: Համայնքերի միջև կապը կապահովվի միջհամայնքային տրանսպորտի միջոցով»,-նշեց Ա. Երիցյանը:

Ներկայացնելով համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը, որը կգործարկվի նաև Սյունիքում՝ նախարար Երիցյանը շեշտեց, որ հաջողություն չունենալու դեպքում ծրագիրը չի մեկնարկի: Պատասխանելով համայնքապետերի հարցերին՝ նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ տեղեկանքների և այլ փաստաթղթերի ստացման համար գյուղացին ստիպված չի լինելու երկար ճանապարհ կտրել: « Համայնքների խոշորացման ծրագրի իրականացման գործընթացում հենվում ենք միջազգային փորձի վրա: Այսօր մենք ունենք 866 գյուղական համայնք, որոնցում արված ներդրումները բավարար արդյունքներ չեն տալիս: Խոշորացման ծրագիրը թույլ կտա ոչ միայն առավել արդյունավետ օգտագործել համայնքներում արված ներդրումները, այլև՝ առավել արդյունավետ վերահսկել դրանք: Համայնքապետերի հետ իմ զրույցների արդյունքում կարող եմ ասել, որ նրանցից շատերը ոչ միայն կողմ են խոշորացման ծրագրին, այլև նշում են, որ նման ծրագրի կարիքը վաղուց էր զգացվում»,-ասաց Ա. Երիցյանը:

Անդրադառնալով մայիսի 17-ին կայանալիք համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ տեղական հանրաքվեին՝ նախարար Երիցյանը նշեց, որ համաձայն ՀՀ սահմանադրության՝ համայնքների խոշորացման ծրագիրը կարող էր իրականացվել առանց հանրաքվեի, սակայն հանրաքվեի անցկացումը ՀՀ նախագահի հատուկ հանձնարարականն էր, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան ինքնուրույն որոշել, ուզում են տվյալ ծրագրի իրականացումը, թե՝ ոչ:

Ամփոփելով մարզխորհրդի նիստը՝ նախարար Երիցյանը համայնքապետերին հանձնարարեց բարձրաձայնած խնդիրների լուծման վերաբերյալ նախնական ծրագիր ներկայացնել, որը կծառայի որպես յուրօրինակ ուղեցույց առկա հարցերի լուծման գործընթացում: «Վստահ եմ, որ համատեղ աշխատանքով մեծ արդյունքների կհասնենք»,-եզրափակեց Ա. Երիցյանը:

Նշենք, որ նախարար Երիցյանն այցելեց նաև ՀՀ Ազգային արխիվի Սյունիքի մասնաճյուղը, ծանոթացավ աշխատանքային գործընթացին: Մասնաճյուղի տնօրեն Արշալույս Փափազյանը նախարարին ներկայացրեց առկա խնդիրները:

← Վերադառնալ ցուցակին