Նորություններ

Այցեր և ելույթներ

ՀՀ վարչապետն ու ՏԿԱԻ նախարարն այցելել են Թեղուտ համայնք

00:00 / 03.04.2015

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն ապրիլի 3-ին Տավուշի մարզում մասնակցեցին Թեղուտ համայնքի նորակառույց մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: Մանկապարտեզի բացմանը ներկա էին նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Թեղուտի համայնքապետ Արարատ Թամրազյանը, Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Հենրի Քերալին, ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:

Նորակառույց մանկապարտեզը, որն առաջինն է գյուղի պատմության ընթացքում, շուրջ 60 երեխա ընդունելու հնարավորություն ունի: Այն կառուցվել է ՀԲ-ի ֆինանսավորմամբ և Հայաստանի սոցիալական ներդրումների հինադրամի աջակցությամբ: Մանկապարտեզի կառուցմանն իրենց մասնակցությունն են ունեցել նաև ամերիկաբնակ հայ բարերարներ Հովսեփ և Նադիա Սարաֆյանները:

Թեղուտի համայնքապետ Արարատ Թամրազյանն իր երախտիքի խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին, ՀԲ ներկայացուցիչներին, նշելով, որ մանկապարտեզի կառուցումը մեծ իրադարձություն է համայնքի համար։ «Մանկապարտեզի կառուցումը ՀՀ կառավարության կողմից երիտասարդ սերնդի նկատմամբ ցուցաբերած մեծ աջակցության դրսևորման արդյունքն է», - ասաց նա:

ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Հենրի Քերալին շնորհակալություն հայտնեց այսպիսի կարևոր իրադարձությանը հրավիրելու համար, ընդգծելով, որ մանկապարտեզի կառուցումը ապացույցն է ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև ձևավորված սերտ համագործակցության: «Մարդկության զարգացման տեսանկյունից շատ կարևոր է մատաղ սերնդի նկատմամբ դրսևորած մեծ ուշադրությունը, և ուրախալի է, որ ՀՀ կառավարությունը ստանձնել է այս պատասխանատու գործը: Ակնկալում եմ, որ ՏԿԱԻ նախարարության և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հետ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ: Մենք շարունակելու ենք օգնություն ցուցաբերել Հայաստանին, մասնավորապես` համայնքների բնակիչներին: Հուսով ենք, որ այս մանկապարտեզի սաների մեծ մասն ապագայում կսովորեն լավագույն համալսարաններում»,-նշեց ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ ծանոթացան նորակառույց մանկապարտեզի հնարավորություններին, շրջեցին խաղասենյակներով, ննջասենյակներով:
Մանկապարտեզի տնօրեն Աննա Քոչարյանը վարչապետին և նախարարին ներկայացրեց մանկապարտեզում առկա, կիսատ մնացած աշխատանքները, մասնավորապես, բարձրացրեց մանկապարտեզի՝ խոհանոցային գույքով, ապովման հարցը: Վարչապետը նշեց, որ կառավարության միջոցներով մանկապարտեզը կապահովվի անհրաժեշտ գույքով:

Այցի ընթացքում ՀՀ վարչապետը և ՏԿԱԻ նախարարը զրուցեցին Թեղուտի բնակիչների հետ, ծանոթացան համայնքի առաջնահերթ խնդիրներին, պատասխանեցին նրանց հուզող հարցերին:

← Վերադառնալ ցուցակին