Նորություններ

Այցեր և ելույթներ

ՀՀ ՏԿԱԻ նախարարը հանդիպել է Լոռու մարզի բնակիչների հետ

00:00 / 07.04.2015

Գյուղացիները պատրաստ են համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի գործարկմանը

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի գործարկման շրջանակներում շարունակվում է ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի աշխատանքային այցը Լոռու մարզի 7 համայնքներ: Նախարարն այցելել է նաև Մարց, Քարինջ համայնքներն ու Թումանյան քաղաքը, վերջինս էլ լինելու է խոշորացված համայնքների կենտրոնը:

Նախարարը զրուցեց համայնքների բնակիչների հետ, ծանոթացավ համայնքներում առկա խնդիրներին, ինչպես նաև` բնակիչներին ներկայացրեց համայնքների խոշորացման ծրագիրն ու դրա առավելությունները: Նախարար Երիցյանը նշեց, որ համայնքների խոշորացման ծրագրի իրականացման հարցում կառավարությունը հենվում է Գերմանիայի և Արևելյան Եվրոպայի փորձի վրա: Այս ծրագիրը ոչ միայն համաչափ զարգանալու հնարավորություն կտա համայնքներին, այլև` թույլ կտա էլ ավելի շատ միջազգային ներդրումներ անել համայնքներում և արդյունավետ վերահսկել դրանց օգտագործումը:

Պատասխանելով գյուղացիներին հուզող հարցերին` նախարարը նշեց, որ համայնքի կենտրոնում լինելու են նոտարական և քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակներ: Գյուղացին որևէ փաստաթուղթ կամ տեղեկանք ստանալիս խնդիրներ չի ունենալու: Հարցին, թե ինչու հենց Թումանյանը պետք է լինի փնջի կենտրոն` նախարար Երիցյանը պարզաբանեց, որ Թումանյանն իր աշխարհագրական դիրքով գրեթե հավասարահեռ է մյուս բոլոր համայնքներից, և այստեղ է ամենաշատ ազգաբնակչությունը: Նախարարը հավաստիացրեց գյուղացիներին, որ ներդրումների օգտագործման ժամանակ իրենց առաջարկությունները պարտադիր հաշվի կառնվեն և միջոցները կուղղվեն համայնքների առաջնային խնդիրների լուծմանը:

Թումանյանի քաղաքապետ Լևոն Զավարյանի խոսքով` Լոռու մարզի պիլոտային ծրագրում ընդգրկված մյուս համայնքների համեմատ Թումանյանի խնդիրներն ավելի քիչ են, սակայն քաղաքի բնակիչներն, այնուամենայնիվ, վստահություն ունեն կառավարության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ, քանի որ համայնքների հավասարաչափ զարգացումն այսօր իսկապես պահանջված է:

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրում ընդգրկված գյուղերի ղեկավարները նշեցին, որ բնակչությունը ծրագրի հետ կապված իրազեկման որոշակի խնդիրներ ուներ, սակայն ՏԿԱԻ նախարարի հետ հանդիպումից հետո գյուղացիները դրական են գնահատում ծրագիրը և պատրաստ են դրա պիլոտային տարբերակի գործարկմանը:

← Վերադառնալ ցուցակին