Նորություններ

Այցեր և ելույթներ

Շարունակվում է Արմեն Երիցյանի այցը Տավուշի մարզ

21:48 / 08.04.2015

 Շարունակվում են ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի այցելությունները Տավուշի մարզի՝ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի Դիլիջանի փնջում ներառված համայնքներ: Նշենք, որ Հովք, Հաղարծին, Թեղուտ և Գոշ համայնքներում բնակիչներին խոշորացման ծրագրի էությունը ներկայացնելուց հետո Արեմն Երիցյանը հանդիպեց նաև Խաչարձան և Աղավնավանք գյուղերի բնակիչներին:

Նախարար Երիցյանը ևս մեկ անգամ բնակչությանը իրազեկեց, որ համայնքների խոշորացման ծրագրի իրականացման հարցում կառավարությունը հենվում է Գերմանիայի և Արևելյան Եվրոպայի փորձի վրա: Նախարարի խոսքով խոշորացման ծրագիրը մեծապես կնպաստի համայնքների համաչափ զարգացմանը, ինչպես նաև թույլ կտա էլ ավելի շատ միջազգային ներդրումներ ապահովել համայնքներում, իսկ դրանց վերահսկողությունը դարձնել ավելի արդյունավետ: Նախարարը հավաստեց, որ խոշորացման ծրագրի իրականացումից հետո համայնքների բոլոր ենթակառուցվածքները կօգտագործվեն փնջում ներառված համայնքների բնակիչների կողմից հավասարապես: <<Ես արաբական հինգ պետությունների և ՀՀ-ի միջև միջկառավարական հանձնաժողովի համանախագահն եմ: Հանդիպել եմ շատ միջազգային կազմակերպությունների, այդ թվում արաբական երկրների ղեկավար շրջանակների հետ: Նրանք բոլորը պատրաստակամ են ՀՀ-ում ներդրումներ կատարել, սակայն պահանջում են, որպեսզի խոշորացնենք համայնքները՝ նշելով, որ 915 համայնքը Հայաստանի նման փոքր պետության համար բավական մեծ թիվ է և դժվարեցնում է ներդրումները վերահսկելու գործընթացը», - տեղեկացրեց Ա. Երիցյանը:

Բնակիչների հետ զրույցի ընթացքում նախարարը ծանոթացավ նաև համայնքներում առկա խնդիրներին: Խաչարձան գյուղի բնակիչներին հետաքրքրում էր, թե հնարավոր է այս ծրագիրը հաջողություն չգրանցի, ինչպես որ եղել է ԽՍՀՄ շրջանում իրականացված նմանատիպ ծրագրերի դեպքում: Հարցին ի պատասխան Ա. Երիցյանը նշեց, որ ներկա ծրագիրը արմատապես տարբերվում է խորհրդային շրջանում իրականացվող նախագծերից, քանի որ եթե այն ժամանակ գյուղերում փոփոխությունները կատարվում էին կառավարության պահանջով, առանց տվյալ բնակավայրին բնորոշ խնդիրները հաշվի առնելու, ապա այժմ գյուղացին ինքն է առաջարկներ ներկայացնելու: <<Ես չեմ խոսոտանում, որ բոլոր խնդիրները միանգամից լուծում կստանան: Նախևառաջ յուրաքանչյուր համայնքի համար կառանձնացվեն առաջնային երեք խնդիրները, իսկ ներդրված միջոցները կուղղվեն հենց այդ խնդիրների լուծմանը>>, - նշեց նախարար Ա. Երիցյանը:
Ինչպես Խաչարձանում, այնպես էլ Աղավնավանք համայնքում բնակիչները բարձրացրին կաթի և մսի մթերման կետերի ստեղծման հարցը: Աղավնավանքում մեկ այլ խնդիր կապված էր չսպառվող մրգատեսակների իրացման հետ: Համայնքի բնակիչները նախարարին առաջարկեցին համայնքում ստեղծել չորացվող մրգերի մշակման կետ և տեղական արտադրանքը արտահանել: Բարձրացված այս հարցերի կապակցությամբ Ա. Երիցյանը նշեց, որ եթե այս խնդիրները գյուղի համար առաջնային են, ապա ծրագրի իրականացման դեպքում դրանք անխտիր հաշվի կառնվեն:
ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի վերջին կանգառը Դիլիջան քաղաքն էր: Դիլիջանի քաղաքապետարանում նախարարը հանդիպեց համայնքի բնակիչներին և ներկայացրեց համայնքների խոշորացման ծրագիրը: Հանդիպմանը ներկա էին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Դիլիջանի զինկոմ Հովհաննես Հակոբյանը, ՀՋԿ Դիլիջանի տեղամասի ղեկավար Վարդան Մնացականյանը, ավագանու անդամները, սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետը, համայնքային ենթակայության կազմակերպությունների տնօրենները և այլոք: Հանդիպման ավարտին նախարարն առանձնազրույց ունեցավ նաև խոշորացվող համայնքների ղեկավարների հետ, քննարկելով առաջիկա ծրագրերը:
Ապրիլի 9-ին նախատեսվում է, որ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը կհանդիպի մարզի ղեկավար անձնակազմի և սահմանամերձ գյուղերի ղեկավարների հետ: Քննարկվելու են սահմանամերձ գյուղերի ջրամատակարարման և քաղպաշտպանության հարցերը: Հանդիպումից հետո նախարարը այցելելու է սահմանամերձ գյուղեր՝ իրավիճակը տեղում ուսումնասիրելու համար:

← Վերադառնալ ցուցակին