Նորություններ

Այցեր և ելույթներ

ՏԿԱԻ նախարարը Լոռու մարզում է

00:00 / 07.04.2015

Ապրիլի 7-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը, Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանի ուղեկցությամբ, այցելել է համայնքների խոշորացման պիլոտային ծրագրում ներառված Լոռու մարզի 7 համայնքներ:

Աթան, Շամուտ, Լորուտ և Ահնիձոր համայնքներում ՏԿԱԻ նախարարը հանդիպել է համայնքների բնակիչներին և ներկայացրել համայնքների խոշորացման ծրագիրը: Ըստ նախարարի` յուրաքանչյուր համայնք կունենա իր ներկայացուցիչը, որն օժտված կլինի գյուղապետի լիազորություններով: Համայնքի ներկայացուցիչն իրավասու կլինի լուծել համայնքի բնակչի ցանկացած փաստաթղթային հարց, որի համար գյուղացին նախկինում ստիպված էր հասնել մարզկենտրոն: Ա. Երիցյանը նաև նշեց, որ համայնքների խոշորացումը շահեկան կլինի նաև տեղերում օտարերկրյա ներդրումները խթանելու, դրանց արդյունավետությունը բարձրացնելու և միջոցների նկատմամբ վերահսկողությունը մեծացնելու առումով:

Շամուտ համայնքում մսամթերման և կաթնամթերման հետ կապված գյուղացիների հարցերին ի պատասխան` նախարարը նշել է, որ շատ հավանական է խնդրի լուծման համար ստեղծվի միջհամայնքային մթերման կայան։

Անդրադառնալավ բնակիչներին անհանգստացնող հնարավոր կրճատումների խնդրին, Ա. Երիցյանը հավաստիացրել է, որ ոչ թե հաստիքների կրճատում կլինի, այլ աշխատանքային ռեսուրսի ավելի արդյունավետ տեղաբաշխում։

Նախարարի խոսքով` համայնքների խոշորացման ծրագիրը միտված է բարելավելու գյուղացիների սոցիալ-տնտեսական վիճակն ու կենսապայմանները: Ա. Երիցյանը նշեց, որ համայնքներում գործող կրթական, մշակութային հաստատություններից և ոչ մեկը չի լուծարվի, ինչպես նաև կլուծվեն համայնքներում առկա ամենահրատապ խնդիրները:

- Ես իմ պարտքը համարեցի անձամբ գալ և ծանոթանալ առկա խնդիրներին և իմ գործելաոճի համաձայն ավելի հաճախ եմ այցելելու համայնքներ` տեղում ուսումնասիրելու ձեր խնդիրները,- ասաց նախարարը,- ինձանից բացի համայնքներ ավելի հաճախ կայցելեն նաև նախարարության ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ:

Անդրադառնալով մայիսին անցկացվելիք համայնքների խոշորացման վերաբերյալ տեղական հանրաքվեին` նախարար Երիցյանը նշեց, որ համայնքների բնակիչներն իրենք պետք է որոշեն համաձայն են արդյոք ծրագրի իրագործմանը, թե՞ ոչ: Նախարարն ընդգծեց, որ հանրաքվեի անցկացումը ՀՀ նախագահի նախաձեռնությունն է, թեև ՀՀ Սահմանադրության համաձայն` ծրագիրը կարող էր իրականացվել նաև առանց հանրաքվեի:

Գյուղացիներին հետաքրքրում էր, թե որն է լինելու խոշորացված համայնքի կենտրոնը, ինչին ի պատասխան նախարարն ասաց, որ կենտրոն պետք է ընտրվի այն համայնքը, որը հավասար հեռավորության վրա կգտնվի մնացած բոլոր համայնքներից: Բնակիչներին հուզող խնդիրներից էին հիմնականում խմելու և ոռոգման ջրի ապահովման հարցը, ճանապարհների վիճակն ու աշխատատեղերի ստեղծումը:

Խոսելով համայնքների խոշորացման ծրագրի մասին` համայնքների գյուղապետերը նշում են, որ ի սկզբանե գյուղացիները դրական էին տրամադրված ծրագրին, իսկ ՏԿԱԻ նախարարի բացատրական զրույցից հետո նաև վստահ են, որ ծրագիրը հաջողություն կունենա։

← Վերադառնալ ցուցակին