Նորություններ

Այցեր և ելույթներ

Կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի օծման արարողությունը

15:18 / 11.04.2015

Ապրիլի 11-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեցին Մասիս քաղաքի սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղադրված խաչքարի հանդիսավոր օծման արարողությանը, որն իրականացվեց Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ, գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի ձեռամբ: Խաչքարը նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Այն կանգնեցվել է եկեղեցու բարերար, մոսկվայաբնակ հայ գործարար Գագիկ Ադիբեկյանի հովանավորությամբ: Միջոցառումներն իրականացվում են «Հիշում ենք, շնորհակալ ենք, հավատում ենք ապագային» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Մասիսի քաղաքապետ Սաշա Հակոբյանը:

Օծման արարողությունից հետո բացման խոսքով հանդես եկավ «Adibekyan Family Foundation for Advancement» (AFFA) բարեգործական հիմնադրամի նախագահ, գործարար Գագիկ Ադիբեկյանը: Նրա խոսքով՝ նման միջոցառումներն ապացույցն են առ այն, որ հայ ժողովուրդը հիշում և հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Մենք ցանկանում ենք կրթել և դաստիարակել մի սերունդ, որը կլինի հայրենաճանաչ և պահանջատեր: Ծրագրի 2-րդ մասի համաձայն, խաչքարի տեղադրումից հետո նախատեսվում է Մասիսի Կենտրոնական հրապարակում կառուցել Եղեռնի զոհերի հիշատակը խորհրդանշող և հավերժացնող պուրակ, որտեղ տեղադրված կլինեն այն պետությունների խորհրդանիշերը, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը»,- եզրափակեց Գագիկ Ադիբեկյանը:

Խաչքարի օծման արարողությունից հետո ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված քայլերթին:

← Վերադառնալ ցուցակին